ad-banner-1

Հանսի Ֆլիկը խոսել է Սոսիեդադի դեմ պարտության, դե Յոնգի և մրցավարական վիճելի որոշումների մասին

Երեկ երեկոյան Բարսելոնայի՝ 11 անընդմեջ հաղթանակների շարքը բոլոր մրցաշարերում ավարտվեց, երբ թիմը 2-1 հաշվով պարտվեց Ռեալ Սոսիեդադին։

Խաղի ընթացքում Բարսելոնան ամբողջությամբ գերիշխում էր, սակայն անընդհատ բախվում էր թե՛ դարպասաձողերին, թե՛ մրցավար Գիլ Մանսանոյի և VAR-ի վիճահարույց որոշումներին։

Բլաուգրանան հարվածեց դարպասաձողին հինգ անգամ, ինչպես նաև մրցավարը չեղարկեց երեք գոլ՝ երկուսը խաղից դուրսը, մեկը՝ նախորդ դրվագում խախտման պատճառով։

Այս արդյունքի հետևանքով Բարսելոնայի առավելությունը մրցաշարային աղյուսակի առաջին տեղում կրճատվեց ընդամենը մեկ միավորի։

Խաղից հետո մամուլի հետ զրույցում Հանսի Ֆլիկը գոհություն հայտնեց թիմի խաղից, սակայն դժգոհեց մրցավարի աշխատանքից։

Ֆլիկը հայտարարեց․ «Ես գիտեմ, թե ինչպիսին է այդ մրցավարը։ Բոլորը տեսել են։ Ես չեմ ուզում էներգիա վատնել նրա վրա։ Խաղից առաջ արդեն կարդացել էի նրա մասին մեկնաբանություններ։ Լա Լիգայում կան շատ լավ մրցավարներ, բայց բոլորս գիտենք՝ նա ինչպիսին է։ Իմ հիասթափությունը այն է, որ տուն ենք գնում առանց միավորների։

Ֆրենկին ճիշտ է, այն ամենում, ինչ ասաց՝ նա ճիշտ է։ Նա միշտ հանգիստ է, նա ավագն է, ուզում է խոսել մրցավարի հետ, բայց չի կարող։ Մենք նույնպես չէինք կարող նույնիսկ չորրորդ մրցավարի հետ խոսել։

Պետք է ընդունենք դա։ Դա հաճելի չէ, բայց այդպես է։ Մենք չենք կարող փոխել ոչինչ։ Չպետք է էներգիա վատնենք այլ բաների վրա, միայն՝ կատարելագործվելու։ Այս մրցավարի հետ հաղորդակցության լուրջ խնդիր կա»։

Հետագայում Ֆլիկին հիշեցրին, որ VAR մրցավարը նույն պաշտոնյան էր, որը նախորդ մրցաշրջանում վիճահարույց կերպով խաղից դուրս էր հայտարարել Լևանդովսկու գոլի ժամանակ։ Ֆլիկը ծիծաղեց և ժպտալով պատասխանեց․ «Նույն VAR մրցավա՞րն էր, ինչ անցած մրցաշրջանում։ Այո՞։ Լավ, շատ լավ։ Դե նա հրաշալի աշխատանք է կատարում»:

Խաղի մասին Ֆլիկը նշեց․ «Ես հիասթափված եմ։ Մենք հրաշալի հանդիպում անցկացրինք, բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք, բայց վերջնական արդյունքը չի արտացոլում մեր խաղը։ Սակայն սա այն ֆուտբոլն է, որով ուզում ենք խաղալ։ Սա Բարսայի ճանապարհն է։ Լինում են օրեր, երբ շատ էներգիա ես ներդնում, բայց բախտդ չի բերում։ Ես գնահատում եմ այն, ինչ տեսա խաղադաշտում»։

Չնայած հարձակողական գերազանց խաղին՝ երկու պաշտպանական սխալները որոշիչ դարձան։ Ֆլիկն այս մասին ասաց․ «Մենք պաշտպանությունում սխալներ թույլ տվեցինք, պետք է ավելի լավ պաշտպանվենք, բայց ես թիմին ասացի, որ լավ էինք խաղում։ 1-1-ից առաջ մենք լիովին վերահսկում էինք խաղը, բայց երկրորդ գոլը մեզ կոտրեց։ Սա այն է, ինչ պետք է բարելավենք»։

Նա հավելեց․ «Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք, հաշիվը չի արտացոլում այն, ինչ տեսանք։ Լինում են օրեր, երբ մեծ էներգիա ես ներդնում, բայց վերջում պարզապես բախտդ չի բերում։ Պետք է ընդունենք՝ երբեմն պարզապես չես հասկանում, թե ինչու ես պարտվում, և սա հենց այդպիսի խաղերից մեկն է։ Ես խաղացողներին ասացի, որ մենք պարզապես անբախտ էինք։ Այո’, կարծում եմ՝ սա իմ կարիերայի ամենաանբախտ հանդիպումն էր։ Բայց ինչևէ, հիմա պետք է կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա, դա շատ կարևոր է»։

Վերջում Ֆլիկը այս խաղը անվանեց իր մարզչական կարիերայի ամենաանբախտ հանդիպումը և ընդգծեց, որ կան մի շարք բաղադրիչներ, որոնք թիմը պարտավոր է շտկել։

Կանսելուի վերադարձի վերաբերյալ նա կարճ, բայց հստակ ասաց․ «Նա կարող է խաղալ երկու եզրերում, դրա համար էլ որոշեցինք, որ պետք է գա։ Երկու կողմերում էլ մեզ կարող է օգուտ տալ»։

Աղբյուր՝ Mundo Deportivo։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։