Ֆլիկը զգուշացնում է․ Ալբասետեն կարող է նոր անակնկալ մատուցել
Բարսելոնան շարունակում է խաղալ խիտ մրցացանկով և վաղը Կոպա դել Ռեյի քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Ալբասետեի հետ։ Ստորին լիգան ներկայացնող թիմը արդեն հասցրել է անակնկալ մատուցել՝ նախորդ փուլում մրցաշարից դուրս թողնելով Ռեալ Մադրիդին, ինչի պատճառով հանդիպումը խոստանում է բարդ ու լուրջ փորձություն լինել կատալոնական ակումբի համար։ Մինչ Կառլոս Բելմոնտե մարզադաշտ ուղևորվելը, Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նախախաղային մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։
Լամին Յամալի և Ալեխանդրո Բալդեի մասին
«Լամինը հաճույքով է խաղում ֆուտբոլ։ Կան նաև շատ այլ խաղացողներ, որոնք ներկայում իրենց լավագույն տարբերակն են ցույց տալիս։ Հատկապես կարող եմ ընդգծել Բալդեին։ Այն, ինչ նա անում է, գերազանց է, բայց դեռ զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Դրա վրա էլ աշխատում ենք։ Նա նաև ազգային հավաքականի մակարդակի խաղացող է․ հիանալի աշխատանք է կատարում»։
Ֆեռան Տոռեսի պայմանագրի երկարաձգման մասին
«Մենք ունենք ֆանտաստիկ խաղացողներ, մթնոլորտը՝ անհավանական։ Նրանք գործընկերներ են, թիմակիցներ և ընկերներ։ Եթե կարողանանք դա իրականացնել, շատ լավ կլինի։ Ես գոհ եմ բոլոր խաղացողներից, բայց սա ակումբի որոշումն է։ Պետք է մտածենք ապագայի մասին, կարևոր է պահել խաղացողներին և հասկանալ՝ ինչպես կարող են օգտակար լինել ապագայում։ Դա Դեկուի աշխատանքպ է»։
Փոխարինողների ներդրման մասին
«Մենք հիանալի հոգեվիճակում ենք։ Այս թիմում տեղ գտնելը հեշտ չէ։ Ունենք մեկնարկային կազմ, բայց նաև հինգ խաղացող, որոնք ավարտելու են հանդիպումը և շատ կարևոր են լինելու։ Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի, երբ ժամանակը գա դուրս գալու խաղադաշտ»։
Խաղաժամանակի կառավարման մասին
«Կկառավարենք, բայց չեմ ասի, թե ով կլինի մեկնարկային կազմում»։
Ռեշֆորդի և նրա ապագայի մասին
«Կարծում եմ՝ նա մեծ պոտենցիալ ունի ցույց տալու։ Մենք միշտ նայում ենք գոլերին, վերջնական փոխանցումներին, որովհետև զարգացման տեղ կա։ Բայց իր արագությամբ ու տեխնիկայով նա կարող է շատ ավելին տալ։ Ես գոհ եմ, բայց նա դեռ շատ պոտենցիալ ունի։ Ցանկանում եմ, որ բոլորը լինեն իրենց լավագույն տարբերակը։ Սա վերաբերում է մենթալիտետին, աշխատանքի ընթացքում վերաբերմունքին… Մենք ուզում ենք միշտ տեսնել առաջընթաց»։
Գավիի վերադարձի մասին
«Կտեսնենք՝ քայլ առ քայլ։ Ամենակարևորը նրա համար հանգիստ մնալն է և ամեն ինչ անել փուլ առ փուլ։ Նա շատ երկար կարիերա ունի առջևում և ցանկանում է երկար տարիներ խաղալ։ Կարևոր է, որ վերականգնվի, բայց առանց շտապելու։ Մենք հոգ ենք տանում նրա մասին»։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի գնահատականը
«Գոհ ենք իրավիճակից։ Չէի ուզում, որ Դրոն հեռանար, բայց ոչինչ չէի կարող անել։ Ուրախ եմ, որովհետև եթե բոլորը լինեն իրենց առավելագույն մակարդակում, մեկնարկային կազմ ընտրելը շատ դժվար կլինի։ Մենք լավ ենք կատարել մեր աշխատանքը»։
Պատրաստությունը Ալբասետեի դեմ խաղին
«Միշտ վերլուծում ենք մրցակցին։ Այն, ինչ Ալբասետեն արեց Ռեալ Մադրիդի դեմ, շատ լավ էր։ Կարևորը՝ ինչպես ենք սկսում՝ ճիշտ մենթալիտետով։ Փոքր փոփոխություններ պետք է անենք։ Էլչեում մեր խաղից շատ գոհ էի, բայց բաց թողեցինք բազմաթիվ ակնհայտ պահեր։ Մենք կատարելության հետևից չենք ընկնում, այլ առաջընթացի։ Չելսիի խաղից հետո քայլ առ քայլ բարձրացրել ենք մակարդակը։ Կարևոր խաղացողները շատ լավ վիճակում են։ Նրանք պետք է զգան, որ մենք հավատում ենք թիմին։ Վաղը պետք է ունենանք ճիշտ տրամադրվածություն և հաղթենք մենամարտերում։ Դա եմ ուզում տեսնել»։
Ռաֆինյայի ֆիզիկական վիճակի մասին
«Անկեղծ ասած՝ դրանից գոհ չեմ։ Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է։ Կտեսնենք՝ ինչ պետք է փոխի նա և ինչ պետք է փոխենք մենք։ Մրցաշրջանի ամենակարևոր փուլն է սկսվում, և մեզ բոլորն են պետք։ Երբ նա չի կարող խաղալ, դա լավ չէ»։
Տեդ Շտեգենի վնասվածքի մասին
«Հենց նոր իմացա նրա վնասվածքի մասին։ Դեռ չեմ խոսել նրա կամ Դեկուի հետ։ Վատ եմ զգում նրա համար։ Պետք է սպասենք հետազոտությունների արդյունքներին»։
Կրկին Ալբասետեի մասին
«Ինչպես ասել եմ նախկինում, Իսպանիայի գավաթի խաղերը միշտ այսպիսին են։ Դրա համար էլ սիրում ենք դրանք, որովհետև երբեմն լինում են անսպասելի արդյունքներ։ Նրանք կորցնելու բան չունեն, միայն՝ հաղթելու»։
Աղբյուր՝ Mundo Deportivo։
