Տեր Շտեգենը կանգնած է բարդ ընտրության առջև
SPORT-ի հաղորդմամբ՝ Բարսելոնայի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի այսօրվա Գավաթի խաղարկության հանդիպմանը մեկնարկային կազմում չհայտնվելը կարող է արագացնել նրա հեռացումը ակումբից։ Գերմանացի դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Ժիրոնան։
33-ամյա տեր Շտեգենը կանգնած է բարդ ընտրության առաջ․ մնալ Բարսելոնայում՝ առանց կայուն խաղաժամանակի և վտանգել իր տեղը Գերմանիայի հավաքականում՝ ԱԱ-2026-ի շեմին, թե՞ վարձակալությամբ հեռանալ՝ խաղային պրակտիկա ստանալու նպատակով։
Աղբյուրը նշում է, որ հինգշաբթին կարող է վճռորոշ լինել դարպասապահի ապագայի համար։ Հանսի Ֆլիկը փաստացի ակնարկել է, որ Ռասինգ Սանտանդերի դեմ հանդիպմանը մեկնարկային դարպասապահը կլինի Ժոան Գարսիան։
Սա հերթական հարվածն է տեր Շտեգենի համար, ով արդեն Իսպանիայի Սուպերգավաթում ամբողջությամբ մնացել էր պահեստայինների նստարանին՝ մրցաշար, որտեղ նա ակնկալում էր խաղում։ Գերմանացին Սուպերգավաթն ու Գավաթը դիտարկում էր որպես փորձաքար՝ հասկանալու, թե արդյոք ընդգրկված է Ֆլիկի ծրագրերում և կարող է մնալ թիմում մինչև մրցաշրջանի ավարտը։
Հաջորդ շաբաթ Բարսելոնան վերադառնում է Չեմպիոնների լիգա՝ Սլավիա Պրահայի դեմ խաղով, սակայն եվրոպական հանդիպումներում ևս Ժոան Գարսիան շարունակում է մնալ անվիճելի առաջին համարը։
Թեպետ տեր Շտեգենը խաղացել էր Գվադալախարայում՝ Գավաթի 1/16 եզրափակչում, այդ մասնակցությունը դիտարկվում է որպես երկարատև վերականգնումից հետո տրված մեկանգամյա հնարավորություն։
Ժիրոնան՝ հիմնական տարբերակ տեր Շտեգենի համար
Եթե տեր Շտեգենը չխաղա նաև Ռասինգի դեմ, նրա հեռանալու հավանականությունը կարող է զգալիորեն աճել։ Վարձակալական տեղափոխությունը դիտարկվում է որպես ժամանակավոր լուծում՝ առնվազն Յուլիան Նագելսմանին համոզելու նպատակով՝ ԱԱ-2026-ից առաջ։
Բոլոր կողմերի համար առավել ընդունելի տարբերակը համարվում է Ժիրոնան. ակումբը Բարսելոնայի ուղիղ մրցակից չէ, գերմանացին կունենա մեկնարկային տեղ, իսկ ընտանիքային պատճառներով նրան գրավում է նաև Կատալոնիայում մնալու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ Ժիրոնան կարող է ստանձնել տեր Շտեգենի աշխատավարձի միայն փոքր մասը, ինչը Բարսելոնան դեռ պետք է գնահատի։ Ավելին, Ժիրոնայի գլխավոր մարզիչ Միչելը Էսպանյոլի դեմ խաղից առաջ հայտարարել է, որ թիմին դարպասապահ է պետք՝ Դոմինիկ Լիվակովիչի սպասվող հեռացման պատճառով։ Նրա խոսքով՝ ակումբը փնտրում է կամ ապագայի խաղացողներ, կամ վեց ամսով՝ շատ բարձր որակի տարբերակներ, ինչն ամբողջությամբ համապատասխանում է տեր Շտեգենի պրոֆիլին։
