ad-banner-1

Աշխարհի ամենաթանկ ակադեմիան՝ Բարսելոնայում

Բարսելոնան իր ողջ պատմության ընթացքում սեփական ինքնությունը կառուցել է երիտասարդական ակադեմիայի վրա։ Լիոնել Մեսսիի, Անդրես Ինիեստայի և Չավի Էռնանդեսի ոսկեդարից մինչև մեր օրերը Լա Մասիան շարունակել է մնալ ակումբի բաբախող սիրտը։

Եվ այժմ CIES-ի վերջին զեկույցը թվերով է հաստատել Լա Մասիայի բացառիկ արժեքը՝ այն հռչակելով աշխարհի ամենաթանկ երիտասարդական ակադեմիան։

Լա Մասիայի հարստությունը

Ինչպես հայտնում է SPORT-ը, Բարսելոնան գլխավորում է համաշխարհային վարկանիշը՝ ըստ այն ակադեմիական խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքի, որոնք դեռ պայմանագրով կապված են իրենց կրթող ակումբի հետ։ CIES-ի տվյալների համաձայն՝ Բարսելոնայի ներկայիս ակադեմիական խաղացողների շուկայական ընդհանուր արժեքը կազմում է հսկայական 738 միլիոն եվրո։

Բարսելոնայի և մնացած ակումբների միջև տարբերությունը ահռելի է։ Կատալոնական գրանդի ցուցանիշը ավելի քան կրկնակի գերազանցում է մոտակա հետապնդողներին։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Մանչեսթեր Սիթին (286 մլն եվրո) և Բավարիան (284 մլն եվրո)՝ թվեր, որոնք զգալիորեն զիջում են Կատալոնիայում կենտրոնացած տաղանդների արժեքին։

Այս գերազանցությունը պատկերացնելու համար բավական է նշել, որ Բարսելոնայի ակադեմիայի արժեքը ավելի բարձր է, քան երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող ակումբների համատեղ ցուցանիշը։

Այս բարձր գնահատականը մեծապես պայմանավորված է Հանսի Ֆլիկի գլխավորությամբ ձևավորվող երիտասարդական թիմի հետ։ Լամին Յամալը, Պաու Կուբարսին, Գավին, Ֆերմին Լոպեսը և Ալեխանդրո Բալդեն արդեն դարձել են թիմի հիմնական կազմի անդամներ՝ զգալիորեն բարձրացնելով իրենց շուկայական արժեքը։

Լամին Յամալը արդեն համարվում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ 200 միլիոն եվրո շուկայական արժեքով։ Պաու Կուբարսին և Ֆերմին Լոպեսը Բարսելոնայի ամենաթանկ Լա Մասիա սաներից հաջորդներն են՝ համապատասխանաբար 80 և 70 միլիոն եվրո գնահատմամբ։

Anna

Հեղինակ՝ Anna