Եվրոպայում փայլող առաջատարը ընտրեց շարունակել ճանապարհը Բարսելոնայում
Բարսելոնայի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը շարունակում է փայլել Չեմպիոնների լիգայում՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն մրցաշարում։ 21-ամյա ֆուտբոլիստը խմբային փուլում արդեն ունի 5 գոլ և 2 գոլային փոխանցում՝ լինելով նաև իսպանացի ամենաարդյունավետ խաղացողը մրցաշարում։
Ֆերմինը մասնակցել է իր բոլոր հանդիպումներին մեկնարկային կազմում և կարևոր դեր է խաղացել թիմի եվրոպական հաջողություններում։ Ընդհանուր առմամբ նա այս մրցաշրջանում գրանցել է 20 գոլային մասնակցություն բոլոր մրցաշարերում։
Ֆուտբոլիստի տպավորիչ խաղը չի մնացել աննկատ։ Ըստ Mundo Deportivo-ի հաղորդման՝ Բարսելոնան և Ֆերմինը արդեն ավարտին են հասցրել բանակցությունները և համաձայնության եկել պայմանագիրը երկարաձգել մինչև 2031 թվականը։ Նոր համաձայնագիրը նախատեսում է աշխատավարձի զգալի բարձրացում՝ արտացոլելով խաղացողի աճող դերը թիմում և նրա կարևորությունը երկարաժամկետ նախագծի շրջանակում։
Պայմանագրում պահպանվել է 500 միլիոն եվրո փոխհատուցման կետը, ինչը վկայում է ակումբի լիակատար վստահության մասին Ֆերմինի ներուժի և ապագայի նկատմամբ։ Կատալոնական ակումբը նրան դիտարկում է որպես թիմի առանցքային ֆիգուրներից մեկը առաջիկա տարիներին և կարևոր հենասյուն Հանսի Ֆլիկի ղեկավարած նախագծում։
Չնայած եվրոպական մի շարք գրանդ ակումբների, այդ թվում՝ Չելսիի հետաքրքրությանը, Ֆերմինը որոշել է մնալ Բարսելոնայում և շարունակել իր զարգացումը սեփական ակումբում։ Այս քայլը դիտարկվում է նաև որպես հավատարմության և Լա Մասիայի սան լինելու կարևոր ուղերձ։
Սպասվում է, որ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կկատարվի Կոպենհագենի դեմ Չեմպիոնների լիգայի խաղից հետո, իսկ ստորագրումը և մամուլի ասուլիսը կանցկացվեն հաջորդ շաբաթ։
