Ե՞րբ է սպասվում Կամպ Նոու-ի բացումը
Բարսելոնան պատմական պահ ապրելու շեմին է։
SPORT-ի տեղեկացմամբ՝ ակումբը սպասում է առաջիկա ժամերին ստանալ պաշտոնական հաստատումը՝ սեպտեմբերի 14-ին Վալենսիայի դեմ լիգայի խաղում Spotify Camp Nou-ն վերաբացելու համար։
Ակումբի ներսում վստահ են, որ աշխատանքների ավարտի վերջնական հավաստագիրը կստանան այսօր կամ ամենաուշը չորեքշաբթի։
Սա կնշանակի երկուսուկես տարվա շինարարական աշխատանքներից հետո վերադարձ այն լեգենդար մարզադաշտ, որտեղ բազում հիշարժան պահեր են ծնվել։
Երկրպագուների համար սա սովորական խաղ չի լինելու, այլ տոն։
Կամպ Նոուն, որը վերջին տարիներին վերակառուցման խոշորածավալ ծրագրի տակ էր, վերջապես պատրաստվում է նորից ընդունել երկրպագուներին։
Շատ սպասված երազանք
Ժոան Լապորտայի համարձակ որոշումը՝ նախագիծը առաջ տանել, չնայած ակումբի ֆինանսական դժվարություններին ու բյուրոկրատական խոչընդոտներին, այժմ սկսում է պտուղներ տալ։
Կամպ Նոուի նորարարացման գաղափարը տասնամյակների պատմություն ունի։ Նախկին նախագահ Ժոսեպ Լյուիս Նունյեսը դեռ «Բարսա 2000» ծրագրի շրջանակում էր առաջ քաշել այն, որպեսզի վերակառուցվի հին մարզադաշտը։
Ավելի քան 20 տարի անց երազանքը իրականություն է դառնում։ Թեպետ ամբողջական աշխատանքները կշարունակվեն ևս մոտ երկու տարի, այս մասնակի վերաբացումը հսկայական քայլ առաջ է համարվում։
Վերջին հաստատումները՝ մինչ տոմսերի վաճառքը
Պաշտոնական հայտարարության համար մնում է միայն մեկ փաստաթուղթ՝ աշխատանքների ավարտի վերջնական հավաստագիրը (CFO)։
Այն ստանալուց հետո Բարսելոնան կկարողանա Վալենսիայի դեմ երկար սպասված խաղի համար տոմսեր վաճառել։
Ակումբը վստահ է, որ հաստատումը կգա այսօր, վաղը կամ ամենաուշը չորեքշաբթի։
Այն ստանալուց հետո քաղաքապետարանը կհաստատի առաջին օգտագործման արտոնությունը, որը պաշտոնապես թույլ կտա մարզադաշտին կրկին բացել իր դարպասները։
Ակումբում տիրող տրամադրությունը լիովին լավատեսական է։ Անհավանական դեպքում, եթե տեղի ունենա փոքր ուշացում, վերադարձը Կամպ Նոու պարզապես կտեղափոխվի մեկ շաբաթով հետ՝ Խետաֆեի դեմ խաղում։
