Վերադարձ տուն. Ֆլիկը` Կամպ Նոուի անհավանական էմոցիաների, թիմի աճի և առաջ նայելու մասին
Բարսելոնայի երկրպագուները, և ոչ միայն նրանք, երկար էին սպասել Կամպ Նոու վերադարձին, իսկ թիմն ուրախ տրամադրությունն ավելի ոգևորիչ դարձրեց՝ երեկվա խաղում Աթլետիկ Բիլբաոյի դեմ 4։0 հաշվով տոնելով հաղթանակը։ Խաղից հետո կայացած ասուլիսում Հանսի Ֆլիկը պատասխանեց Mundo Deportivo-ի լրագրողների հարցերին։
«Ֆուտբոլիստների, անձնակազմի և մարզիչների համար այս հանդիպումը հատուկ նշանակություն ուներ, ինչպես նաև երկրպագուների համար։ Վերադառնալ այստեղ՝ այս մարզադաշտ, անկրկնելի զգացում էր։ Եվ, իհարկե, մենք վաստակեցինք երեք միավոր՝ 4։0 հաշվով հաղթելով։ Դա հեշտ չէր, հատկապես առաջին խաղակեսում, բայց ամեն ինչ ճիշտ դասավորվեց։ Շատ կարևոր է նաև, որ գոլ բաց չթողեցինք։ Չորս խփած գոլ և երեք միավոր․ մեր համար սա կատարյալ օր է»։
Ինչո՞ւ Մարտինը խաղաց կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ Էրիկ Գարսիան՝ կիսապաշտպանությունում։
«Ամբողջ շաբաթ մենք նախապատրաստում էինք Ժերար Մարտինին կենտրոնական պաշտպանի դիրքին, և նա իրեն գերազանց դրսևորեց։ Ռոնալդ Արաուխոն նոր էր վերադարձել երկար ճանապարհորդությունից ու ժամանակային տարբերությունից հետո։ Անդրեասն էլ նախորդ շաբաթ ծանրաբեռնված էր, այդ պատճառով որոշեցինք այս լուծումը տալ։ Ֆրենկի դե Յոնգը հասանելի չէր, ուստի պետք էր մտածել կիսապաշտպանության մասին։ Ինձ և մարզիչներին միանգամայն պարզ էր, որ Էրիկ Գարսիան կարող է համապատասխան տարբերակ լինել։ Եվ նա պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց։ Ես շատ գոհ եմ նրա ցուցադրած մակարդակից։ Նա իրոք գերազանց է»։
Ինչպե՞ս կգնահատեք Լևանդովսկու խաղը, հատկապես նոր Կամպ Նոուում խփած առաջին գոլը։
«Նա մեզ համար չափազանց կարևոր խաղացող է։ Երբ հնարավորություն է ստանում, գրեթե միշտ այն վերածում է գոլի։ Շատ կարևոր էր հենց սկզբից հաշիվը բացելը, քանի որ դա մեզ վստահություն է տալիս։ Իմ կարծիքով՝ Լևանդովսկին վերջին տասը տարիների լավագույն հարձակվողներից է, գուցե՝ հենց լավագույնը։ Տարիքը նշանակություն չունի․ նա լավ մարզավիճակում է, իր մեջ կրում է խաղի հանդեպ կիրք, և դա ամենակարևորն է»։
Ինչպիսի՞ զգացումներ ունեցաք Կամպ Նոու վերադառնալիս։
«Նույն հուզմունքը զգացի 10-14 օր առաջ՝ մարզման ժամանակ։ Հրաշալի զգացում է վեր բարձրանալ աստիճաններով, դուրս գալ խաղադաշտ ու տեսնել երկրպագուների բազմությունը։ Նույնն էր նաև այսօր։ Տարիներ առաջ, երբ ինձ հեռացրին երրորդ դիվիզիոնի թիմից, ինքս ինձ մի բան ասացի. «Մի օր ես կցանկանայի նստել Բարսելոնայի մարզչական նստարանին»։ Եվ այսօր դա կարծես իրականացած երազանք լինի։ Սա վկայում է, որ եթե շատ աշխատես ու հավատաս քեզ, ամեն ինչ հնարավոր է։ Նույնը փոխանցում եմ թիմին․ պետք է կենտրոնանալ մեր ուժեղ կողմերի վրա, հավատալ մեր որակներին և խաղալ որպես միասնական թիմ։ Դա է ինձ համար ամենակարևորը։ Մեր երկրպագուները հիասքանչ են, ակումբը՝ ֆանտաստիկ։ Եվ հիմա մենք վերադարձել ենք տուն, ինչը աննկարագրելի զգացում է»։
Գոհ ե՞ք թիմի խաղից։
