ad-banner-1

Բարսայի վնասվածք ստացած ո՞ր ֆուտբոլիստները պատրաստ կլինեն Էլ Կլասիկոյին

Ներկայումս կապտանռնագույն ակումբն ունի վնասվածք ստացած խաղացողների երկար ցուցակ, թեև հույս կա, որ նրանցից ոմանք կվերադառնան կազմ հավաքականների միջազգային դադարից հետո։

Մրցաշրջանի երկրորդ միջազգային դադարի ավարտին Diario Sport-ը անդրադարձել է Հանսի Ֆլիկի թիմում բացակայությունների ներկայիս իրավիճակին։

Տեր Շտեգեն

Հուլիսի վերջին գերմանացի դարպասապահը կրկին վիրահատվեց՝ լուծելու իր գոտկատեղի խնդիրները։ Ակումբի և դարպասապահի միջև եղած անհամաձայնությունից հետո ավագը համաձայնեց ստորագրել թույլտվությունը, որպեսզի Բարսելոնայի բժշկական ծառայությունները կարողանան Լա Լիգային ներկայացնել վիրահատության բժշկական զեկույցը։ Այսպիսով նրանք հայտարարեցին չորս ամսվա բացակայության մասին և օգտագործեցին նրա աշխատավարձի մի մասը՝ Ժոան Գարսիային գրանցելու համար։ Տեր Շտեգենը կարող է վերադառնալ բժշկական թույլտվությամբ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։

Գավի

Նա նախընտրեց պահպանողական բուժում՝ վիրահատությունից խուսափելու համար, սակայն չհաջողվեց։ Կիսապաշտպանը ենթարկվել է արթրոսկոպիայի՝ մկանի վնասվածքը վերացնելու նպատակով։ Վիրահատությունն արվել է մենիսկը պահպանելու համար, և նրա վերականգնման ժամանակը գնահատվում է մոտ 4-5 ամիս։ Վիրահատությունը կատարվել է սեպտեմբերի վերջին, ու սպասվում է, որ նա կվերադառնա հունվարի կամ փետրվարի միջև։

Ֆեռան Տոռես

Մկանային գերծանրաբեռնվածության պատճառով Իսպանիայի հավաքականի մարզումներից վերադարձել է ժամկետից շուտ։ Սա լուրջ չէ, և Հանսի Ֆլիկը նախատեսում է նրան ընդգրկել Ժիրոնայի դեմ՝ ակումբային մրցումների վերսկսման խաղում։

Լևանդովսկի

Վերջինը, ով ավելացավ այդ ցուցակում՝ ձախ ոտքի ազդրի երկգլուխ մկանի պատռվածք Լեհաստանի հավաքականի կազմում։ Սա վնասվածքի կրկնություն է, որը նա ստացել էր մրցաշրջանի սկզբին և նրա բացակայությունը կարող է տևել 4-ից 6 շաբաթ, ուստի նա ամբողջությամբ բաց է թողնում Մադրիդի Ռեալի դեմ խաղը։

Լամին Յամալ

Մրցաշրջանի առաջին միջազգային դադարի ժամանակ նա մեկնեց Իսպանիայի հավաքականի մարզումներին՝ ցավերով, և RFEF-ի անփութության պատճառով դրանք չթուլացան, այլ ընդհակառակը՝ սրվեցին։ Նա բաց թողեց չորս հանդիպում և վերադարձավ Ռեալ Սոսիեդադի դեմ։ Չնայած նրան, որ կրկին հրավիրվել էր հավաքական, Լամին Յամալը բացակայում էր, քանի որ ՊՍԺ-ի դեմ խաղից հետո ցավերը կրկին հայտնվեցին։ Նրա վերականգնման ժամանակը գնահատվում է մոտ 2-3 շաբաթ։ Հետևաբար նա կարող է մի քանի րոպե խաղալ Ժիրոնայի դեմ, որպեսզի լավ մարզավիճակում լինի Օլիմպիակոսի դեմ և 100 տոկոս պատրաստ լինի Ռեալ Մադրիդի դեմ խաղին։

Ֆերմին Լոպես

Եվս մեկ բացակայություն, որը տեղի ունեցավ ամսվա վերջին։ Այս դեպքում դա ձախ ոտքի մկանի վնասվածք էր, և նրա վերականգնման ժամանակը մոտ երեք շաբաթ է։ Հետևաբար, Էլ Կամպիլյոյից ֆուտբոլիստը կկարողանա վերադառնալ Ժիրոնայի դեմ կատալոնական դերբիում։

Ռաֆինյա

Սեպտեմբերի վերջին բրազիլացին վնասեց աջ ոտքի ազդրի երկգլուխ մկանի միջին հատվածը, և ակումբը գնահատեց նրա բացակայության ժամանակը երեք շաբաթ։ Նախատեսվում է, որ եթե ամեն ինչ բարենպաստ ընթանա, նա կստանա բժշկական թույլտվություն հավաքականների դադարից հետո առաջին խաղի՝ Բարսելոնայում Ժիրոնայի դեմ։

Ժոան Գարսիա

Օվիեդոյի դեմ խաղի վերջին դրվագում դարպասապահը վնասվածք ստացավ, որն ավարտվեց վիրահատությամբ։ Պատճառը՝ աջ ծնկի ներքին մենիսկի պատռվածք։ Նրա բացակայությունը կտևի չորսից վեց շաբաթ։ Դարպասապահի նպատակն է վերականգնվել մինչ Էլ Կլասիկոն։

Դանի Օլմո

Կապտանռնագույնների հարձակվող կիսապաշտպանը, ով Լուիս դե լա Ֆուենտեի մոտ պետք է լիներ մեկնարկային կազմում Իսպանիայի հարձակման գծի բացակայությունների պատճառով, ժամկետից շուտ վերադարձավ և կբացակայի 2-3 շաբաթ։ Վնասվածքի հաստատման օրվանից մինչև Կլասիկոյի օրը կանցնի երկու շաբաթ, բայց նրա ներկայությունը գրեթե բացառվում է։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում իսպանական գրանդներ Ռեալ Մադրիդն ու Բարսելոնան միմյանց առաջին անգամ կհանդիպեն Սանտյագո Բեռնաբեուում հոկտեմբերի 26–ին 19։15–ին։

Liana

Հեղինակ՝ Liana