ad-banner-1

Սարաբիա. «Բարսելոնան շատ տարբերակներ ունի»

Բարսելոնան Մադրիդի Ռեալից կրած ցավալի պարտությունից հետո ձգտում է վերականգնել դիրքերը՝ այս շաբաթավերջին Լա Լիգայում մրցելով Էլչեի դեմ։ Թեև վիճակագրորեն կատալոնացիներն ունեն առավելություն, Էլչեի գլխավոր մարզիչ Էդեր Սարաբիան վստահ է, որ իր թիմը կարող է անակնկալ մատուցել։

«Բյուջեների տարբերությունն ահռելի է, բայց դա չի նշանակում, որ փոքր թիմը չի կարող հաղթել մեծին։ Լավ գիտեմ՝ ինչ պետք է անենք։ Կուզենայի, որ ամբողջ շաբաթ ունենայինք պատրաստվելու համար, բայց դա արդարացում չէ», — նշել է Սարաբիան մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ թիմի հաջողության բանալին հոգեբանական պատրաստվածությունն է․

«Եթե խաղադաշտ ես դուրս գալիս՝ մտածելով, թե տառապելու ես, հենց այդպես էլ կլինի։ Եթե ճնշում ես հակառակորդին, խաղացողն իրեն ավելի ուժեղ է զգում։ Մենք ուզում ենք լինել նախաձեռնող և խաղացողներին ստիպել, որ ուժեղ զգան», — ընդգծել է մարզիչը։

Սարաբիան, ով 2020-ին աշխատել է Բարսելոնայում որպես օգնական, գովաբանել է Հանսի Ֆլիկին՝ նշելով․

«Նրա գալուստը Լա Լիգա շատ դրական է։ Ինձ դուր է գալիս նրա քաջությունը և նոր բաներ փորձելու պատրաստակամությունը։ Անցած մրցաշրջանը հոյակապ էր, իսկ այս տարի դեռ չեն հասել նույն մակարդակին։ Նա հիանալի մասնագետ է, ստեղծում է լավ մթնոլորտ և պահում է խաղացողներին թարմ ու մոտիվացված»։

Անդրադառնալով Բարսելոնայի հնարավոր բացակայություններին՝ Սարաբիան շեշտել է, որ կատալոնացիները ցանկացած դեպքում ունեն ուժեղ կազմ․

«Ռաֆինյան կամ Ռեշֆորդը բացակա՞ են։ Ես Ռեշֆորդին շատ եմ սիրում՝ Անգլիայում նա ինձ խենթացնում էր։ Իսկ Լամինը, եթե նա աշխարհի լավագույն խաղացողը չէ, ապա՝ շատ մոտ է դրան։ Բոլորը ֆանտաստիկ են։ Նրանք չեն կարող բողոքել, իսկ պարտությունից հետո ավելի մոտիվացված կլինեն», — ասել է Սարաբիան։

Մարզիչը նաև նշել է, որ իր պլանի կարևոր մասը վերաբերում է Լամին Յամալին չեզոքացնելուն․

«Մենք չունենք Յամալի նման խաղացող, որպեսզի նրա դեմ պաշտպանվենք։ Պետք է փորձենք նրան հեռու պահել տուգանայինից և չթողնել, որ հարմար դիրքում գնդակ ստանա։ Բայց նաև չենք կարող կենտրոնանալ միայն նրա վրա, որովհետև Բարսելոնան շատ տարբերակներ ունի», — հավելել է նա։

Հետաքրքիր է, որ Էլչեի կազմում հանդես են գալիս երկու ֆուտբոլիստներ, որոնք վարձավճարով տեղափոխվել են Բարսայից՝ Հեկտոր Ֆորտն ու Ինյակի Պենյան։ Սարաբիան վստահեցրել է, որ նրանք լիովին պատրաստ են խաղին.

«Նրանք մոտիվացված են, շատ են օգնում մեզ ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Ես շատ բան եմ պահանջում նրանցից, բայց դա իմ խնդիրն է։ Դրանից ավելին պարզապես հնարավոր չէ պահանջել», — նշել է մարզիչը։

Սարաբիան հատուկ անդրադարձել է նաև դարպասապահ Ինյակի Պենյային․

«Դարպասապահի դերը վաղը վճռորոշ է լինելու։ Նրա քաջությունը, փոխանցումները, պաշտպանների հետ հաղորդակցությունը և սեյվերը կարող են որոշել խաղի ելքը։ Ով էլ լինի դարպասում՝ նա պատրաստ է լինելու», — եզրափակել է Էլչեի գլխավոր մարզիչը։

Սարաբիայի խոսքերը փոխանցում է AS-ն։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։