«Այո, շատ գոհ եմ։ Աթլետիկին մեծ հարգանքով եմ վերաբերվում․ նրանք հիանալի թիմ են, գերազանց մարզիչով։ Բայց շատ ուրախ եմ, որ մենք այսօր այդպիսի խաղ ցուցադրեցինք՝ չորս գոլ խփելով ու ոչ մեկը չընդունելով։ Ամեն ինչ ճիշտ ընթացավ։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները նույնպես շատ արագ մտան խաղի մեջ։ Թիմը լավ էր կազմակերպված։ Սա հենց այն է, ինչ ուզում ենք տեսնել։Ես այստեղ ինձ երջանիկ եմ զգում։ Կարծում եմ՝ մարզչական շտաբս նույնպես։ Բոլորը ցանկանում են զգալ այն, ինչ զգում ես այս բացառիկ մարզադաշտում։ Մենք իսկապես շատ երջանիկ ենք և անհամբեր սպասում ենք հաջորդ քայլին։ Այսօր վայելեցինք անսովոր գեղեցիկ օր։ Կարծում եմ՝ նույնը նաև ձեզ համար՝ երկրպագուների և բոլորի»։
Ի՞նչ նշանակություն ունի Կամպ Նոու վերադարձը ապագայի համար։
«Կարծում եմ՝ այսօր մենք արեցինք առաջին քայլը։ Երբ մարզադաշտում ավելի շատ երկրպագուներ լինեն, երբ ավելի շատ մարդիկ գան, դա հիասքանչ կլինի։ Բայց մենք պետք է սպասենք և առաջ գնանք քայլ առ քայլ։ Ես իսկապես երջանիկ եմ, որ վերադարձել ենք տուն։ Մենք առաջ ենք նայում և անկեղծորեն ուրախ ենք կրկին մարզադաշտ վերադառնալու համար»։
Կարծու՞մ եք՝ թիմը կարող է զգալիորեն բարելավել խաղը մոտ ապագայում։
«Ես դրական եմ տրամադրված։ Վստահ եմ թիմի վրա։ Մեզ մոտ հսկայական ներուժ կա։ Մենք երբեք չենք բողոքում, թե ով է վնասվածք ստացել, ինչու է դուրս մնացել և այլն։ Մենք պարզապես կենտրոնանում ենք ունեցածի վրա և պետք է կարողանանք կարգավորել իրավիճակը։ Սա մեր ճանապարհն է։ Ֆուտբոլիստները լի են էնտուզիազմով, և դաշտ դուրս եկող յուրաքանչյուր խաղացող ցանկանում է ամեն ինչ անել թիմի համար։ Սա լավագույնն է, ինչ կարող է ունենալ մարզիչը»։
Ֆերմինը անցկացրեց իր առաջին հանդիպումը Կամպ Նոուում։ Որքանո՞վ էր այդ պահը հատուկ նրա համար։
«Կարծում եմ՝ այս մարզադաշտում խաղալը բոլորի համար հաճելի է։ Ինչ վերաբերում է Ֆերմինին, ապա նրա դինամիկան անհավատալիորեն օգտակար է։ Ցանկացած իրավիճակում, իր դինամիկայի շնորհիվ, նա կարող է պահել գնդակը և մեզ մեծ տարածություն տալ։ Դա հիանալի է։ Նա միշտ ուզում է գոլ խփել կամ ստեղծել պահ։ Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է»։
Կա՞ որևէ նորություն Էրիկ Գարսիայի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
«Հուսով եմ՝ նա կերկարաձգի պայմանագիրը։ Կարծում եմ՝ մենք աշխատում ենք դրա վրա։ Երբ դա տեղի ունենա, կխոսենք այդ մասին, բայց ոչ հիմա։ Կարծում եմ՝ բոլորը կարող են տեսնել, որ Էրիկ Գարսիան զգալիորեն ուժեղացել է։ Նա առաջ է շարժվում քայլ առ քայլ։ Եվ, որ ամենակարևորն է, ինչ դիրք էլ լինի, նա չի մտածում՝ գուցե չկարողանամ կամ չստացվի։ Ոչ, նա կարող է խաղալ այս դիրքում էլ, այն դիրքում էլ։ Նա խաղում է անհավանական մակարդակով»։
Ինչպե՞ս կգնահատեք Ժերար Մարտինի խաղը։
«Նա իսկապես շատ լավ հանդես եկավ։ Երբ նա դաշտում է, դու հստակ գիտես, թե ինչ ես ստանալու։ Նրան կարելի է վստահել 100%-ով։ Նրա մակարդակը իսկապես բարձր է։ Իսկ եթե հիշենք, թե ինչպես էր նա խաղում մեկուկես տարի առաջ, ապա ակնհայտ է, թե որքան մեծ աշխատանք է կատարել՝ այս մակարդակին հասնելու համար։ Նա շատ, շատ լավ է»։
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի Չեմպիոնների լիգայի շրջանակում, հյուրընկալվելով Չելսիին։
