Ե՞րբ կվերադառնա Դանի Օլմոն
Մրցաշրջանի մեկնարկին ստացած մի շարք վնասվածքներից հետո Բարսելոնայում իրավիճակը աստիճանաբար կայունանում է։ Թիմը վերջերս 2:1 հաշվով հաղթեց Այնտրախտ Ֆրանկֆուրտին, սակայն թիմում դեռ կա երկու վնասվածք ստացած ֆուտբոլիստ՝ Դանի Օլմո և Պաբլո Գավի։
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Դանի Օլմոն վերականգնվում է և շուտով կարող է նորից խաղադաշտ դուրս գալ։ Հայտնի է, որ նա ցանկանում է վերադառնալ հունվարի 4-ին նախատեսված Բարսելոնա–Էսպանյոլ Լա Լիգայի հանդիպմանը, որը կլինի Բարսելոնայի առաջին խաղը 2026 թվականին։ Օլմոն հույս ունի մասնակցել այս խորհրդանշական կատալոնական դերբիին։
Բարսելոնայի բժշկական անձնակազմը նշել է՝ նրա վերադարձը բարդություններ չի առաջացնի, քանի որ Օլմոն մկանի վնասվածք չունի, և վերականգնման պրոցեսը ընթանում է սահուն։
Եթե, այնուամենայնիվ, Օլմոն չկարողանա վերադարնալ Էսպանյոլի հետ խաղին, ապա վստահ է, որ կկարողանա խաղալ Բարսելոնայի հաջորդ հանդիպմանը՝ Իսպանական Սուպերգավաթի կիսաեզրափակչում Աթլետիկի դեմ։
Բոլոր դեպքերում ակնկալվում է, որ Օլմոն կդառնա թիմի կարևոր գործոնը Սուպերգավաթի մրցաշարում, հատկապես հաշվի առնելով այն կերպարը և մարզավիճակը, որ ուներ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղից առաջ՝ մինչև վնասվածքը։
