Մեսսին վերադառնալու է Բարսելոնա
«Բարսելոնան» մի քանի օրից կթևակոխի նախընտրական փուլ՝ մարտի 15-ին կայանալիք ընտրություններից առաջ։ Ջոան Լապորտան հաջորդ շաբաթ կթողնի իր լիազորությունները՝ վերընտրվելու նպատակով առաջադրվելու համար, որտեղ նա բացահայտ ֆավորիտ է։ Առայժմ կան երեք նախնական թեկնածուներ, ովքեր հայտնել են առաջադրվելու մտադրության մասին՝ Վիկտոր Ֆոնտը (Լապորտայի գլխավոր մրցակիցը, ով նախորդ ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը), Չավի Վիլախոանան և Մարկ Սիրիան։
Այս ողջ գործընթացում կարող է մեծ ազդեցություն ունենալ «Բարսելոնայի» առանցքային կերպարներից մեկը՝ Լեո Մեսսին։ Որոշ ժամանակ առաջ «Բարսելոնայի» նախկին խաղացողն անսպասելի հայտնվեց «Սպոթիֆայ Կամպ Նոուում»՝ մարզադաշտի վերակառուցման ընթացքին ծանոթանալու համար։ Նրա հրապարակած լուսանկարները սոցցանցերում հսկայական արձագանք ստացան և բուռն քննարկումներ առաջացրին այն մասին, թե ինչ դեր կունենա արգենտինացին այս ընտրություններում։
Մեսսիի ազդեցությունը
Ըստ Marca-ի՝ Արգենտինացին կարող էր բազմաթիվ ձայներ ապահովել թեկնածուներից որևէ մեկի համար, եթե հանդես գար ի պաշտպանություն նրա։ Սակայն դա տեղի չի ունենա։ Մեսսին այս պահին մտադրություն չունի ներգրավվելու այս գործընթացում։ Նրա գաղափարն է՝ մնալ լիովին դուրս և չաջակցել ոչ մեկին։
Աշխարհի առաջնությունը
Մեսսին ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ում՝ իր թիմի՝ «Ինտեր Մայամիի» կազմում։ Եվ ամենից առաջ նա պատրաստվում է հաջորդ Աշխարհի առաջնությանը, որը կայանալու է հենց այն երկրում, որտեղ նա այժմ խաղում է։ Սա առանցքային իրադարձություն է խաղացողի համար, քանի որ Արգենտինան պաշտպանում է տիտղոսը, և շատ հավանական է, որ սա լինի նրա վերջին Մունդիալը։
Վերադարձը «Բարսելոնա»
Այս ամենը հաշվի առնելով՝ նա չի ցանկանում խառնվել «Բարսելոնայի» ընտրություններին։ Մեսսին մտադիր է ապագայում վերադառնալ ակումբ, ինչի մասին նշել է մի քանի հարցազրույցներում։ Սա նրա ապագա ծրագիրն է, թեև այս պահին հստակ չէ, թե ինչ կարգավիճակով նա կվերադառնա։ Նա լիովին հակված է վերադառնալուն, բայց դա տեղի չի ունենա այս ընտրությունների ժամանակ։
Նախորդ ընտրությունները
2021 թվականի նախորդ ընտրություններում, թեև նա հրապարակային ելույթ չունեցավ, սակայն այդ ժամանակ թիմի խաղացողն ու ավագն էր, և ինչ-որ առումով նրա աջակցությունը Ջոան Լապորտայի կողմն էր՝ հաշվի առնելով նախկինում ունեցած նրանց հարաբերությունները։ Նախընտրական արշավի ժամանակ ներկայիս նախագահը վստահեցնում էր, որ ունի արգենտինացու պայմանագիրը երկարաձգելու «բանաձևը», սակայն վճռորոշ պահին դա տեղի չունեցավ։
