ad-banner-1

Մարկ Բերնալ. «Սրանք պահեր են, որոնց մասին մանկուց նույնիսկ չես էլ երազում»

Մալյորկայի դեմ 3-0 հաշվով հաղթական հանդիպման ժամանակ Մարկ Բերնալը դարձավ գոլի հեղինակ։ Հետխաղյա հարցազրույցում ֆուտբոլիստը կիսվեց իր տպավորություններով։ Բավական էր միայն տեսնել Հանսի Ֆլիկի կամ Լամին Յամալի արձագանքը Մարկ Բերնալի գոլին՝ հասկանալու համար, թե որքան կարևոր էր նրա և հանդերձարանի համար իր առաջին գնդակը պրոֆեսիոնալ մակարդակում։

«Շատ երջանիկ եմ, սա շատ առանձնահատուկ էր», – ժպիտով մեկնաբանել է Բերնալը։ Նրա մասնակցությունը գնալով աճում է, և նա թիմում ավելի մեծ կշիռ է ձեռք բերում։ Աճն ավելի նկատելի է այն բանից հետո, երբ հունվարին լուրեր էին պտտվում, թե նա կարող է վարձավճարով հեռանալ խաղային պրակտիկա հավաքելու համար։

Բերնալը պատմել է գոլի դրվագն իր տեսանկյունից. «Երբ տեսա, որ Ֆերմինն ինձ է նայում, նկատեցի ազատ տարածությունը։ Չվարանեցի և առաջ շարժվեցի։ Պատրաստվում էի հարվածել աջ ոտքով, բայց տեսա Մաֆեոյին և, քանի որ ավելի շատ վստահում եմ ձախ ոտքիս, շրջանցեցի նրան։ Սրանք պահեր են, որոնց մասին մանկուց նույնիսկ չես էլ երազում»,- բացատրել է նա։

«Երբ խփեցի գոլը, շատ մտածեցի անցյալ տարվա մասին, թե որքան վատ ժամանակներ եմ ունեցել։ Սա մեծ բավականություն է նաև իմ ընտանիքի համար։ Հիշեցի նրանց», – պատմել է կիսապաշտպանը։ Ֆուտբոլիստը խոստովանել է, որ իրեն լավ վիճակում է զգում։

«Սկզբից էլ գիտեի, որ քիչ-քիչ առաջ եմ գնալու։ Հիմա շատ ավելի լավ եմ, ավելի լավ մարզավիճակում։ Ցանկանում եմ օգտագործել յուրաքանչյուր րոպեն», – նշել է նա։ Բերնալը նաև հավելել է, որ այդ ամենին նպաստում է թիմային հրաշալի մթնոլորտը։

Mari

Հեղինակ՝ Mari