ad-banner-1

Բարսելոնայի ֆուտբոլիստը նոր ցուցանիշ ունի

Բարսելոնան հերթական վստահ հաղթանակը տարավ՝ Սփոթիֆայ Կամպ Նոոում 3:0 հաշվով հաղթելով Մալյորկային։

Աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Լամին Յամալը և Մարկ Բերնալը, ինչի շնորհիվ կատալոնական ակումբը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում իր առավելությունը հասցրեց չորս միավորի։

Հանդիպումը հատկապես հիշարժան էր Մարկ Բերնալի համար, որը խփեց իր առաջին գոլը Բարսելոնայի հիմնական թիմում։ Գոլը գրանցվեց ծանր ժամանակահատվածից հետո․ երիտասարդ կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում ստացել էր խաչաձև կապանների լուրջ վնասվածք, որի հետևանքով երկար ժամանակ բացակայել էր խաղադաշտից։ Բերնալի հաջողությունը մեծ ուրախությամբ ընդունվեց ինչպես թիմակիցների, այնպես էլ մարզչական շտաբի կողմից։

Խաղից հետո լրագրողներ հետ զրույցում Լա Մասիայի սան Մարկ Կասադոն ընդգծեց իր ուրախությունը թիմակցի առաջընթացի կապակցությամբ։ Ճեպազրույցը` ըստ MARCA-ի.

«Բերնալի վերականգնումը մեծ ուրախություն է բոլորիս համար։ Երբ ֆուտբոլիստը նման լուրջ վնասվածք է ստանում, բոլորս նրա հետ ենք տառապում»,- նշել է Կասադոն։

«Ողջ ակումբը, ներառյալ երկրպագուները, չափազանց երջանիկ են նրա համար»,- հավելել է նա։

Կասադոն անդրադարձել է նաև հանդիպման ընթացքին՝ նշելով, որ երկրորդ խաղակեսում Մալյորկայի ինտենսիվության նվազումը հնարավորություն է տվել Բարսելոնային ավելի վտանգավոր գործել։

«Մենք գիտեինք, որ Մալյորկան բարդ մրցակից է լինելու, և այդպես էլ եղավ։ Առաջին խաղակեսում գնդակի տիրապետումը դժվար էր։ Երկրորդ խաղակեսում նրանք հոգնեցին, և մեզ համար ավելի հեշտ դարձավ վտանգավոր պահեր ստեղծել»,- ասել է կիսապաշտպանը։

Նա նաև փարատել է խաղի ընթացքում ստացած հարվածի հետ կապված մտահոգությունները՝ նշելով. «Փոքր հարված էր, բայց ոչ մի լուրջ բան չկա»։

Բարսելոնայի հաջորդ հանդիպումը կլինի Արքայական գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղը՝ Մադրիդի Ատլետիկոյի դեմ։

«Մենք Արքայական գավաթի կիսաեզրափակչին մոտեցել ենք լավ մարզավիճակում։ Թիմը կայուն է, ամեն ինչ լավ է պատրաստված։ Շատ ծանր դիմակայություն է լինելու, և եզրափակիչ դուրս գալու համար պետք է առավելագույնը տանք»,- եզրափակել է Կասադոն։

Anna

Հեղինակ՝ Anna