Ինչպես Բարսելոնան կրկին մերժեց Մեսսիին
Մեսսիի երազած վերադարձը գրեթե իրականություն էր. Լա Լիգայի կանաչ լույսը, պատրաստի պայմանագիրը և Չավիի համաձայնությունը… մինչև որ մեկ զանգ փոխեց ամեն ինչ։
Բարսելոնան ընդամենը մի քանի տարվա ընթացքում երկու անգամ «ոչ» է ասել Լեո Մեսսիին։ Առաջինը՝ 2021-ին, երբ արգենտինացին ստիպված էր հեռանալ և տեղափոխվել ՊՍԺ։ Երկրորդը, որը շատ ավելի քիչ է բացահայտված, տեղի ունեցավ 2023-ին, երբ Մեսսին ցանկացավ վերադառնալ տուն, սակայն կատալոնական ակումբը կանգնեցրեց գործընթացը։
SPORT TV-ի «La Posesión» հաղորդման բացահայտմամբ՝ այդ երկրորդ մերժման երեք հիմնական դերակատարներն էին Չավի Էրնանդեսը, Մեսսին և Բարսայի ղեկավարությունը։ Պատմություն, որը վերջում աշխարհի չեմպիոնին տարավ Ինտեր Մայամի։
Ժամանակագրությունը սկսվում է 2023-ի հունվարի 6-ից։ Չավի Էրնանդեսը ընտանիքի հետ տոնում էր Թագավորների օրը, երբ ստացավ անսպասելի զանգ․ գծի մյուս կողմում Լեո Մեսսին էր։ Արգենտինացին հայտնում է՝ կայացրել է վերջնական որոշումը. ուզում է վերադառնալ Բարսա։ Նա ոգևորված էր ու պատրաստ՝ ՊՍԺ-ում անցկացրած երկու տարիներից հետո կրկին վերադառնալ կյանքի գլխավոր ակումբ։
Չավին անմիջապես հասկանում է պատմական հնարավորությունը. իր թիմը, որը ամիսներ անց դառնալու էր Իսպանիայի չեմպիոն, կարող էր ստանալ մրցակցային հսկայական թռիչք։ Նա նաև գիտեր՝ Մեսսին, իր հասուն խաղով, տարիքով, դեռ կարող է վճռորոշ լինել։
Հաջորդ ամիսներին Չավին և Մեսսին խոսում էին մոտ ամեն 10–15 օրը մեկ։ Քննարկում էին դերը, խաղային մոտեցումները, և վերջում գալիս լիակատար համաձայնության․ Մեսսին ընդունելու էր նոր, ավելի հարմարեցված դեր, իսկ Չավին ուներ հստակ պատկերացում, թե ինչպես է ինտեգրելու լեգենդին թիմում։
Փետրվարին Մեսսին նույնիսկ խնդրում է Չավիին հանդիպել Խորխե Մեսսիին՝ գործընթացը արագացնելու համար։ Լա Լիգայի ուղևորության ժամանակ մարզիչը տեղեկացնում է ամեն ինչ Ժոան Լապորտային, և նախագահը կրկին ոգևորվում է՝ տեսնելով 2021-ի ցավոտ իրավիճակն ուղղելու հնարավորությունը։
Կանաչ լույս և գրեթե պատրաստ պայմանագիր
Ապրիլին գալիս է այն լուրը, որը թվում էր վերջնական։ Մարզումից առաջ ֆուտբոլային տնօրեն Մատեու Ալեմանին մոտենում է Չավիին և ասում․ «Լա Լիգան մեզ տալիս է կանաչ լույս, ամեն ինչ ճանապարհին է»։ Պայմանագիրն արդեն կազմված էր՝ երկու տարվա, գրեթե ամբողջությամբ համաձայնեցված, սպասում էր միայն վերջին շտկումներին։ Մեսսիի վերադարձը այլևս երազ չէր, այլ տեխնիկական ընթացք։ Այստեղ էլ տեղի է ունենում շրջադարձը։
Մի քանի օր անց Խորխե Մեսսին զանգահարում է Չավիին․«Ինձ ասում են, որ դա չի լինի, Լա Լիգան չի տալիս հավանություն»։
Գործընթացը կանգ է առնում։ Ակումբը հանկարծ փոխում է դիրքորոշումը։ Հստակությունը փոխվում է անորոշությամբ, և Մեսսին, հոգնած սպասումից ու անկայունությունից, վերջում ընդունում է Ինտեր Մայամիի առաջարկը։
Այսպես ձևավորվեց Բարսայի երկրորդ «ոչ»-ը։ Այդ զանգը դարձավ մի կետ, որտեղ քանդվեց այն, ինչ ամիսներ շարունակ կառուցվում էր։ Բարսայի կողմից Մեսսիին ուղղված երկրորդ մերժումը դարձավ ներքին պատմություն՝ լեցուն կասկածներով, փոխվող դիրքորոշումներով և երբեք չբացահայտված մանրամասներով… մինչև հիմա։
