Էլ Կլասիկոյին ընդառաջ Էրիկ Գարսիան պատմել է՝ ինչ է փոխվել թիմում նախորդ պարտությունից հետո
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում հանդիպելու են Ռեալ Մադրիդը և Բարսելոնան։ Սա հետաքրքիր և դիտարժան խաղ է խոստանում։ Այսօր, նախախաղային մամուլի ասուլիսում, Հանսի Ֆլիկին ուղեկցում էր Էրիկ Գարսիան։ Նա կիսվեց իր տպավորություններով՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Սուպերգավա՞թը
«Մենք անհամբերությամբ ենք սպասում դրան: Տարին տիտղոսով սկսելը հիանալի կլիներ, ինչպես տեսանք անցյալ տարի: Թիմը մոտիվացված է»։
Մբապպեի վերադարձը վնասվածքից հետո՞:
«Անկախ նրանից՝ Մբապպեն կխաղա, թե ոչ, մենք բոլորս գիտենք, որ նա այնպիսի ֆուտբոլիստ է, որն իրավիճակ է փոխում, նա աշխարհի լավագույններից մեկն է։ Եթե մենք կենտրոնանանք մեր խաղի վրա և անենք այն, ինչ չարեցինք նախորդ Կլասիկոյի ժամանակ, ապա լավ արդյունքի կհասնենք։
Մենք դիտեցինք Ռեալ Մադրիդի և Ատլետիկոյի միջև կայացած կիսաեզրափակիչը, դա հավասար պայքար էր։ Ի վերջո վճռորոշ եղավ Մադրիդի խաղացողների անհատական վարպետությունը։
Այս Սուպերգավաթը նվաճելը մեզ հանգիստ շնչելու հնարավորություն և ավելի մեծ վստահություն կտա: Դա կարևոր է մեզ բոլորիս համար: Մենք շատ երիտասարդ թիմ ենք, և սա մեզ լրացուցիչ ուժ կհաղորդի։
Ֆլիկն ինձ վստահություն և խաղաժամանակ է տվել։ Իմ խնդիրն էր ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ։ Ես առավելագույնս օգտագործեցի այդ հնարավորությունը։ Հիմա լավ մարզավիճակում եմ, բայց դեռ կարող եմ կատարելագործվել»։
Մասնակցություն Աշխարհի առաջնությա՞նը։
«Անձնական մակարդակով ես փորձում եմ ներդնել առավելագույնը։ Աշխարհի առաջնություն մեկնելն ինձնից կախված չէ։ Ես կենտրոնացած եմ այն ամենի վրա, ինչ պետք է անեմ։ Եթե վիճակված է, դա տեղի կունենա»։
Ժոան Գարսիա՞ն։
«Էսպանյոլի դեմ խաղն այնքան էլ լավ չէր․ Ժոանը գործնականում հաղթանակ բերեց մեզ համար։ Բայց մյուս օրը՝ Աթլետիկի դեմ հանդիպումը, մեզ վստահություն հաղորդեց։
Ի՞նչ է փոխվել վերջին Կլասիկոյից հետո։
«Ես միշտ ասել եմ, որ թեև մենք բազմաթիվ բացակա խաղացողներ ունեինք, դա արդարացում չէր։ Մենք բարելավվել ենք որպես թիմ։ Նախորդ օրը անցկացրինք մրցաշրջանի մեր լավագույն խաղը։ Մենք աճել ենք՝ վերագտնելով այն ինքնությունը, որը մեզ անցյալ տարի այդքան ուժեղ էր դարձրել»։
Ժերար Մարտի՞նը։
«Եղել են պահեր, երբ կազմում ընդամենը 4 կամ 5 պաշտպան ենք ունեցել։ Կարևոր է, որ խաղադաշտում կարողանանք օգնել միմյանց»։
Հոգեբանական աշխատա՞նք։
«Փորձում եմ մի փոքր կտրվել այդ ամենից։ Լինում են պահեր, երբ խաղում ես ավելի լավ կամ ավելի վատ։ Պետք է կայուն լինել՝ իրավիճակի իրական պատկերը տեսնելու համար։ Ամեն ինչ չափազանցվում է՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Կարևոր է պահպանել հոգեկան հավասարակշռությունը։ Ժիրոնայում վարձակալությունն ինձ օգնեց․ կարողացա խաղաժամանակ ստանալ։ Հիմա, բարեբախտաբար, նույնը ստանում եմ այստեղ։
Մենք թևակոխում ենք շատ բարդ հունվար ամիս՝ բազմաթիվ հանդիպումներով։ Հաջորդ շաբաթ հանդես ենք գալու երեք տարբեր մրցաշարերում»։
Ֆուտբոլիստների ընտանիքնե՞րը։
«Նրանք շատ կարևոր են։ Մեզնից քչերն ունեն երեխաներ, շատերի ծնողներն այստեղ են։ Մեզ համար շատ կարևոր է ընտանիքներին մոտ լինելը։ Կարծում եմ՝ խաղացողների և ծնողների միջև կապը դրական ազդեցություն է ունենում։ Հուսով եմ՝ վաղը մենք միասին կկարողանանք տոնել տիտղոսի նվաճումը»։
Ընտրել խաղային դի՞րքը։
«Ի սկզբանե ես միշտ խաղացել եմ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Ժիրոնայում խաղում էի եզրային պաշտպանի դիրքում և ինձ հարմարավետ էի զգում։ Հիմա խաղում եմ նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Կարծում եմ՝ դա այն դիրքն է, որտեղ պետք է ամենաշատն աշխատեմ։ Այդուհանդերձ, կընտրեի կենտրոնական կամ եզրային պաշտպանի դիրքը»։
Աղբյուր՝ AS։
