5 պատճառ, թե ինչու Բարսելոնան պարտվեց Բեռնաբեուում
«Կապտանռնագույնները» պարտվեցին Մադրիդին՝ նախորդ մրցաշրջանում արձանագրած չորս անընդմեջ հաղթանակներից հետո։
Բարսան Բեռնաբեու էր ժամանել Լա Լիգայի առաջատարի դիրքը զբաղեցնելու մտադրությամբ, սակայն հեռացավ մրցաշարային աղյուսակում Մադրիդից հինգ միավոր հետ մնալով՝ սպիտակների դեմ 2-1 հաշվով պարտվելուց հետո։
Mundo Deportivo–ն առանձնացրել է 5 պատճառ, թե ինչու Բարսելոնան պարտվեց Ռեալ Մադրիդին
Լամինը և Ֆեռանը դեռ հեռու են իրենց լավագույն մարզավիճակից
Բարսան իր բոլոր հույսերը դրել էր 10 համարի վրա՝ Բեռնաբեուից հաղթանակով վերադառնալու համար։ Սակայն Լամինը, ով վերջին օրերին ուշադրության կենտրոնում էր իր հայտարարությունների պատճառով և ընդամենը երրորդ հանդիպումն էր անցկացնում աճուկային վնասվածքից հետո, ցույց տվեց, որ դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից։ Նա չկարողացավ շրջանցել Կառերասին և երևում էր, որ դեռ ցավեր ունի։
Նման վիճակում էր նաև Ֆեռանը, թեև նրա դեպքում դա ավելի հասկանալի էր, քանի որ նա վերադարձել էր վնասվածքից հետո՝ առանց նախորդ խաղում մասնակցելու։ Միլիտաոն ամբողջությամբ գերակշռեց մենամարտերում, իսկ Ֆեռանի միակ իրական հնարավորությունը ավարտվեց թույլ հարվածով։
Վնասվածքներն իրենց հետքը թողեցին
Խնդիրը ոչ միայն մեկնարկային կազմում էր զգացվում, այլև այն յոթ ֆուտբոլիստների բացակայությամբ, որոնցով Բարսան ներկայացավ Բեռնաբեու։
Լևանդովսկին և Ռաֆինյան՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուները, բացակայում էին ոչ միայն իրենց գոլերի, այլև նմանատիպ հանդիպումների փորձի պատճառով։ Բացի այդ, Ռաֆինյան իր ազդեցությամբ կարևոր էր հատկապես բարձր պրեսինգի փուլերում։
Այսքան բացակայությունների պայմաններում Ֆլիկը ստիպված էր դիմել ակադեմիայի օգնությանը՝ հայտացուցակը համալրելու համար։ Զորգի հետ միասին, ով ղեկավարում էր թիմը պահեստայինների նստարանից, մարզչական շտաբը չկարողացավ արդյունավետ կառավարել փոխարինումները։
Կիսապաշտպանությունը ձախողվեց
Խաբի Ալոնսոն ընտրել էր չորս կիսապաշտպան՝ Չուամենիին, Կամավինգային, Գյուլերին և Բելինգհեմին, ինչի շնորհիվ Մադրիդը գերազանցեց դաշտի այդ հատվածում։
Բարսան հաճախ չէր կարողանում ճիշտ իրականացնել ճնշման առաջին գիծը, ինչի հետևանքով Մադրիդը մեծ հեշտությամբ հասնում էր մրցակցի տուգանային հրապարակ։
Պեդրին փորձում էր վերահսկել գնդակը և խաղը հանգիստ դարձնել, բայց Բարսայի մոտ գնդակը երկար չէր մնում։
Շչենսնին՝ Բարսայի լավագույնը
Երբ դարպասապահն է դառնում խաղի լավագույնը՝ դա խոսում է թիմի ընդհանուր թուլության մասին։ Լեհ դարպասապահ Շչենսնին փրկեց Բարսային ջախջախիչ հաշվից՝ հետ մղելով Մբապեի 11-մետրանոցը և մի քանի վտանգավոր հարվածներ՝ Բելինգհեմից, Վինիսիուսից և Հոյսենից։
Այնուամենայնիվ, թիմի մյուս խաղացողների ինտենսիվությունը բավարար չէր նման բարդ ու պահանջկոտ հանդիպման համար։
Հավասարությունը տևեց ընդամենը հինգ րոպե
Ռեալի կատաղի մեկնարկին դիմակայելուց հետո Բարսան չկարողացավ օգտվել այն հանգամանքից, որ 38-րդ րոպեին Ֆերմինի գոլով չեզոքացրեց Մբապեի բացած հաշիվը։
Ավելին՝ հենց Ֆերմինը մոտ էր հաշիվը շրջելուն անկյունայինից հետո գլխով կատարած հարվածով, որը Հոյսենը հանեց գծից։ Սակայն ընդմիջումից առաջ Բելինգհեմը նորից առաջ մղեց Մադրիդին՝ ցույց տալով, որ Բարսային պակասել էր հմտություն՝ ժամանակը և խաղի ռիթմը ճիշտ կառավարելու համար։
Երկրորդ խաղակեսում, երբ Մադրիդը իջեցրեց իր տեմպը, կապտանռնագույնները չկարողացան օգտագործել ունեցած հնարավորությունները՝ Կունդեի՝ մեն-մենակ Կուրտուայի դեմ դուրս գալու պահը, ինչպես նաև Ֆեռանի բաց թողած փոխանցումները Լամինից։
