ad-banner-1

Լապորտան բացում է Բարսելոնայի խաղաքարտերը․ ի՞նչ նպատակներ ունի թիմը

Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան դարձավ Կատալոնական սպորտի փառատոնի գլխավոր դեմքերից մեկը, որտեղ Ժոան Գարսիան արժանացավ «Premio Proyección 2025» մրցանակին։

Բարսելոնայի դարպասապահին ողջունելուց հետո Լապորտան իր գոհունակությունն արտահայտեց 24-ամյա ֆուտբոլիստի ստացած մրցանակի կապակցությամբ։

«Սա ձեռքբերում է Ժոան Գարսիայի համար և, նաև Բարսելոնայի համար, քանի որ մենք ունենք աշխարհի լավագույն դարպասապահը։ Նա մեծ ներուժ ունեցող խաղացող է, որն արդեն կայացած ֆուտբոլիստ է, և մենք շատ ուրախ ենք նրան մեր ակումբում ունենալու համար», — Լապորտայի խոսքերն է մեջբերում SPORT-ը։

Բարսելոնայի նպատակները

Անհատական հաջողություններից զատ, Լապորտան անդրադարձավ նաև Հանսի Ֆլիկի գլխավորությամբ թիմի առաջիկա նպատակներին։

Բարսելոնան այս մրցաշրջանում արդեն նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը և վերջին հաղթանակից հետո Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ մեկ միավորի առավելությամբ Ռեալ Մադրիդից։

Հաջորդ խոշոր փորձությունը Եվրոպայում է։ Բարսելոնային սպասվում է վճռորոշ հանդիպում Չեմպիոնների լիգայում՝ Կոպենհագենի դեմ, որտեղ համոզիչ հաղթանակը կարող է ապահովել ուղիղ ուղեգիր դեպի 1/8 եզրափակիչ։

«Այս մրցաշրջանի հիմնական նպատակը բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցում ենք, մնալն է մինչև վերջ և հնարավորինս շատ տիտղոսներ նվաճելը։ Հենց այդ պատճառով, Իսպանիայի Սուպերգավաթը հաղթելուց հետո մենք հույս ունենք շարունակել պայքարը Արքայական գավաթում, լավ ելույթներ ունենալ Լա Լիգայում և ուղիղ դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։

Եթե դա չհաջողվի, ապա կանցնենք 1/16 եզրափակիչ և կշարժվենք քայլ առ քայլ։ Նպատակը, հնարավորության դեպքում, նախորդ մրցաշրջանից ավելի լավ արդյունք գրանցելն է, որն ինքնին արդեն պատմական էր», — ասել է Լապորտան։

Թեև Լապորտան խուսափեց հստակ խոստումներից, նա ընդգծեց, որ ակումբի ներսում հավատը շատ ուժեղ է։ Նա ընդունեց բարձր մակարդակի ֆուտբոլին բնորոշ անորոշությունը, սակայն վստահություն հայտնեց ընթացիկ նախագծի նկատմամբ։

«Ես կախարդական փայտիկ չունեմ և չգիտեմ՝ ինչ կլինի, բայց վստահ եմ, որ մինչև վերջ կպայքարենք։ Հույս ունեմ, որ կունենանք նաև այն փոքրիկ բախտը, որը միշտ անհրաժեշտ է, և կկարողանանք, ինչպես արդեն ասել եմ, որևէ մրցաշարում հաղթել։ Իմ ինտուիցիան ասում է, որ մենք հիանալի աշխատանք ենք կատարում և կկարողանանք գերազանցել նախորդ մրցաշրջանի ձեռքբերումները», — եզրափակել է Բարսելոնայի նախագահը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։