Ֆլիկ. «Նա անհավանական է, լավագույնն է»
Բարսելոնան Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում նվազագույնը 24 ժամով յոթ միավորի առավելություն է ստեղծել՝ Կամպ Նոուում Օսասունայի նկատմամբ տոնելով վստահ՝ 2:0 հաշվով հաղթանակ։
Կապտանռնագույնները խաղի սկզբից մինչև վերջ լիովին գերակշռում էին և կարող էին հաղթել ավելի խոշոր հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում Ռաֆինյայի դուբլը լիովին բավարար էր Հանսի Ֆլիկի թիմի համար՝ ձևակերպելու անընդմեջ յոթերորդ հաղթանակը առաջնությունում։ Թիմի գլխավոր մարզիչը խաղից հետո մամուլի առաջ գնահատել է հաղթանակը։
«Ամենակարևորը երեք միավորն է։ Մենք վերահսկում էինք խաղը, պաշտպանությունում լավ էինք գործում։ Գուցե շատ գոլային պահեր չունեցանք, բայց երկու գոլ խփեցինք»։
Պեդրիի խաղը. «Առաջին գոլի դրվագում մենք տարածք ունեինք և օգտվեցինք դրանից։ Պեդրին անհավանական է, լավագույնն է, նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է։ Գերազանց խաղացող է։
Ռաֆինյան կենտրոնում. «Նա շատ կարևոր է թիմի համար։ Կարևոր էր, որ նա երկու գոլ խփեց՝ ևս մեկ քայլ առաջ կատարելով։ Նա թիմի առանցքային ֆուտբոլիստներից է։ Այսօր մեզ համար դժվար էր ազատ տարածքներ գտնել, բայց երբ ստեղծում էինք դրանք, կարողանում էինք օգտվել՝ Պեդրիի, Ռաֆինյայի շնորհիվ»։
Առաջատար լինելը մինչև տարվա վերջ. «Երեկ էլ եմ ասել՝ ես չեմ մտածում մյուս թիմերի մասին։ Մենք ուզում ենք գնալ Վիլյառեալ և հաղթել։ Նրանք շատ լավ են խաղում։ Պետք է գնանք այնտեղ և փորձենք հաղթել։ Ճանապարհը երկար է, և մենք պետք է ապրենք ներկա պահով»։
Դարպասապահը Իսպանիայի գավաթում. «Դեռ չենք որոշել, թե ով կխաղա։ Գուցե վաղը կամ երկուշաբթի։ Ֆուտբոլիստները պետք է վերականգնվեն, կտեսնենք»։
Չոր խաղը. «Միշտ լավ է խաղերն ավարտել առանց բաց թողած գոլի։ Մենք գրեթե 80 տոկոս գնդակին տիրում ունեինք։ Ցանկանում եմ շնորհավորել պաշտպանությանը և ամբողջ թիմին»։
Պաշտպանական գիծը. «Կուբարսին ֆանտաստիկ մակարդակով է խաղում։ Սա նրա երրորդ մրցաշրջանն է առաջին թիմում, բայց թվում է՝ մեծ փորձ ունի։ Նա օգնում է խաղարկման փուլում։ Նման ֆուտբոլիստ ունենալը շքեղություն է։
Էրիկը նույնպես գերազանց ելույթ ունեցավ՝ մեզ պաշտպանությունում մեծ կայունություն հաղորդելով, և իմ կարծիքով, նա այսօր ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց։ Լավ է, որ բոլորն այս մակարդակի վրա են։
Կարծում եմ՝ Ժերարը շատ է բարելավվել, իսկ Կուբարսիի մասին արդեն ասացի. նա 18 տարեկան է և խաղում է այս մակարդակում, ինչը անհավանական է։
Շնորհավորում եմ բոլորին, և ցանկանում եմ ողջունել երիտասարդ խաղացողների առաջընթացը»։
Շչենսնի. «Շչենսնին ստամոքսի վիրուս ուներ։ Ահա թե ինչու նա այսօր չէր հրավիրվել»։
Վերադարձ Կամպ Նոու. «Դա հրաշալի բան է, իսկապես հրաշալի, և մենք նաև հաղթել ենք բոլոր խաղերում, և դա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը չափազանց ուրախ էր վերադառնալ այս հրաշալի մարզադաշտ։ Եվ այն, որ մենք հաղթել ենք բոլոր խաղերում, ևս հրաշալի է, ուստի կարող ենք շարունակել այսպես։ Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, և կարծում եմ՝ երկրպագուները նույնպես ուրախ են, որ մենք խաղում ենք մեր մարզադաշտում»։
Ճնշում Ռեալ Մադրիդի վրա և Խաբի Ալոնսոյի ապագան. «Ես չեմ ցանկանում խոսել մրցակիցների մասին։ Կարծում եմ՝ դա այն հարցը չէ, որն ինձ է վերաբերում, այլ ակումբի ներքին խնդիրն է։ Հրաշալի է, որ մենք այսօր հաղթեցինք, և դրա շնորհիվ տարբերությունն այժմ երեք միավորով ավելի է՝ յոթ միավոր, և դա ֆանտաստիկ։
Եթե նրանք ցանկանում են ճնշում գործադրել մյուսների վրա, ապա պետք է սահմանեն իրենց սեփական մոտեցումը։ Ինչ վերաբերում է ինձ, ամենակարևորը հաղթելն ու այս դրական դինամիկան պահպանելն է։
Մի քանի բարդ շաբաթներից հետո մենք վերադարձել ենք և թիմում արթնացրել ենք իրական ուժ։ Մեր խաղաոճը նույնպես լավ է աշխատում, և կարծում եմ, որ առողջացել են գրեթե բոլոր խաղացողները. նրանք այժմ իրենց կարողությունների մոտ 100%-ի վրա են։
Հրաշալի է դա տեսնել սեփական աչքերով. հստակ երևում է թիմի որակը։ Ինձ համար սա է ամենակարևորը։ Մյուս թիմերը ինձ չեն հետաքրքրում»։
Աղբյուր՝ AS
