ad-banner-1

Բարսայի թերություններն ու առավելությունները այս մրցաշրջանում․ բլոգ

Բարսելոնան արդեն 12 խաղ անցկացրել է Լա Լիգայում ու ևս 4-ը՝ Չեմպիոնների լիգայում, և իսկական ժամանակն է խոսել Բարսայի թերությունների և առավելությունների մասին այս մրցաշրջանում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Թերություններ

Ակնհայտ է, որ Բարսելոնայի համար №1 խնդիրը պաշտպանությունն է։ Խոսքը և՛ թիմային պաշտպանության, և՛ անհատական, և՛ բուն պաշտպանական գծի մասին է։ Բարսելոնայում ակնհայտ կաղում է թիմային պրեսսինգը, և դա սկսվում է հարձակվողներից։ Բարսայի հարձակման գծի ֆուտբոլիստները բավականին պասիվ են պրեսսինգի ժամանակ, կիսապաշտպանները չեն հասցնում ապահովագրել, այդ պատճառով հաճախ ենք ականատես լինում այնպիսի իրավիճակների, երբ մրցակցի ֆուտբոլիստները մնում են Բարսայի 4 պաշտպանների դիմաց, և այդ դեպքում մրցակիցների համար բավականին հեշտանում է վտանգավոր գրոհ անցկացնելը։

Եթե այս ամենին գումարում ենք, որ Բարսելոնան առիթը ձեռքից բաց չի թողնում՝ անիմաստ դրվագներում փորձելու արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծել, ապա պաշտպանության գծում ստանում ենք մեղմ ասած քաոս։

Սա չի նշանակում, որ Բարսելոնան չի կարող լավ պաշտպանվել կամ որ պետք է փոխի իր խաղաոճը։ Իրականում պետք է ուղղակի փոխել որոշ դետալներ, ինչը տեսել ենք եզակի խաղերում, և ինչի արդյունքում Բարսայի պաշտպանությունը բավականին լավ տեսք է ունեցել։ Օրինակ՝ Սելթայի դեմ վերջերս կայացած խաղի երկրորդ կեսում Բարսելոնան կրկին պաշտպանվում էր բարձր գծով, ուղղակի չէր դիմում արհեստական խաղից դուրս վիճակի օգնությանը, և կոնկրետ երկրորդ կեսում պաշտպանությունը կարելի է ասել՝ անթերի գործեց։

Իհարկե պետք է լինել արդար և ասել, որ Բարսային շատ են խանգարում նաև անվերջ վնասվածքները, և, ինչը ամենացավալին է, վնասվածք են ստանում խիստ կարևոր ֆուտբոլիստներ։

Այս ամենի վերաբերյալ իմ եզրակացությունն այն է, որ Բարսան, իհարկե, պետք է պահի իր հարձակվողական խաղաոճը, բայց չպետք է տառապի խաղից դուրս վիճակ ստեղծելու մոլուցքով, և որ պետք չէ խաղալ ինտենսիվ պրեսսինգով ամբողջ խաղի ընթացքում, երբ թիմը գտնվում է գերհոգնած վիճակում։

Առավելություններ

Արդարության համար պետք է նշել, որ թիմը շարունակում է հիանալի խաղալ հարձակվելիս և կրկին շատ գոլեր է խփում։ Որպես փաստ նշեմ, որ Բարսելոնան Լա Լիգայի 12 խաղերում խփել է 32 գնդակ, ինչը երկրորդ լավագույն արդյունքն է թոփ-5 լիգաներում։ Այս թիվը վստահաբար կավելանա, երբ շարք վերադառնան թիմի առանցքային ֆուտբոլիստները։

Որպես ամփոփում՝ պետք է ասեմ, որ թիմի վիճակը այնքան էլ վատ չէ, որքան թվում է, և փոքր դետալների փոփոխության դեպքում կարելի է սպասել լավ արդյունքների։

saqo_8

Հեղինակ՝ saqo_8

fcbarca.am - Ես Սարգիսն եմ, Բարսելոնայի մասին միակ հայերեն կայքի վերլուծաբանը։