Դեկու. «Չխոսենք այլ թիմերի ֆուտբոլիստներից, քանզի…»
Ավելի վաղ Բարսելոնայի մարզական տնօրեն Դեկուն մասնակցել էր Քասթելդեֆելսում անցկացված բարեգործական հանդիպմանը՝ ի աջակցություն անապահով երեխաների։ Միջոցառումից հետո պորտուգալացի նախկին կիսապաշտպանը համառոտ զրուցել է լրագրողների հետ՝ անդրադառնալով մի շարք թեմաների, այդ թվում՝ թիմի ենթադրյալ հետաքրքրությանը Ատլետիկո Մադրիդի աստղ Խուլիան Ալվարեսի նկատմամբ։
«Նա Ատլետիկոյի խաղացող է։ Մենք չենք խոսի այլ թիմերի խաղացողների մասին, քանի որ երբ խոսում ենք, ոմանք նեղվում են։ Մենք պետք է խոսենք մերոնց մասին», — ասել է նա՝ ըստ Mundo Deportivo-ի։
Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Բարսելոնան ներկայիս կազմով կրկնի իր ոսկե շրջանը և հասնի երկարատև հաջողությունների, Դեկուն նշել է․ «Բարսան պետք է պատրաստ լինի մրցել ամեն տարի։ Իհարկե, ամեն տարի չենք հաղթի՝ պատմությունը դա է ցույց տալիս, բայց երբեք չենք կարող հրաժարվել պայքարից։ Լավն այն է, որ այս թիմը ցույց է տալիս, որ կարող է մրցել Ռեալ Մադրիդի հետ, որը շարունակում է ուժեղացնել իր կազմը»։
Դեկուն նաև ընդգծել է, որ վնասվածքներից վերադարձած խաղացողների առկայությունը մեծապես նպաստել է թիմի ներկայիս առաջընթացին․ «Տարեսկզբից մենք գրեթե երբեք հարձակողական մարտունակ եռյակ չենք ունեցել։ Անցյալ տարի բոլոր հարձակվողները հասանելի էին, բայց հիմա, երբ նրանց վերականգնել ենք, թիմի խաղը բարելավվել է»։
Ռաֆինյայի դերի մասին, ում Դեկուն անձամբ է ներկայացրել Բարսա տեղափոխվելիս, նա ասել է․ «Ռաֆինյան կարևոր խաղացող է։ Նա ոգեշնչում է թիմին, վաստակել է մարդկանց հարգանքը, գրավել է մարզչի վստահությունը և հանդիսանում է հիմնարար օղակ»։
Դեկուն չի բացառել նաև Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի երկարաձգումը, որի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի ավարտին․ «Եթե Ռոբերտը կարողանար ժամանակով հետ գնալ… Նա ֆանտաստիկ խաղացող է։ Անցած տարի նա թիմի լավագույն ռմբարկուն էր, իսկ այս տարի, նույնիսկ ունենալով վնասվածք, շարունակում է մնալ առաջատարներից։ Բայց հիմա այդ մասին խոսելու պահը չէ։ Ամեն ինչ դեռ բաց է»։
Բարձր գնահատանքի է արժանացել նաև Էրիկ Գարսիայի աշխատանքը, որի պայմանագրի երկարաձգումը մինչև 2031 թվականը երեկ պաշտոնապես հայտարարվեց․«Ինձ համար Էրիկի պայմանագրի երկարաձգումը հիանալի նորություն է։ Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր կարողանում են շրջել իրենց իրավիճակը։ Երիտասարդ է՝ ընդամենը 24 տարեկան։ Նա մեծ ապագա ունի, շատ բան է տալիս հանդերձարանին և երբեք չի բողոքում, թե որտեղ է խաղում»։
Դեկուն առանձնացրել է նաև Ժերար Մարտինի վերջին հաղթական հանդիպումներում ցուցաբերած արդյունավետությունը կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց միաժամանակ չի բացառել պաշտպանությունում հունվարյան նոր տրանսֆերի հավանականությունը․ «Այս կազմը մեզ արդեն զարմացրել է։ Կան խաղացողներ, որոնք շարունակում են աճել, ինչպես Էրիկը, ով այժմ նույնիսկ հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Նա ամբողջական խաղացող է։ Ժերարը մեզ շատ բան է տալիս կենտրոնական գծում։ Մենք դեռ կենտրոնացած չենք նոր խաղացողներ բերելու վրա, քանի որ կարծում ենք՝ կազմը հավասարակշռված է, բայց ֆուտբոլում երբեք չես իմանա, թե ինչ կարող է տեղի ունենալ»։
Ինչ վերաբերում է Ֆլիկի շուրջ քննարկումներին՝ Ալավեսի դեմ խաղից հետո տարածված նրա հուսահատ պատկերին, Դեկուն նշել է․ «Նրա երազանքն էր լինել այստեղ։ Բարսան բարդ ակումբ է։ Նա շատ էմոցիոնալ, շատ մարդկային անձնավորություն է և սիրում է ամեն ինչ վերահսկել»։
Եզրափակելով իր խոսքը՝ Դեկուն նշել է իր ֆավորիտներին հաջորդ տարվա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության համար․«Ֆավորիտներն են՝ Պորտուգալիան, Իսպանիան, Բրազիլիան՝ որը ամրապնդվում է, Ֆրանսիան և… օ՜, ներեցեք, Լեո, նաև Արգենտինան»։
