ad-banner-1
Բալդե–Յամալ–Ֆլիկ

Ֆլիկ. «Սիրում եմ այս ակումբը, ես ապրում եմ Բարսելոնայով»

Բարսելոնան պատրաստվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղին՝ Օլիմպիակոսի դեմ։ Նախորդ տուրում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո Հանսի Ֆլիկի թիմը ցանկանում է վերադառնալ հաղթանակների շարքին։

Գերմանացի մասնագետը մամուլի ասուլիսում նախ անդրադարձավ մրցակցին՝ նշելով. «Օլիմպիակոսը հզոր հարձակողական թիմ է։ Բավական է դիտել նրանց հանդիպումը Արսենալի դեմ՝ հասկանալու, թե որքան վտանգավոր են նրանք։ Մենք պետք է զգոն լինենք և խաղադաշտում ճիշտ դիրքավորում գտնենք»։

Ֆլիկը խոսեց նաև թիմի մարզավիճակի մասին. «Այս պահին մենք բարդ իրավիճակում ենք, բայց Ժիրոնայի դեմ հաղթանակը շատ կարևոր էր։ Դա մեզ օգնեց մի փոքր վստահություն վերադարձնել։ Մենք երիտասարդ թիմ ունենք, և նման խաղերը օգնում են աճել։ Քննարկել ենք մեր դիրքավորումը, ճիշտ հեռավորությունը մրցակցից և ճնշման պահերը։ Պետք է այդ ասպեկտները բարելավենք»։

Մարզիչը հաստատեց, որ Ֆեռան Տոռեսը և Ռաֆինյան դեռևս պատրաստ չեն մասնակցելու վաղվա խաղին. «Հուսով ենք, որ նրանք պատրաստ կլինեն Էլ Կլասիկոյին։ Վաղը նրանց խաղ վերադարձնելը ռիսկային կլիներ։ Հինգշաբթի ավելի շատ թեստեր կանենք և կտեսնենք՝ ինչպես է առաջընթացը»։

Նա անդրադարձավ նաև Մարկ Բերնալի վիճակին՝ նշելով, որ խաղացողը դեռ 100 տոկոսով պատրաստ չէ մեծ խաղերի. «Մենք պետք է խնամքով մոտենանք նրան, որպեսզի ավելի չվնասենք»։

Խոսելով հնարավոր փոփոխությունների մասին՝ Ֆլիկը նշեց, որ Ռունի Բարդաղջին կարող է խաղալ թե՛ որպես հարձակվող, թե՛ հարձակողական կիսապաշտպան. «Մենք դեռ մտածում ենք մեկնարկային կազմի մասին և գնահատում ենք բոլոր տարբերակները», — ասաց նա։

Գերմանացի մարզիչը նաև գովեց Մարկուս Ռեշֆորդին՝ ընդգծելով նրա բազմակողմանիությունը. «Ռեշֆորդը հիանալի տարբերակ է թե՛ որպես համար 9, թե՛ 11։ Նա վերջին շաբաթներին շատ է բարելավվել և դրական էներգիա է բերում թիմին»։

Անդրադառնալով իր հույզերին՝ Ֆլիկը ժպիտով նշեց. «Ես ավելի շատ հույզեր ունեմ, քան երբևէ։ Այս ակումբը փոխել է ինձ։ Սիրում եմ Բարսելոնան, սիրում եմ այստեղի մարդկանց։ Ես ապրում եմ այս ակումբով։ Երբեմն, երբ ինձ տեսնում եմ հեռուստացույցով, մտածում եմ՝ գուցե չափազանց հուզական եմ, բայց դա գալիս է սիրուց»։

Ինչ վերաբերում է Ժիրոնայի դեմ ստացած կարմիր քարտին, Ֆլիկը նշեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է. «Մենք բողոքարկել ենք որոշումը, բայց հիմա կենտրոնացած ենք Չեմպիոնների լիգայի վրա։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Իսպանիայում մրցավարներն ավելի շատ են կողմնակալ Ռեալի հանդեպ, ես պարզապես կասեմ՝ դուք այստեղ ավելի երկար եք, քան ես (ծիծաղում է)»։

Liana

Հեղինակ՝ Liana