Բարսելոնան տեղյակ չի եղել Մեսսիի` Կամպ Նոու այցելության մասին
Լիոնել Մեսսիի՝ Բարսելոնա ժամանելու և Spotify Կամպ Նոու մուտք գործելու մասին լուրը զարմացրեց բոլորին։ Թվում էր անհնար, որ նման մասշտաբի աստղը կարողանար առանց որևէ աղմուկի հայտնվել քաղաքում և այցելել իր երբեմնի տունը՝ հատկապես հաշվի առնելով նրա հսկայական երկրպագուների բանակը։ Սակայն հենց դա էլ տեղի ունեցավ՝ Մեսսին գիշերով այցելեց վերանորոգվող մարզադաշտ՝ տեսնելու աշխատանքների ընթացքը և վերապրելու հիշողությունները։
Ինչը արվել էր գաղտնի՝ չգիտեին ո՛չ ակումբի ներկայացուցիչները, ո՛չ մամուլը։ Նրա սոցիալական ցանցերում հրապարակված գրառումը միայն ավելի մեծ տարակուսանք առաջացրեց․ ինչպե՞ս և ե՞րբ էր նա կարողացել մտնել մարզադաշտ առանց որևէ մեկի գիտության։
Երկու տարբեր վարկածներ
Ըստ Mundo Deportivo-ի՝ այս «գաղտնի այցի» շուրջ երկու հակասական պատմություն կա։
Մեսսիի շրջապատը պնդում է, որ այցը եղել է հանկարծակի որոշում․ նա պարզապես ցանկացել է կրկին տեսնել իր «տունը» և կեսգիշերից առաջ մուտք է գործել մարզադաշտ՝ առանց որևէ մեկին տեղեկացնելու։
Իսկ ակումբի վարկածը այլ է․ Բարսելոնայի աղբյուրների խոսքով՝ Մեսսին թույլտվություն է խնդրել շինարարական աշխատանքներ իրականացնող Limak ընկերության անվտանգության ծառայության միջոցով, և ակումբն անմիջապես համաձայնել է՝ նշելով, որ «Մեսսին միշտ ողջունելի է իր տանը»։
Սակայն աստղին մոտ կանգնած աղբյուրները հերքում են այդ տեղեկությունը՝ պնդելով, որ ոչ մի պաշտոնական թույլտվություն չի տրվել, և այցը եղել է բացառապես Մեսսիի անձնական նախաձեռնությունը։
