ad-banner-1

Ռաֆինյա. «Վերջնական հաշիվը անարդար էր»

Բարսելոնան Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում 3-2 հաշվով հաղթանակ տոնեց Ռեալ Մադրիդի նկատմամբ։ Թեժ դիմակայության գլխավոր դեմքերից մեկն էր Ռաֆինյան, ով աչքի ընկավ դուբլով և արժանացավ մրցաշարի MVP մրցանակին։

Մրցաշրջանի առաջին տիտղոսի տոնումից հետո բրազիլացին վստահությամբ խոսեց թե՛ եզրափակչի, թե՛ թիմի առաջիկա ամիսների նպատակների մասին։

Հաղթանակը

Ռաֆինյան ընդգծեց, որ Բարսելոնան խաղին մոտեցել է հստակ պլանով և կարողացել է այն իրականացնել՝ նույնիսկ այն պահերին, երբ ստիպված են եղել փոխել խաղի ոճը։

«Մենք բոլորս գիտեինք, թե ինչ պետք է անեինք այս խաղը հաղթելու համար։ Կարծում եմ՝ շատ լավ գործեցինք։ Երբեմն ստիպված էինք ավելի շատ պաշտպանվել, իսկ երբ գնդակը մեզ մոտ էր, շատ լավ էինք գործում։ Կարծում եմ՝ վերջնական հաշիվը բավականին անարդար էր՝ հաշվի առնելով մեր խաղը»,- նշել է նա։

Անհատական ներդրումից զատ՝ եզրային հարձակվողը շեշտեց, որ Բարսելոնայի նման ակումբում հաջողության գլխավոր չափանիշը տիտղոսներն են։

Նա ընդգծեց այս մտածելակերպը՝ նշելով, որ «այս շապիկը կրելու գլխավոր նպատակը տիտղոսներ նվաճելն է» և հավելեց․ «Մենք կպայքարենք բոլոր տիտղոսները հաղթելու համար»։

Թիմի աճը

Ռաֆինյան խոսեց նաև թիմի զարգացման մասին՝ նշելով, որ Բարսելոնան այժմ ավելի պատրաստ է միաժամանակ մի քանի ճակատում պայքարելու պահանջներին։

Նրա խոսքով՝ նախորդ մրցաշրջանի փորձը ձևավորել է ավելի հասուն ու կենտրոնացած թիմ. «Թիմը շատ է հասունացել, և մենք կարող ենք շարունակել այն, ինչ արեցինք նախորդ մրցաշրջանում։ Մենք կենտրոնացած ենք և գիտենք՝ ինչ ենք ուզում»։

Եզրափակչից հետո Ռաֆինյայի տոնակատարությունը ևս ուշադրություն գրավեց․ նա կրկին իր առանձնահատուկ ակնոցներով էր նշում հաղթանակը թիմակիցների և երկրպագուների հետ։

«Խաղի վերջում մի քիչ զգացմունքային էի հաղթանակի պատճառով»,- եզրափակեց բրազիլացին։

Աղբյուր՝ Mundo Deportivo։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։