Դե Յոնգը խոսել է Բարսելոնայի ցուցադրած խաղից
Բարսելոնայի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը գոհունակություն է հայտնել Վիլյառեալի դեմ հաղթանակից (0:2), որով թիմը 2025 թվականն ավարտեց Լա Լիգայի առաջատարի դիրքում։
Խաղում թիմի ավագի պարտականությունները կատարած 28-ամյա ֆուտբոլիստը հանդիպումից հետո DAZN-ին տված հարցազրույցում նշել է. «Տարին փակում ենք որպես առաջատարներ, ինչը մեր նպատակն էր։ Հիմա ժամանակն է հանգստանալու, հետո՝ շարունակելու առաջ գնալ»։
Կիսապաշտպանը հավելել է. «Այժմ այն պահը չէ, երբ տիտղոսներ են հանձնվում, սակայն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և պայքարում ենք բոլոր մրցաշարերում»։
Դե Յոնգի խոսքով՝ Վիլյառեալը փորձել է արագ հակագրոհներով վտանգ ստեղծել՝ ունենալով արագություն և որակ առջևի գծում, սակայն նա նաև ընդգծել է. «Խաղադաշտում մշտապես զգացվում էր, որ մենք գերակշռում ենք, և հաղթանակին լիովին արժանի էինք։
Կարմիր քարտից հետո և արդեն հաշվի մեջ առաջ լինելով՝ գիտեինք, որ եթե ամեն ինչ ճիշտ անենք, պետք է հաղթենք։ Մենք դա արեցինք։ Հիմա պետք է հանգստանալ և շարունակել առաջ գնալ։ Լա Լիգայում ամեն ինչ լավ է ընթանում, սակայն դեռ ունենք առաջընթացի մեծ ներուժ, քանի որ թիմում շատ տաղանդ կա։ Մենք հաղթում ենք, և դա վստահություն է տալիս շարունակելու զարգանալ», — ասել է դե Յոնգը՝ եզրափակելով, որ 2025 թվականը ակումբի համար շատ հաջող է եղել։
