ad-banner-1
Ժերար Մարտին-Դրո-Պեդրո-Բարսա-Բարսելոնա

Ժերար Մարտին. «Կամպ Նոուում առաջին ՉԼ խաղը լրացուցիչ էներգիա է տալիս»

Վաղը Բարսելոնան իր վերանորոգված տնային մարզադաշտում առաջին անգամ Չեմպիոնների լիգայի հանդիպում կանցկացնի՝ հյուրընկալելով Այնտրախտին։ Նախապես հայտնի էր դարձել, որ այսօր կայանալիք մամուլի ասուլիսում Հանսի Ֆլիկին ֆուտբոլիստ Ժերար Մարտինն է ուղեկցելու։ Նա պատասխանել է մի շարք հարցերի․ Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ պաշտպանը բավականին ոգևորված էր վաղվա խաղով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Վաղը քեզ համար կարող է լինել առաջին ՉԼ խաղը Կամպ Նոուում։ Չգիտեմ՝ դա ինչ-որ բան փոխո՞ւմ է, ուրիշ զգացմունքներո՞վ ես լցվում։

«Կամպ Նոուում խաղալը միշտ է մոտիվացնում, իսկ Չեմպիոնների լիգայի խաղը, հատկապես առաջինը, լրացուցիչ հուզմունք ու էներգիա է տալիս։ Բացի այդ, մենք գիտենք, որ պետք է հաղթենք և շատ մոտիվացված ենք»։

Հիմա խաղում ես ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Սա քեզ համար այլընտրա՞նք է։ Ավելի հարմարավետ ես զգում այնտեղ։ Ինչպե՞ս եք խոսել դրա մասին Հանսի Ֆլիկի հետ, և ինչո՞վ է սա կարևոր ապագայի տեսանկյունից։

«Սա այն դիրքն է, որտեղ մարզիչն ուզում էր փորձել ինձ դեռ նախքան մրցաշրջանը։ Այդ դիրքում ինձ լիարժեք եմ զգում։ Նախասիրություն չունեմ․ երկու դիրքերում էլ ինձ լավ եմ զգում և կխաղամ այնտեղ, որտեղ մարզիչը որոշի»։

Սկզբում 5 միավորով հետ էիք մնում Ռեալից։ Ինչպիսի՞ մթնոլորտ է հիմա հանդերձարանում նրանց պարտությունից հետո։ Ռեալ–Սելտա խաղը դիտե՞լ ես։

«Այո, դիտել եմ, բայց դա մեծ նշանակություն չունի, որովհետև, ինչպես ասացիք, մի քանի տուր առաջ մենք էինք հետ, իսկ հիմա՝ առաջ։ Իհարկե, միշտ լավ է փոքր առավելություն ունենալ, բայց կան նաև Վիլյառեալի նման թիմեր, որոնք մեծ ճնշում են գործադրում։ Մենք հիմնականում մեզ վրա ենք կենտրոնացած»։

Քո տատիկ-պապիկները միշտ կողքիդ են, խաղերին են գալիս, ներկա էին նաև պայմանագրի երկարացման օրը։ Ինչպե՞սի դեր են նրանք ունեցել քո անձի և կարիերայի ձևավորման մեջ։

«Նրանք շատ կարևոր դեր ունեն, որովհետև մանկուց շատ կապված եմ եղել նրանց հետ։ Հիմա նրանք ծերանում են, ունեն դժվար օրեր, և ինձ համար միշտ հաճելի է նրանց ուրախացնելը և երջանկացնելը»։

Ե՞րբ և ինչպե՞ս եղավ այն զրույցը, երբ Ֆլիկը քեզ ասաց, որ կենտրոնական պաշտպան ես խաղալու։ Ինչպե՞ս ընդունեցիր դա, և ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները։

«Արդեն ասել եմ, որ նախամրցաշրջանին նա ուզում էր փորձել ինձ այդ դիրքում։ Հետո, տարբեր պատճառներով, մրցաշրջանի սկզբում այդպես էլ չխաղացի այդ դիրքում, բայց գիտեի, որ մի օր դա կլինի, և երբեմն մարզվում էի այդ դերում։ Այն օրը, երբ պետք է այնտեղ խաղայի, նա պարզապես հարցրեց՝ պատրա՞ստ եմ։ Ես ասացի՝ այո, և նա միշտ վստահություն է տալիս ինձ»։

Կարծո՞ւմ ես՝ Այնտրախտի հետ խաղը շատ կարևոր է, և ՉԼ-ում այլևս իրավունք չունեք սխալվելու։ Մուտքը ԹՈՓ-8 նպատակ է, և այս խաղին մոտենո՞ւմ եք որպես եզրափակչի։

«Այո, լավ դինամիկայի մեջ ենք և ուզում ենք շարունակել աճել։ Եվ ինչպես ասացիք, վաղվա խաղը մի խաղ է, որտեղ չենք կարող միավոր կորցնել։ Դրան մոտենում ենք ինչպես ցանկացած այլ խաղի․ պետք է հաղթենք և մնանք առաջատար»։

Որտե՞ղ ես քեզ ավելի հարմարավետ զգում։ Ի՞նչ տարբերություն կա այն պահանջների միջև, որոնք Ֆլիկը քեզանից ունի՝ որպես եզրային պաշտպան և որպես կենտրոնական պաշտպան։

