Հանսի Ֆլիկն ինքնաքննադատության է դիմել
Բարսելոնայի 126-ամյակն ավելի շքեղ դարձրին թիմի ֆուտբոլիստները՝ սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթանակ տանելով Ալավեսի նկատմամբ։ Թիմում տոն էր, քանի որ Ռաֆինյան մեկնարկային կազմում էր, իսկ Պեդրին վերջապես խաղադաշտ վերադարձավ։ Հանսի Ֆլիկը ևս ոգևորված էր, թիմի հետ տոնեց Լա Լիգայում ժամանակավոր առաջատարի դիրքը՝ դրական գնահատելով Սթեմֆորդ Բրիջում կրած պարտությունից հետո ցուցաբերած արձագանքը։
Այդուհանդերձ, ըստ Mundo Deportivo-ի, Ֆլիկը ինքնաքննադատությամբ հանդես եկավ՝ պահանջելով ավելի մեծ արդյունավետություն մրցակցի դարպասի առջև. «Առաջին և երկրորդ կեսերում էլ գոլ խփելու հնարավորություններ ունեինք։ Հրաշալի է երեք միավոր վաստակելը, բայց մենք պետք է բարելավենք արդյունավետությունը դարպասի առջև։ Ես գոհ չեմ որոշ դրվագներից, քանի որ գնդակներ կորցրեցինք»։
Անդրադառնալով Ռաֆինյայի՝ երկու ամսվա ընթացքում առաջին անգամ մեկնարկային կազմում ընդգրկվելուն, Ֆլիկը գնահատեց նրա ազդեցությունը թիմի մնացած անդամների վրա. «Նա մեզ շատ դինամիկա է տալիս և շատ կարևոր է։ Նրա ինտենսիվությունը բարձր է, և երբ նա պրեսինգ է անում, մնացածն էլ պատրաստ են դա անել։ Շատ լավ է, որ նա վերադարձել է, դեռ բարելավելու տեղ կա, բայց նա դա կանի»։
Նա նաև ուրախացավ Պեդրիի վերադարձի կապակցությամբ. «Ես շատ ուրախ եմ, որ նրանք վերադարձել են։ Հեշտ չէր կառավարել րոպեները։ Ռաֆինյան կարող էր խաղալ ընդամենը 60 րոպե, իսկ Պեդրին՝ 30։ Կտեսնենք, թե երեքշաբթի քանի րոպե կխաղան։ Ես խաղից հետո զրուցել եմ Պեդրիի հետ, և նա լավ է»։
Կային նաև այլ անուններ, որոնք ընդգծեց Ֆլիկը, հատկապես շեշտեց Դանի Օլմոյի անունը՝ այս երեկո դուբլի հեղինակ դարձավ. «Ես նաև գոհ եմ Դանիից։ Նա երկու դժվարին շաբաթ է անցկացրել և երկու լավ գոլ է խփել։ Ֆուտբոլում բոլորը գիտեն, որ նա ֆանտաստիկ խաղացող է։ Երբեմն թվում է, թե նա ցանկանում է ավելին և ուզում է երկրորդ քայլն անել մինչև առաջինը և չափից շատ է մտածում։ Ես ասել եմ նրան, որ վայելի այս խաղը։ Ինձ նույնպես դուր էր գալիս, երբ ես խաղում էի։ Հիմա այն պահն է, որ պետք է տալ ամեն ինչ և ցուցադրել յուրաքանչյուրիս լավագույն տարբերակը։ Նաև երկրպագուների համար, ովքեր ցանկանում են տեսնել յուրաքանչյուրի առավելագույն մակարդակը», – ասաց գերմանացին՝ հստակ ուղերձ հղելով մնացածին։
Ժոան Գարսիայի փայլուն խաղը, որը վճռորոշ էր երկու սեյվերով, հարց առաջացրեց, թե արդյոք նա արժանի է հայտնվել Իսպանիայի հավաքականում։ Ֆլիկը ձեռնպահ մնաց, բայց ընդգծեց. «Ես չեմ, որ պետք է պատասխանեմ դրան։ Դա պետք է որոշի հավաքականի մարզիչը, բայց ապագայում մենք, անշուշտ, նրան կտեսնենք»։
