ad-banner-1

Լապորտա. «Բարսան պատրաստ է մեծ գործարքի»

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան չի բացառել, որ թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրվել մեկ կենտրոնական պաշտպանով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Անհրաժեշտությունը առաջացել է ամռանը Ինյիգո Մարտինեսի հեռանալուց հետո, ինչպես նաև Ռոնալդ Արաուխոյի անորոշ բացակայության պատճառով, ով այժմ վերականգնվում է հոգեբանական ծանր վիճակից։

Այս պայմաններում Լապորտան Foros de Vanguardia միջոցառման ժամանակ նշել է, որ Դեկուն ակտիվորեն ուսումնասիրում է շուկան․ «Դեկուն շատ է աշխատում։ Շուկայում կարող են լինել հնարավորություններ։ Ամեն ինչ պետք է մանրակրկիտ գնահատել։ Չեմ կարող ասել՝ ում կգնենք, բայց պատրաստ կլինենք»,– ասել է նա։

Լապորտան բարձր է գնահատել նաև գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի աշխատանքը․ «Ֆլիկը մեր խաղացողներից առավելագույնն է դուրս բերում։ Ժերար Մարտինը շատ լավ է հանդես գալիս ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ Էրիկը բազմապրոֆիլ է»։

Ակումբի նախագահը նաև հաստատել է, որ հաջորդ շաբաթ կստորագրվի Էրիկ Գարսիայի պայմանագրի երկարաձգումը․ «Հաջորդ հինգշաբթի կներկայացնենք նրա նոր պայմանագրի մասին համաձայնագիրը»։

Արաուխոյի վիճակի մասին խոսելիս՝ Լապորտան կրկին ընդգծել է ակումբի լիակատար աջակցությունը․ «Մենք պետք է աջակցենք Արաուխոյին։ Նա ինձ շնորհակալություն հայտնեց և ասաց, որ նորից մոտիվացված կլինի։ Դրանք նուրբ հարցեր են, և պետք է թողնել՝ մասնագետները կառավարեն։ Նա շատ զգայուն ու հուզական անձնավորություն է։ Նա ինձ բարի հաղորդագրություն էր ուղարկել։

Նա խաղացող է, ով մեզ պետք է։ Նրա նման կոպիտ ֆիզիկական հատկանիշներով պաշտպան չունենք։ Պարզապես դժբախտություն ապրեց՝ չափից դուրս ագրեսիվ խաղալով։ Առաջին դեղին քարտը չէր ուզում ստանալ՝ նա անհանգստացած է դրանից։ Ֆլիկն ու Դեկուն աշխատում են իրավիճակի վրա»։

Լապորտային հարցրել են նաև՝ արդյոք ամռանը պետք է փոխարինող գտնել Ռոբերտ Լևանդովսկուն՝ հաշվի առնելով, որ պայմանագիրը մոտենում է ավարտին, իսկ Լևան արդեն մոտենում է 38 տարեկանին։

«Դա պետք է Դեկուի հետ քննարկել։ Կտեսնենք՝ ինչպիսին կլինի Լևայի մրցաշրջանը։ Նա վնասվածք ուներ, բայց նորից գոլեր է խփում։ Նա սիրված է հանդերձարանում, լավ է շփվում երիտասարդների հետ ու խորհուրդներ է տալիս»,– ասել է Լապորտան։

«Մենք որոշ խաղացողներ ունենք, որոնց համար հնարավոր է ամռանը պետք լինեն փոխարինողներ։ Դեկուն դրանով զբաղվում է՝ ավելի շատ ամռան համար, քան ձմռան»։

Չնայած ֆինանսական դժվարություններին՝ Լապորտան վստահեցրել է․ «Մենք ունակ ենք լուրջ ներդրում անել, բայց չենք պատրաստվում խելահեղ տրանսֆերներ կատարել։ Ֆինանսական տարբեր լուծումներ Բարսայի համար միշտ կան։

Եթե որոշենք, որ կոնկրետ խաղացողի տրանսֆերը անհրաժեշտ է թիմը «կարգի բերելու» համար, մենք լիովին ունակ ենք դա անել։ Բայց դա պարտադիր չէ։ Մենք շատ ուժեղ հիմնական կազմ ունենք։ Շատ խաղացողներ պարզապես չեն արդարացնում սպասելիքները, և օրինակները շատ են՝ բոլորս նույն բանն ենք մտածում։

Բարսան կարող է ցանկացած ներդրում անել, եթե ներքին գնահատմամբ դա անհրաժեշտ է»։

Ֆլիկի մասին, մասնավորապես՝ վերջին օրերին հայտնված նրա տխուր տեսքով լուսանկարի վերաբերյալ, Լապորտան ասել է․ «Կարող ենք հանգիստ լինել։ Ֆլիկը շատ լավ է իրեն զգում Բարսելոնայում։ Նա ունի հստակ գաղափարներ և հաճույք է ստանում աշխատանքից։ Նա շատ պահանջկոտ է՝ թե՛ իր, թե՛ թիմի նկատմամբ։ Ինձ դուր է գալիս, որ նա բողոքներով չի զբաղվում. միշտ լուծումներ է փնտրում և գտնում։

Նա շատ էներգիայով մարդ է։ Գերմանացի է, բայց՝ զգայուն։ Ունի մի խումբ՝ այլ վարքականոնով։ Շատ գոհ եմ Ֆլիկից։ Անհանգստանալու կարիք չկա։

Ալավեսի խաղի օրը նա զայրացած էր, որովհետև Մարկուս Սորգն ու Դե լա Ֆուենտեն հեռացվել էին։ Ռաֆինյան գործեց որպես ավագ ու գնաց նրանց մոտ։ Հետո բոլորս իջանք՝ նշելու ակումբի 126-ամյակը։

Այդ ամենից հետո նա արդեն հանգիստ էր։ Այսօր տեսա նրան՝ մոտիվացված էր։ Նախորդ օրը նա ինձ ասաց, որ մենք առաջինն ենք առաջնությունում»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։