«Եզրային պաշտպանի դեպքում կարևոր է առաջ գնալ պրեսինգի ժամանակ, իսկ կենտրոնական պաշտպանը պետք է ավելի ուշադիր լինի դիրքավորման, պայքարի և գծի վերահսկման հարցերում։ Մենք աշխատում ենք այդ ամենի վրա, և վերջին խաղերում երևում է, որ բարելավվում ենք»։

Ավելի վաղ խաղացե՞լ ես ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Ի՞նչն է քեզ ամենից շատ դուր գալիս այդ նոր դերում՝ համեմատած եզրային պաշտպանի հետ։

«Այո, խաղացել եմ մեկ-երկու տարի։ Ճիշտ է, դա 5 պաշտպանով համակարգում էր, մի փոքր այլ էր, բայց որոշ բաներ նման են։ Մեր խաղաոճում կենտրոնական պաշտպանների համար շատ կարևոր է խաղի կառուցումը։ Կարծում եմ՝ դա ամենակարևոր տարրերից մեկն է»։

Ռեալից 4 միավորով առաջ եք։ Զգո՞ւմ եք ձեզ առաջատարներ և ֆավորիտներ այս առաջնությունում։

«Չգիտեմ՝ ֆավորիտ ենք, թե ոչ։ Մեր մտքում միշտ կա, որ պետք է հաղթենք Լա Լիգան, և դրա համար պետք է առավելագույն խաղեր հաղթել։ Եվ որպեսզի առավելությունը չնվազի, պետք է շարունակենք հաղթել»։

Արդեն երկուսուկես տարի է՝ հիմնական կազմում ես։ Քեզ կարո՞ղ ես համարել կարևոր անդամ, և այժմ քեզ ավելի շատ կենտրոնական պաշտպա՞ն ես զգում, քան ձախ պաշտպան։

«Այո, ինձ կարևոր եմ զգում թիմում, և մարզիչը դա փոխանցում է իր վստահությամբ։ Հիմա ավելի շատ խաղում եմ կենտրոնական պաշտպան, գուցե հետո նորից ավելի շատ խաղամ ձախ պաշտպանի դիրքում։ Մի դիրքին ավելի կապված չեմ․ կխաղամ այնտեղ, որտեղ պետք լինի»։

Շչենսնին պատմել է, որ Միլանի կիսաեզրափակիչի օրը քեզ տեսել է շատ վհատված և հիշեցրել է, թե որտեղ էիր երկու տարի առաջ ու ինչի ես հասել։ Ինչպե՞ս ընկալեցիր այդ խոսքերը։ Դա քեզ համար շրջադարձային պահ եղա՞վ։

«Կարծում եմ՝ դա փոքրիկ շրջադարձային պահ էր։ Նա, հավանաբար, տեսավ, որ ընկճված եմ ու փորձեց քաջալերել։ Ասաց, որ չպետք է լաց լինեմ, պետք է հպարտ լինեմ իմ արածով, որովհետև համեմատած երկու տարի առաջվա հետ՝ ամեն ինչ շատ է փոխվել։ Եվ նման խաղից հետո նույնպես պետք է գլուխս բարձր պահեի»։

Երբ քեզ հարցնում էին քո ձախ պաշտպանի իդեալի մասին, նշում էիր Ժորդի Ալբային։ Իսկ հիմա, որպես կենտրոնական պաշտպան, ո՞ւմ ես համարում օրինակ։

«Անկեղծ ասած՝ քանի որ գրեթե միշտ ձախ պաշտպան եմ խաղացել, կենտրոնական պաշտպանի համար հատուկ իդեալ չեմ ունեցել։ Բայց մարզումներին և խաղերին հետևելով՝ շատ բան եմ սովորել իմ թիմակիցներից՝ Կուբարսիից, Էրիկից, Ռոնալդից, Քրիստենսենից և մյուսներից»։

Վերջին շրջանում Բարսայի պաշտպանության համար դժվար է լինում խաղերն ավարտել առանց գոլ բաց թողնելու։ Ո՞րն է, ըստ քեզ, հուսալի պաշտպանության բանալին։

«Կարծում եմ՝ հիմա պաշտպանության տեսանկյունից մենք լավագույն փուլում ենք։ Մեր խաղաոճով 90 րոպե պետք է կենտրոնացած լինենք, որովհետև ամենափոքր անուշադրությունը մեզ խոցելի է դարձնում։ Աշխատում ենք միշտ բարձր պատրաստվածությամբ մոտենալ խաղերին, որպեսզի նման բաներ չկրկնվեն»։

Արդյո՞ք Ինյիգո Մարտինեսը օրինակ է քեզ համար այս անցման մեջ։ Դիտե՞լ ես նրա խաղերի տեսագրությունները, խոսե՞լ Ֆլիկի հետ դրա մասին։ Ինչպե՞ս է անցել ադապտացիան։

«Իհարկե, Ինյիգոն այստեղ խելահեղ մրցաշրջան անցկացրեց և մեծ առաջնորդ էր։ Ես նույնպես նրան օրինակ եմ համարել և ուսումնասիրել եմ նրա տեսագրությունները, որպեսզի հասկանամ, թե որոշ իրավիճակներում ինչպես պետք է գործեմ»։

Liana

Հեղինակ՝ Liana