ad-banner-1

Բարսելոնան շարունակում է լուծումներ փնտրել

Բարսելոնան շարունակում է փնտրել լուծումներ սեպտեմբերի 14-ին նախատեսված Լա Լիգայի տնային առաջնախաղի համար Վալենսիայի դեմ։ Այս պահի դրությամբ դեռևս չի տրվել Վերջնական Շինարարական Աշխատանքների Վկայականը, որը պարտադիր է, որպեսզի Բարսելոնայի քաղաքապետարանը կարողանա տրամադրել Առաջին Օկուպացիոն Թույլտվությունը։ Այդ փաստաթուղթը հնարավորություն կտար բացել Սպոտիֆայ Կամպ Նոուն հանդիսատեսների համար՝ սահմանափակ տարողությամբ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Երկու պահեստային տարբերակ

Ակումբի առաջնային նպատակն է խաղալ հենց Կամպ Նոուում, սակայն SPORT-ի փոխանցմամբ, մշակվում են նաև այլ տարբերակներ, եթե թույլտվությունը չհասցնի ուժի մեջ մտնել։

Առաջինը՝ հանդիպումն անցկացնել Կամպ Նոուում, սակայն առանց հանդիսատեսների։ Այդ դեպքում անվտանգային խնդիրներ չեն լինի՝ խաղացողները, մրցավարները և անհրաժեշտ տեխնիկական անձնակազմը կարող են ապահով գործել։ Արդեն պատրաստ են հանդերձարանները, արտակարգ ելքերը, շտապօգնության և անվտանգության բոլոր պահանջները։ Ըստ սկզբնական տեղեկությունների՝ քաղաքապետարանն ու հրշեջ ծառայությունը կարող են համաձայնել այս լուծմանը։

Երկրորդ տարբերակը Յոհան Կրույֆի ստադիոնն է, որտեղ վերջերս կայացավ Գամպերի գավաթի խաղը Կոմոյի դեմ։ Այստեղ անվտանգության ու հանդիսատեսի հոսքի կառավարման հարցերը լուծված են։ Սակայն առկա են տեխնիկական խնդիրներ՝ VAR համակարգի բացակայությունը և հնարավոր ժամանակացույցի բախումները կանանց թիմի ու Բարսա Ատլետիկի խաղերի հետ։

Մոնժուիկի տարբերակը փակ է

Չնայած Բարսելոնան համաձայնություն ունի Օլիմպիկ Լյուիս Կոմպանյսը օգտագործելու մինչև փետրվարի վերջ, սակայն Վալենսիայի դեմ խաղը այստեղ հնարավոր չէ անցկացնել։ Պատճառն այն է, որ սեպտեմբերի 12-ին մարզադաշտում կայանալու է Փոստ Մալոնի համերգը, ինչի հետևանքով խոտածածկը անպիտան կլինի ֆուտբոլի համար։ Միակ փոքր հավանականությունը կմնար, եթե համերգը չվաճառվեր բավարար տոմսեր և տեղափոխվեր Պալաու Սանտ Ժորդի։

Այս պահին Բարսելոնայի առաջնային տարբերակը շարունակում է մնալ Կամպ Նոուի բացումը՝ գոնե սահմանափակ տարողությամբ։ Սակայն ակումբի ղեկավարությունը աշխատում է նաև այլ սցենարների վրա՝ ապահովելու համար, որ թիմը խնդիր չունենա առաջնության կարևոր մեկնարկային փուլում։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել