Բարսելոնան 4 օրից բացառիկ ռեկորդ կսահմանի
Հոկտեմբերի 14-ին Բարսելոնան Վալենսիայի դեմ տնային հանդիպումը կանցկացնի «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում, որը կարող է ընդունել 6000 հանդիսատեսի։ Սա բացառիկ երևույթ է պաշտոնական խաղերի համար, եթե չհաշվենք համաճարակի ժամանակաշրջանը, երբ թիմն անցկացնում էր հանդիպումներ առանց հանդիսատեսի կամ հանդիսատեսի սահմանափակ թվով։
Փաստացի, սա կլինի 21-րդ դարում Լա Լիգայի հանդիպում ընդունած ամենափոքր տարողությամբ մարզադաշտը, եթե հաշվի առնենք հանդիսատեսի ներկայությամբ խաղերը։ Միակ բացառությունը Ռեալ Մադրիդն է, որը համաճարակի ընթացքում Սանտիագո Բեռնաբեուի վերանորոգման աշխատանքները արագացնելու համար տնային խաղերն անցկացրել է «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում, որը կարող է տեղավորել 5700 հանդիսատես, սակայն այդ խաղերն անցկացվում էին առանց հանդիսատեսի:
Ռեկորդային մեծից ռեկորդային փոքրի
Սա աննախադեպ դեպք է, երբ Բարսելոնան դառնում է միակ թիմը Լա Լիգայում, որը հանդիսատեսով խաղ է անցկացրել և՛ ամենամեծ, և՛ ամենափոքր տարողությամբ մարզադաշտերում։ 90-ականների վերջին «Կամպ Նոուն» կարող էր տեղավորել մինչև 125,000 հանդիսատես, մինչև կանգնած տեղերի հատվածի վերացումը։
Ավելի փոքր, քան «Իպուրուան» և «Ալկորասը»
Մինչ այժմ Լա Լիգայում ամենափոքր տարողությամբ մարզադաշտը եղել է Էյբարի «Իպուրուան», որը 2014-2015 մրցաշրջանում, առաջին դիվիզիոնում իր դեբյուտի ժամանակ, կարող էր տեղավորել 6267 հանդիսատես՝ վերանորոգումից հետո, ինչը թույլ էր տվել գերազանցել 6000-ի շեմը, թեև մրցաշրջանի վերջում նոր աշխատանքների պատճառով տարողությունը նվազել էր։ Ուեսկայի «Ալկորաս» ստադիոնը, երբ թիմը 2018-2019 մրցաշրջանում դուրս եկավ Լա Լիգա, իր տարողությունը 5000-ից հասցրեց մինչև գրեթե 8000-ի:
