Պեդրի. Ֆուտբոլ, երազանքներ և հաղթահարված մարտահրավերներ
Այս բացառիկ հարցազրույցում Պեդրին պատմում է իր պրոֆեսիոնալ կարիերայի առանձնահատուկ պահերի, սիրելի զբաղմունքների, ֆուտբոլային վնասվածքների հաղթահարման և աշխարհի լավագույն խաղացողների հետ խաղալու իր երազանքների մասին։
Արդյո՞ք նախորդ մրցաշրջանը ձեր պրոֆեսիոնալ կարիերայի լավագույն մրցաշրջանն էր։
«Այո՛, թե՛ նախորդ մրցաշրջանը, թե՛ Բարսելոնայում իմ առաջին մրցաշրջանը։ Առաջին մրցաշրջանից ինձ շատ հիշողություններ են մնացել՝ նորամուտը և մեր անցկացրած բազմաթիվ հանդիպումները։Ինչ վերաբերում է նախորդ մրցաշրջանին, ապա ամենից շատ հիշվում են կայունությունն ու այն մակարդակը, որին ես հասա»։
Ինչպե՞ս եք անցկացնում ձեր ազատ ժամանակը։
«Սիրում եմ սերիալներ դիտել, սեղանի խաղեր խաղալ, տեսախաղերով զբաղվել կամ, հնարավորության դեպքում, որևէ այլ մարզաձևով զբաղվել։ Ամենից շատ սիրում եմ մրցակցել»։
Դուք տեխնիկապես հմուտ խաղացող եք մի ժամանակաշրջանում, երբ ֆուտբոլը կրկին ընդգծում է իր ֆիզիկական բաղադրիչը։
«Այո՛, ժամանակակից ֆուտբոլում ֆիզիկական ուժը շատ ավելի մեծ նշանակություն ունի, բայց տեխնիկան միշտ էլ վճռորոշ դեր կունենա»
Պատմե՛ք քաղաքի ձեր սիրելի վայրերի մասին։
«Ամեն դեպքում դրա մասին չեմ խոսի, որ շատ մարդաշատ չդառնան (ծիծաղում է)։ Կան մի քանի վայրեր, ուր սիրում եմ գնալ։ Ես շատ եմ սիրում ուտելիքը։ Շատ եմ ուտում, թեև մենք հետևում ենք խիստ սննդակարգի, որը չենք կարող խախտել, բայց ես սիրում եմ համեղ ուտելիք»։
Ի՞նչն էր ձեզ ամենաշատը ցավեցրել վերջին Էլ Կլասիկոյում` պարտությունը, վնասվածքը, հեռացումը, թե բոլորը միասին։
«Անկեղծ ասած՝ բոլորը։Պարտությունը միշտ ամենացավոտն է, բայց նաև հեռացումն էր ցավալի, հատկապես հաշվի առնելով, որ դա իմ կարիերայում առաջին դեպքն էր։Ինչ վերաբերում է վնասվածքին, ապա այդ պահին դրա մասին չգիտեի, իսկ երբ ավելի ուշ տեղեկացա, դա, իհարկե, շատ մտահոգեց ինձ»։
Չնայած Էլ Կլասիկոյում կրած պարտությանը՝ այս պահին առաջնության տիտղոսը կրկին ձեր ձեռքերում է։ Ձեզ տեսնո՞ւմ եք կրկին լիգայի չեմպիոնի դերում։
«Ինչո՞ւ ոչ։ Դա հեշտ չի լինելու, բայց հույս ունեմ, որ կկարողանանք կրկնել անցած տարվա հաջողությունը, երբ նվաճեցինք երեք ներքին տիտղոս, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգան»։
Չեմպիոնների լիգա… Ձեզ դո՞ւր է գալիս նոր ձևաչափը։
«Չեմ կարող հարյուր տոկոս վստահությամբ ասել, թե որ համակարգն է ավելի լավ՝ այս մեկը, թե նախորդը։ Բայց եթե ստիպված լինեի ընտրել, կնախընտրեի նոր ձևաչափը, քանի որ այս փուլում անցկացվում են ավելի շատ հանդիպումներ ուժեղ թիմերի միջև»։
Ձեր կարծիքով՝ կա՞ մեծ տարբերություն իսպանական և անգլիական թիմերի խաղի ինտենսիվության ու արագության միջև։
«Վերջին արդյունքները ի նպաստ իսպանական թիմերի չեն, բայց մենք բազմիցս ապացուցել ենք, որ այդքան մեծ տարբերություն չկա։ Ֆուտբոլը անցնում է տարբեր փուլերով, և դա շուտով անշուշտ կփոխվի»։
Ո՞վքեր են Չեմպիոնների լիգայի ամենաուժեղ մրցակիցները։
«ՊՍԺ-ն՝ որպես գործող չեմպիոն։ Արսենալը նույնպես շատ ուժեղ թիմ է։ Եվ ես միշտ Սիթիին ու Մադրիդին ներառում եմ ֆավորիտների թվում։ Թիմ, որը ես համարում եմ ուժեղ և հաճելիորեն զարմացրել է ինձ, Սպորտինգն է և իմ ընկեր Տրինկաոն։ Նրանք խաղում են գեղեցիկ ֆուտբոլ»։
Ինչպե՞ս է խաղացողը հաղթահարում վնասվածքը։ Բացի ֆիզիկական վերականգնումից, կա՞ հոգեբանական կողմ, որը օգնում է հաղթահարել իրավիճակը։
