Հանսի Ֆլիկի նախաղային մամուլի ասուլիսը
Չեմպիոնների լիգայում Կոպենհագենի դեմ հանդիպումից առաջ տեղի ունեցավ Հանսի Ֆլիկի նախախաղային մամուլի ասուլիսը, որտեղ մարզիչը խոսեց թիմում տեղի ունեցող մի շարք իրավիճակների մասին.
Հանսի Ֆլիկը Քրիստենսենի մասին. «Նրա վնասվածքը վատ ժամանակահատվածում եղավ, քանի որ նա բարձր մակարդակով էր խաղում: Նա մեզ շատ տարբերակներ էր տալիս: Սա ծանր հարված էր թիմի և մարզչական շտաբի համար: Նա կվերադառնա, և կարծում եմ, կկարողանա հաջող ավարտել մրցաշրջանը»:
Ռունիի Բարդաղջիի մասին. «Նա լավ խաղեր է անցկացրել: Նրա համար հեշտ չէ, քանի որ նրան անընդհատ համեմատում են Լամինի հետ, բայց նա կենտրոնացած է ամեն մարզման ժամանակ կատարելագործվելու վրա: Նա լավ է խաղում երկու ոտքով և գրագետ է եզրափակում գրոհները»:
Լամին Յամալի մասին. «Մեր հարաբերությունները շատ լավ են: Ես բարձր եմ գնահատում նրա կատարած պրեսինգը և մեզ թվային առավելություն տալը: Բոլորդ ուզում եք տեսնել միայն գոլը, բայց ես՝ որպես մարզիչ, կարևորում եմ նրա մյուս գործողությունները, որոնք առանցքային են թիմի դինամիկայի համար, նա մեզ համար առանցքային ֆուտբոլիստ է, որը և’ գնդակով, և’ առանց գնդակի գործում է շատ գրագետ»:
Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի մասին. «Ինձ շատ է դուր գալիս այն: Մենք մեծ հնարավորություն ունենք ընդգրկվելու լավագույն ութնյակում և կանենք ամեն ինչ դրան հասնելու համար»:
Ֆերմին Լոպեսի մասին. «Ակումբը հիանալի աշխատանք է կատարել: Նա բազմաֆունկցիոնալ խաղացող է՝ հիանալի մենթալիտետով: Ուրախ եմ, որ նա երկար ժամանակ կմնա մեզ հետ: Նրա ունակությունները բազմազան են։ Լա Մասիայից հիմնական թիմ եկող խաղացողները կատարյալ են»:
Ֆեռան Տոռեսի մասին. «Նա երեկ անցավ վերջին թեստերը, այսօր արդեն մարզվել է: Նա պատրաստ է վաղվա խաղին: Ուրախ եմ նրա արագ ապաքինման համար, նա մեր կարևորագույն օղակներից է»:
Խաղի մասին. «Մենք հարգում ենք Կոպենհագենին, քանի որ նրանք նույնպես հաղթանակի կարիք ունեն հաջորդ փուլ անցնելու համար: Չեմպիոնների լիգայում պետք է ցուցադրել առավելագույն մակարդակ, և մեր նպատակը միայն հաղթանակ տոնելն է»:
