ad-banner-1
Բարսելոնա Դեկու

Դեկուի հստակ ուղերձը Բարսելոնայի պաշտպանին

Բարսելոնան լարված պայքար է մղում ժամանակի դեմ. ակումբը պետք է ոչ միայն գրանցի նորեկներին, այլև «Կամպ Նոուն» նախապատրաստի սեպտեմբերյան հանդիպումներին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Այս ամենին զուգահեռ, ակումբը կրկին կանգնել է ֆինանսական դժվարությունների առաջ և խաղացողների վաճառքի խիստ կարիք ունի՝ հաշվեկշիռը կարգավորելու և ֆինանսական ֆեյր-փլեյի 1:1 կանոնին վերադառնալու համար։ Պաբլո Տոռեի, Պաու Վիկտորի և Անսու Ֆատիի հեռանալուց հետո այս ամառ Բարսելոնան լքելու հերթում հաջորդը Անդրեաս Քրիստենսենն է։

Սակայն դանիացին, չնայած պահեստայինի իր կարգավիճակին, կարծես թե չի շտապում հեռանալ Բարսայից։

Ըստ Diario SPORT-ի՝ Բարսելոնան, ի դեմս մարզական տնօրեն Դեկուի, հստակ ուղերձ է հղել Քրիստենսենին. պայմանագրի երկարաձգման հարցը փակված է, իսկ հեռանալու ցանկության դեպքում դուռը բաց է։

Դեկուն, իրականացնելով պայմանագրերի երկարաձգման իր ծրագիրը, արդեն երկարաժամկետ համաձայնագրեր է կնքել թիմի անդամների մեծ մասի հետ։ Ժյուլ Կունդեն, Էրիկ Գարսիան և նույնիսկ Ֆրենկի դե Յոնգը հաջորդ շաբաթ նոր պայմանագրեր կկնքեն։ Միակ բացառությունը Քրիստենսենն է, ում պայմանագիրն ավարտվում է 2026-ին, և որի երկարաձգումը չի նախատեսվում։

Հաղորդվում է, որ Բարսելոնան դեմ չէ վաճառել դանիացի ֆուտբոլիստին, ով համեմատաբար բարձր աշխատավարձ է ստանում և նախորդ մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով։ Հաշվի առնելով կենտրոնական պաշտպանների գերհագեցվածությունը թիմում՝ Դեկուն կենտրոնացել է աշխատավարձային ցուցակը կրճատելու և ավելի երիտասարդ ու հեռանկարային կազմ ձևավորելու վրա։

Սակայն 28-ամյա ֆուտբոլիստը հեռանալու մտադրություն չունի։ Ինչպես Չելսիից հեռանալու դեպքում, Քրիստենսենը պատրաստ է մնալ մինչև իր պայմանագրի ավարտը։
Չնայած Սաուդյան Արաբիայից և Պրեմիեր լիգայից առկա հետաքրքրությանը՝ նա հրաժարվում է նույնիսկ բանակցություններ սկսել։ Հետևաբար, դանիացուն համոզելը կլինի օգոստոսին Դեկուի գերակայություններից մեկը։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել