Բարսելոնայի ավագը բարկացած է
Կիրակի երեկոյան Բարսելոնան հիասթափված ու զայրացած լքեց խաղադաշտը՝ 2-1 հաշվով պարտվելով Ռեալ Սոսիեդադին։
Դարպասաձողին բազմաթի հարվածներից և չեղարկված գոլերից հետո կատալոնական ակումբը մեծ հիասթափությամբ ավարտեց հանդիպումը, իսկ մրցավար Խեսուս Գիլ Մանսանոյի մի շարք որոշումներ լուրջ հարցեր առաջացրին։
Դե Յոնգը քննադատում է Գիլ Մանսանոյին
Խաղից հետո DAZN-ին տված հարցազրույցում այդ հանդիպման ընթացքում Բարսելոնայի ավագ Ֆրենկի դե Յոնգը կոշտ կերպով քննադատեց մրցավարին՝ դժգոհելով թե՛ նրա պահվածքից, թե՛ որոշումներից։
«Նրա հետ նույնիսկ հնարավոր չէ խոսել։ Ես չեմ հասկանում։ Ես ավագն եմ և կարող եմ խոսել մրցավարի հետ, բայց նա նայում է ինձ այնպես, կարծես ինքն ավելի բարձր է ինձանից։ Դա շատ նյարդայնացնող է։ Նա չի կարող իրեն այդպես պահել»,— բողոքեց դե Յոնգը։
Կիսապաշտպանը նաև անդրադարձավ կոնկրետ մի դրվագի, երբ զգուշացվեց մրցավարի հետ խոսելու համար․ «Ես նրան ասում եմ ուշադրություն դարձնել ժամանակին, որովհետև նրանք չափազանց երկար են ձգում հարվածը, դեռ տաս վայրկյան էլ չէր անցել, և նա ինձ դեղին քարտ է տալիս։ Կարծում եմ՝ դա խելահեղ է, բայց այդպես է»։
Լամին Յամալի չեղարկված գոլի վերաբերյալ հոլանդացին ավելի հանդարտ էր, քան զայրացած․ «Եթե խաղից դուրս է, ուրեմն խաղից դուրս է։ Այլ տարբերակ չկա։ Ես չեմ տեսել դրվագը, բայց մեզ ասացին, որ գոլ չէր։ Անցյալ տարի ևս այստեղ նման բան եղավ, բայց ունենք այն ինչ ունենք»։
Խոսելով թիմի խաղի և արդյունքի մասին՝ դե Յոնգը նշեց․ «Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթել։ Շատ պահեր ունեինք, լավ էինք խաղում, բայց ֆուտբոլը գոլ խփելու մասին է։ Մենք դա չարեցինք, իսկ նրանց դարպասապահը հիանալի էր»։
Դե Յոնգի խոսքերը մրցավարության վերաբերյալ համընկնում էին նաև գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի կարծիքի հետ, ով, ինչպես արդեն նշել էինք, մամուլի ասուլիսում նույնպես քննադատեց Մանսանոյին։ Այժմ Բարսելոնան կփորձի վերականգնվել Չեմպիոնների լիգայում՝ այս շաբաթ հանդիպելով Սլավիա Պրահային։
