Ռաֆինյան՝ Յամալի, Շտեգենի, Ֆլիկի մասին
Բարսելոնայի հարձակվող Ռաֆինյան հարցազրույց է տվել իսպանական Sport պարբերականին և անդրադարձել մի շարք կարևոր թեմաների․
Ռաֆինյան՝ Յամալի ծննդյան երեկույթի մասին
«Չեմ հասկանում նրա անձնական կյանքում տեղի ունեցածի վերաբերյալ մարդկանց քննադատությունը։ Մարդիկ քննադատում են նրան, եթե նրանք 18 տարեկան լինեին և ունենային այն, ինչ ունի Լամինը, կանեին նույնը կամ ավելի վատ բաներ»։
ՉԼ-ի մասին
«Չեմպիոնների լիգան իմ կարիերայի անձնական մարտահրավերներից է, և այն ակումբի նպատակներից է՝ հաղթել ՉԼ 6-րդ գավաթը։ Իմ ուժերի սահմանում անելու եմ ամեն ինչ դրան հասնելու համար և վստահ եմ, որ մյուս ֆուտբոլիստները նույնպես այդպես են մտածում»։
Եթե դու ոգեւորված չես Բարսելոնայում խաղալու համար, իմաստ չկա այստեղ գտնվել
Ավագի թևկապի մասին
«Իմ կարծիքով՝ Շտեգենը պետք է շարունակի մնալ ավագը։ Բայց դա միայն մեզանից կախված չէ։ Իմ՝ այստեղ ժամանելու պահից, նա միշտ օգնել է ինձ և արդեն ավագն էր։
Ես նույնն եմ մնացել, երևի՝ մի փոքր ավելի հասուն եմ դարձել։ Դեռ նույն Ռաֆինյան եմ։ Առաջին օրվանից նույն ցանկությունն ունեմ լավ խաղալու և այս մարզաշապիկով լավ հանդիպումների մասնակցելու։
Անկեղծ ասած, եթե ասեմ, որ ավագի թևկապը կրելն իմ երազանքներից էր, կստեմ, քանի որ չեմ երազել դրա մասին։ Դա հանկարծակի տեղի ունեցավ։ Տեսնել, որ թիմակիցներս ինձ հանդերձարանում տեսնում են որպես առաջատար, չափազանց գոհացնող է»։
Ֆլիկի մասին
«Ֆլիկն այն անձն է, ով ինձ վստահեց, որպեսզի ցույց տամ իմ տաղանդն ու իմ արած աշխատանքը։ Նա դարձրեց ինձ թիմի ավագ։ Ֆուտբոլիստները քվեարկեցին, բայց վերջում նա էր որոշում կայացնողը, և եթե նա չցանկանար, ես չէի լինի ավագը»։