Ինչ վերաբերում է Ժերար Մարտինի՝ որպես ձախ կենտրոնական պաշտպանի երկրորդ մենամարտին, Հանսին կարծիք հայտնեց. «Միշտ լավ է ունենալ նրա նման ֆուտբոլիստ՝ այդ դիրքը զբաղեցնելու համար։ Մենք միշտ մտածում ենք, թե ինչպես կարող ենք բարելավել խաղացողներին։ Ձախ ոտքով ֆուտբոլիստը մեզ հնարավորություններ է տալիս խաղ կառուցելու համար։ Ինձ դուր է գալիս նրա մտածելակերպը։ Ես միշտ մարզվելուց հետո նրան մարզասրահում եմ տեսնում՝ անում այն, ինչ պետք է անի։ Դու գիտես, թե ինչ նա քեզ կտա»։
Մարկ Բերնալի մասին, ով ծնկի ծանր վնասվածքից հետո 15 ամսվա ընթացքում առաջին անգամ մեկնարկային կազմում էր, նա նույնպես լավ խոսքեր ասաց. «Լավ է այն քայլը, որ նա արեց այսօր, կարողանալով 45 րոպե խաղալ։ Դա նրան վստահություն է հաղորդում հաջորդ շաբաթվա համար, քանի որ մեզ անհրաժեշտ են բոլոր խաղացողները։ Նա լավ է զարգանում, և ես ուրախ եմ»։
Մարկ Կասադոյի մասին, ով մեկնարկային կազմում էր Բերնալի հետ միասին, նա գովերգեց նրա խելացիությունը խաղադաշտում. «Նրա համար հեշտ չէր։ Նախ խաղացել է որպես «6», իսկ հետո որպես «8»։ Նա չէր կարող խաղալ ամբողջ խաղը, և մենք պետք է կառավարենք դա։ Նա նաև երկու կամ երեք րոպե խաղաց աջ եզրային հարձակվողի դիրքում։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա կառավարում պաշտպանությունը։ Նա շատ խելացի է, և մեզ անհրաժեշտ է նրա առավելագույն մակարդակը»։ Մարզիչը նաև բացատրեց Էրիկ Գարսիայի փոխարինման պատճառը. «Նա ցավոտ հարված է ստացել։ Նա չէր կարող խաղալ այդ ցավով»։
Ֆլիկը նաև ինքնաքննադատություն արեց՝ համեմատելով իր առաջին մրցաշրջանը «Բարսայում». «Մենք չունենք նախորդ մրցաշրջանի վերահսկողությունն ու ինտենսիվությունը։ Ինձ ասում էին, որ մենք ունենք նույն միավորները (34-րդ տուրում՝ 34 միավոր)։ Դա ինձ չի անհանգստացնում, բայց մենք պետք է ավելի շատ բան բարելավենք, սակայն այս մրցաշրջանում ավելի շատ վնասվածքներ ենք ունեցել։ Մենք աշխատում ենք։ Անցյալ տարի բոլորը կարող էին խաղալ մեկնարկից և բարելավվել»։
Ինչ վերաբերում է իր օգնականներ Մարկուս Սորգի և Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեի հեռացմանը, նա ասաց, որ չգիտի պատճառը և կրկին մատնանշեց մրցավարական կազմը. «Ես հարցրի չորրորդ մրցավարին, թե ինչ է պատահել, և նա ասաց, որ ոչինչ։ Ինձ մի փոքր պակասում էր հաղորդակցությունը չորրորդ մրցավարի հետ։ Եթե նա ինձ ասեր, որ իմ պահեստայինների նստարանը հանգիստ պահեմ, ես դա կանեի»։