«Սա, անկասկած, ամենադժվարն է։ Քո առօրյան կտրուկ փոխվում է, դու չես կարող թիմակիցներիդ հետ լինել և, բացի այդ, չես գտնվում այնտեղ, որտեղ ամենից շատ ես ուզում լինել՝ խաղադաշտում։ Բայց, ի վերջո, դա ընդամենը մի քանի շաբաթ է։ Ես շատ եմ շփվում ինձ մոտ մարդկանց հետ և ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ»։
Եղե՞լ են փոփոխություններ ձեր սովորությունների մեջ, որոնք օգնել են նվազեցնել վնասվածքների ռիսկի։
«Ինչ-որ պահի տարբեր փոփոխություններ արվեցին, բայց այդպես էլ հստակ չհասկացվեց, թե որ մանրուքն էր իրականում աշխատել, կամ դա պարզապես պատահականություն էր»։
Դադարե՞լ եք նախաճաշել։
«Ես նախաճաշում եմ միայն խաղերի օրերին և շատ հագեցած։ Դա իմ անձնական որոշումն է եղել․ ոչ ոք ինձ դա չի պարտադրել։ Իրականում այդ ամենը Ֆեռանի ազդեցությամբ սկսվեց։ Նա շատ ինքնուրույն է և լավ է կողմնորոշվում նման հարցերում։ Նա ինձ մի քանի խորհուրդ տվեց, որոնք ես փորձեցի, և դրանք իսկապես օգնեցին ինձ»։
Ձեր կարծիքով՝ արդյո՞ք ֆուտբոլիստները հիմա չափազանց շատ հանդիպումներ են անցկացնում։
«Ինձ թվում է՝ հանդիպումները չափազանց շատ են, իսկ դրանց միջև վերականգնման ժամանակը՝ շատ քիչ, անկախ այն բանից, թե որքան ժամանակակից մեթոդներ կան։ Մրցաշրջանի ընթացքում խաղերի քանակի կրճատումը վնաս չի տա»։
Ունե՞ք արդյոք որևէ ռիտուալ կամ սնահավատություն մարզադաշտ մտնելուց առաջ։
«Ոչ։ Ես պարզապես նայում եմ տրիբունաներին՝ ծնողներիս գտնելու համար, և բարևում եմ նրանց»։
Ո՞րն է Ձեր ամենավառ հիշողությունը աշխարհի առաջնությունից
«Իհարկե, Ինիեստայի գոլը»։
Ձեզ գրավո՞ւմ է արդյոք գաղափարը կարիերան ավարտելուց առաջ խաղալ Ամերիկայում՝ ինչպես Լեոն, Ալբան կամ Բուսկետսը։
«Այս պահին դրա մասին չեմ մտածում, դա շատ հեռու է իմ մտքերից։ Բայց վատ չի հնչում, դա վատ գաղափար չէ։ Ես սիրում եմ Միացյալ Նահանգները»։
Արդյո՞ք արդեն սկսել եք մտածել ֆուտբոլից հետո Ձեր ապագայի մասին Ձեզ տեսնո՞ւմ եք մարզչի դերում։
«Որպես մարզիչ… չգիտեմ։ Դրա մասին չեմ մտածել։ Այո, ապագայի մասին մտածում եմ, բայց հիմա դեռ առջևումս կարիերայի շատ տարիներ կան»։
Որքա՞ն կարևոր են ընկերները Ձեր կյանքում։
«Նրանք իմ կյանքի ամենակարևոր մարդիկ են՝ իմ ամենամոտ շրջապատը։ Իմ ընկերներն ու ընտանիքը միշտ օգնում են ինձ մնալ համեստ ու պարզ»։
Լիոնել Մեսսին այցելել է Կամպ Նոու… ինչպե՞ս իմացաք մարզադաշտում արված հայտնի լուսանկարի մասին։
«Սոցիալական ցանցերի միջոցով, որովհետև այն սկսեց արագ տարածվել ամենուր։ Դժվար էր դրա մասին չիմանալ։ Շատ կցանկանայի հանդիպել Լեոյին, թեկուզ մի կարճ պահ»։
Մի՞թե վերջերս նրա հետ չեք խոսել։
«Ոչ, իրականում՝ ոչ»։
Լուսանկարի հետ միասին Լիոնելը թողել էր բաց նամակ՝ մեկնաբանության համար… կցանկանա՞ք կրկին նրա հետ խաղալ Բարսելոնայում։
«Իհարկե, առանց որևէ կասկածի։ Նա պատմության լավագույն խաղացողն է և շատ է օգնել ինձ այն տարում, երբ միասին էինք խաղում»։
Ո՞ր խաղացողների հետ եք ամենից շատ ցանկանում խաղալ։ Ովքե՞ր են, ըստ Պեդրիի, այս պահին աշխարհի լավագույն խաղացողները։
«Մբապպե, Լամին, Սալահ, Հոլանդ, Ռաֆինյա, Ալվարես, քանի որ նրանք լավագույններն են աշխարհում։ Ես ցանկանում եմ խաղալ բոլորի դեմ, բացի Լամինից, քանի որ նա մեր թիմում է, իսկ հատկապես՝ Հոլանդի և Սալահի դեմ, որովհետև նրանց հետ դեռ չեմ հանդիպել»։
