Հանսի Ֆլիկը՝ Ռասինգի դեմ հաղթանակի, թիմի մենթալիտետի և դարպասապահի ընտրության մասին
Բարսելոնան Կոպա դել Ռեյի 1/8 եզրափակչում Ռասինգ Սանտանդերի դեմ խաղին մոտեցավ առավելագույն լրջությամբ՝ առանց մրցակցին թերագնահատելու։ Հանսի Ֆլիկը դեռ առաջին րոպեներից դաշտ դուրս բերեց մի շարք հիմնական կազմի ֆուտբոլիստների՝ ընդգծելով թիմի վճռական տրամադրվածությունը։
Կատալոնական ակումբը լավ գիտակցում էր, որ ստորին դիվիզիոնը ներկայացնող թիմերը հաճախ կարող են անակնկալներ մատուցել, և հենց այդ պատճառով խաղի ողջ ընթացքում փորձեց պահպանել վերահսկողությունը։ Ռասինգը, իր հերթին, հանդես եկավ բարձր ինտենսիվությամբ և Բարսելոնայի համար հանդիպումը դարձրեց բարդ ու լարված։
Ֆեռան Տոռեսի և Լամին Յամալի գոլերի շնորհիվ Բարսելոնան 2-0 հաշվով առավելության հասավ։ Հանդիպումից հետո կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատասխանեց լրագրողների հարցերին։
Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր այն, որ պաշտպանությունում խաղից դուրս վիճակի գիծը գործում է նույն կերպ, ինչ նախորդ մրցաշրջանում։
«Դա կարևոր է, դա մեր խաղի մի մասն է։ Այսօր ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք 0-2 հաշվով՝ ընդ որում առանց գոլ բաց թողնելու։ Դա մեզ համար կարևոր է։ Մենք հաջորդ փուլում ենք, այնպես որ ամեն ինչ կարգին է»։
Խոսե՞լ եք արդյոք ֆուտբոլիստների հետ Ռեալի պարտության մասին։ Արդյո՞ք այս խաղին նման լուրջ մոտեցումը պայմանավորված էր երեկ տեղի ունեցածով։
«Դա նորմալ է… Որպես մարզիչ՝ դու միշտ հետևում ես… Մեզ համար այս հանդիպումն ամենակարևորն էր. մենք ցանկանում էինք հաղթել Սուպերգավաթում հաջողությունից հետո։ Նման խաղերը հաղթում են ոչ թե անունների շնորհիվ, այլ տրամադրվածության։ Եվ հենց դա է ինձ դուր գալիս իմ թիմում։ Մենք լուրջ խաղացինք, և դա ինձ համար կարևոր է։ Ճիշտ տրամադրվածություն, ճիշտ գաղափարներ։ Բայց, իհարկե, կարող եմ ասել, որ մրցակիցը նույնպես շատ լավ խաղաց։ Սա լավ թիմ է, ես նրանց ամենայն բարիք եմ մաղթում այս մրցաշրջանում. գուցե մեկ տարի անց մենք նորից հանդիպենք Լա Լիգայում»։
Ձեր կարիերայի որևէ փուլում եղե՞լ է Ֆերմինին նման ֆուտբոլիստ՝ նման էներգիայով, հաղթելու նման ձգտումով։
«Ֆերմինը բացառիկ է, այնպես որ… Ինձ պետք է մի փոքր մտածել, բայց… ոչ։ Ֆերմինը եզակի է։ Դե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ անհատականություն է։ Ինձ դուր է գալիս նրա տրամադրվածությունը, նրա դինամիկան, և, իհարկե, նա կարող է փոխել ցանկացած խաղ իր ստեղծած պահերի շնորհիվ։ Նաև իր դինամիկայի, լավ փոխանցումների և խփած գոլերի շնորհիվ, ինչպես նաև այն բանի համար, որ նա ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում։ Նա լավն է, և դա շատ հրաշալի է մեր թիմի համար»։
Ինչո՞ւ մեկնարկային կազմում դուրս եկավ Գարսիան, այլ ոչ թե Մարկը կամ Տեկը։ Նա այժմ առաջի՞ն դարպասապահն է բոլոր մրցաշարերում։
«Կարծում եմ, որ… Ժոանը խաղաց, որովհետև մենք այդպես որոշեցինք, և ես գտնում եմ, որ դա լավ որոշում էր՝ հաշվի առնելով այսօրվա խաղը։ Կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ խաղերում, Իսպանիայի գավաթի հաջորդ փուլերում։ Մենք դեռ չենք որոշել։ Հնարավոր է՝ նա խաղա ամեն խաղում, բայց կարող են լինել նաև փոփոխություններ։ Դա կախված է նրանից, թե արդյոք նա հասանելի կլինի, թե՞ հոգնած կլինի։ Թիմը կառավարելը հեշտ չէ։ Ես մարզչական շտաբում ունեմ իմ փորձագետները, և նրանք ասում են. «Լավ, գուցե ավելի լավ է նրան հանգիստ տալ»։ Կամ նրանք տեղեկացնում են, որ նրան ավելի քիչ խաղաժամանակ է հարկավոր»։
Ի՞նչը Ձեզ ամենաշատը զարմացրեց Ռասինգի խաղում։
«Այսօր ինձ դուր եկավ, թե ինչպես էին նրանք պաշտպանվում։ Բոլորը ներգրավված էին խաղի մեջ, պաշտպանվում էին ողջ ուժով։ Կարելի է նաև տեսնել… Գուցե մենք թույլ չտվեցինք նրանց դա հեշտությամբ անել, բայց կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք խաղում գնդակով։ Երբեմն դա ուղղահայաց խաղ է, իսկ երբեմն՝ գրոհ դաշտի խորքից։ Նրանց նաև դուր է գալիս բարձր պրեսինգը, և դա հաճելի է տեսնել։ Ես խոսեցի նրանց մարզչի հետ. նա հրաշալի աշխատանք է կատարել»։
