ad-banner-1

Ֆլիկը ամփոփել է Բետիսի դեմ հաղթանակը

Հանսի Ֆլիկը Բետիսի դեմ դրամատիկ 5-3 հաղթանակից հետո շատ գոհ էդ թիմից։ Գերմանացի մասնագետն ընդգծեց իր խաղացողների նվիրումը և խուսափեց որևէ բացասական մեկնաբանությունից՝ չնայած խաղի ընթացքում եղած բարդություններին։ «Կարծում եմ՝ առաջին կեսը շատ լավ էր, իսկ երկրորդում մենք հոգնեցինք։ Պաշտպանությունում չկարողացանք վերահսկել խաղի վերջին րոպեները։ Բայց ուզում եմ դրական գնահատել, հետագայում կվերլուծենք։ Կարևորը այն է, որ մենք հաղթեցինք»։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Մարզիչը հատկապես գոհ էր թիմի արձագանքից՝ հաշվի մեջ հետ մնալուց հետո․ «Շատ երջանիկ եմ թիմից։ Նրանք պայքարեցին՝ նույնիսկ մեկ գոլով հետ մնալուց հետո։ Առաջին կեսում հիանալի խաղացին և վերջում ամբողջովին ուժասպառ եղան։ 90 րոպե պայքարեցին, և ես դա բարձր եմ գնահատում»։

Ֆլիկը նշեց նաև թիմի արդյունավետությունը խաղի սկզբում․ «Միշտ կարևոր է հաղթելը։ Բոլոր խաղերում էլ հեշտ չէ, հատկապես նման տեխնիկական թիմի դեմ, որը հիանալի ֆուտբոլիստներ ունի։ Բայց առաջին կեսի մեր խաղը շատ դրական էր»։

Գերմանացի մարզիչը գնահատեց նաև Լամին Յամալի խաղը որպես հարձակվողական կիսապաշտպանի․ «Նա լավ էր, նաև պաշտպանությունում։ Աշխատեց թիմում մյուսների հետ։ Դա մեր ունեցած տարբերակներից մեկն է»։ Նա ընդգծեց երիտասարդի առաջընթացը․ «Նա շատ է աճել և պաշտպանությունում էլ է լավացել։ Ֆանտաստիկ պրոֆեսիոնալ է»։ Ֆլիկը խոսեց նաև որոշման մասին․ «Սա պարզապես մի տարբերակ էր։ Մեզ համար կարևոր էր՝ նա ցանկանում է խաղալ այդ դիրքում, և նա ասաց այո, որ կփորձի։ Նա գոհ էր»։ Նա առանձնացրեց նաև Ռունիին․ «Նա մեզ շատ օգուտ է տալիս»։

Խաղի գլխավոր հերոսներից մյուսը՝ երեք գոլի հեղինակ Ֆեռան Տոռեսը, նույնպես արժանացավ մարզչի գովեստին։ «Նա շատ խելացի խաղացող է։ Լավ է կարդում տարածությունները, և այսօր դա ֆանտաստիկ կատարեց։ Ունի հիանալի մտածելակերպ և վստահություն։ Սա է ճիշտ ճանապարհը։ Նա ամբողջովին արժանի է մեկնարկային կազմում լինելուն։ Միշտ գտնվում է այնտեղ, որտեղ պետք է։ Այս մարզադաշտը Ֆեռանի մարզադաշտն է, նաև հրաշալի է երբ նա խաղում է ազգային հավաքականում, որտեղ նույնպես հեթ-տրիկ է գրանցել»։

Եզրափակելով՝ Ֆլիկը խոսեց ամենօրյա աշխատանքային գործընթացի կարևորության մասին․ «Ես կենտրոնանում եմ մարզումների վրա։ Եթե մարզվում ես 70-80% ուժով, խաղերում էլ այդպես ես հանդես գալիս։ Վերջին շաբաթվա ինտենսիվությունը շատ բարձր էր։ Եվ ես հավատում եմ, որ սա է ճիշտ ուղին՝ ըստ այն ամենի, ինչ տեսա»։ Թեև հաղթանակը համոզիչ էր, նա խուսափեց չափազանց մեծ հիացմունք ցուցադրելուց․ «Քայլ առ քայլ ենք շարժվում։ Հիմա պետք է տոնել հաղթանակը, բայց հաջորդ խաղն արդեն երեքշաբթի՝ Ֆրանկֆուրտի դեմ, տնային շատ կարևոր և բարդ խաղ է»։

Աղբյուր՝ Mundo Deportivo

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։