Լա Լիգայում լարվածություն է
Լա Լիգայի առաջնությունը վերսկսվել է միջազգային դադարի ավարտից հետո, և 9-րդ տուրի առաջին հանդիպումը՝ Ռեալ Օվիեդո – Էսպանյոլ, վերածվել է բողոքի ակցիայի։
Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, մրցավար Մատեո Բուսքետսի սուլիչից հետո երկու թիմերի ֆուտբոլիստները չեն մեկնարկել խաղը մոտ 15–20 վայրկյան, սակայն Լա Լիգան այդ հատվածը չի հեռարձակել։

Ակցիան կազմակերպվել է Իսպանիայի Ֆուտբոլիստների Ասոցիացիայի (AFE) կողմից՝ ի նշան բողոքի Լա Լիգայի որոշման դեմ՝ Վիլյառեալ–Բարսելոնա հանդիպումը դեկտեմբերի 20-ին տեղափոխելու Մայամի։
Ակցիայի նպատակն է ցույց տալ ֆուտբոլիստների դժգոհությունը՝ առանց նրանց համաձայնության կայացված որոշման նկատմամբ։ Ասոցիացիան հայտարարել է, որ նմանատիպ բողոքի դադարներ կանցկացվեն նաև այս շաբաթավերջին նախատեսված Լա Լիգայի բոլոր խաղերում։
Միևնույն ժամանակ, Բարսելոնայի և Վիլյառեալի ֆուտբոլիստները բացառվել են նախաձեռնությունից, որպեսզի ակցիան չընկալվի որպես քայլ՝ ուղղված որևէ ակումբի դեմ։
AFE-ի պաշտոնական հայտարարությունում նշվում է.
📄 COMUNICADO | AFE ANUNCIA UNA ACCIÓN DE PROTESTA AL INICIO DE LOS PARTIDOS DE LA 9ª JORNADA DE LALIGA
— AFE (@afefutbol) October 17, 2025
Toda la información 👇🏼https://t.co/HuPsRhErhd
«Իսպանիայի Ֆուտբոլիստների Ասոցիացիան կտրականապես մերժում է այն նախագիծը, որը չի ստացել սպորտի գլխավոր դերակատարների՝ ֆուտբոլիստների համաձայնությունը։ Մենք պահանջում ենք բանակցային սեղանի ստեղծում, որտեղ կներկայացվի ամբողջ տեղեկատվությունը, կքննարկվեն ծրագրի առանձնահատկությունները, ինչպես նաև կերաշխավորվեն խաղացողների աշխատավորական իրավունքները և գործող կանոնակարգերին համապատասխանությունը»։
Ասոցիացիան նաև քննադատել է Լա Լիգայի կողմից նշանակված հանդիպման ամսաթվերը՝ հոկտեմբերի 8-ից առաջ, երբ դեռևս չէր հայտարարվել իրենց առարկությունը։
Ի պատասխան՝ Լա Լիգան հիշեցրել է, որ վերջին տասնամյակում ավելի քան 100 միլիոն եվրո է փոխանցել ֆուտբոլիստների միությանը։ Այնուամենայնիվ, լարվածությունը շարունակում է պահպանվել երկու կառույցների միջև, քանի որ կողմերը պատրաստվում են հաջորդ բանակցություններին՝ որոշելու, թե ինչպես պետք է կարգավորվի իսպանական ֆուտբոլի արտերկրում անցկացվող հանդիպումների հարցը։
