ad-banner-1

Լապորտա. «Նա հանճար է»

Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան բացահայտ աջակցություն է հայտնել թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալին՝ ընդամենը մի քանի ժամ առաջ, մինչև Չեմպիոնների լիգայի չորրորդ հանդիպումը Բելգիայում՝ Բրյուգեի դեմ։

18-ամյա հրաշամանուկը վերջին շաբաթներին մեծ ճնշման տակ է՝ սեպտեմբերյան Էլ Կլասիկոյից առաջ Մադրիդի Ռեալի հասցեին արված իր հայտարարություններից հետո։ Բացի այդ, որոշ մտահոգություններ են առաջացել նաև նրա՝ խաղադաշտից դուրս վարքի շուրջ։

Միևնույն ժամանակ Լամինն ունի կոնքի շրջանում ցավեր, որոնք խանգարում են նրան՝ խաղալ իր լավագույն մակարդակով։

Այս ամենի ֆոնին Բարսելոնայի նախագահը հրապարակային կերպով պաշտպանեց 18-ամյա ֆուտբոլիստին. «Նա հանճար է։ Ես լիովին նրա կողքին եմ, աջակցում եմ նրան։ Նա հրաշալի երիտասարդ է և փայլուն ֆուտբոլիստ։ Մենք Բարսայում բախտավոր ենք, որ մեր պատմության ընթացքում մշտապես ունեցել ենք այսպիսի տաղանդավոր խաղացողներ»։

Նախագահը նաև ընդգծեց Յամալի նկատմամբ համբերատար և հոգատար լինելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նրա կոնքի վնասվածքը․

«Մենք պետք է պաշտպանենք նրան։ Նա ընդամենը 18 տարեկան է, և հեշտ չէ տիրապետել այն ամենին, ինչ տեղի է ունենում իր շուրջը։ Բայց նա լավ է արձագանքում, խելացի տղա է, և պետք է հասկանալ նրան։ Կոնքի վնասվածքները միանգամից չեն բուժվում։ Նա աշխատում է շատ, ինչպես բոլոր վնասվածք ունեցող ֆուտբոլիստները»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։