ad-banner-1
Գավի–Պեդրի–Բարսա–Բարսելոնա

Գավին կարող է մեկնել Սաուդյան Արաբիա

Մի քանի օրից Բարսելոնան կանցկացնի 2026 թվականի իր առաջին հանդիպումը՝ Լա Լիգայի շրջանակում մրցելով Էսպանյոլի դեմ։

Դրանից օրեր անց կապտանռնագույնները կմեկնեն Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու մրցաշրջանի առաջին տիտղոսի խաղարկությանը՝ Իսպանիայի Սուպերգավաթին։

Կիսաեզրափակչում Բարսելոնան կմրցի Աթլետիկ Բիլբաոյի դեմ, իսկ մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Ռեալ Մադրիդը և Ատլետիկո Մադրիդը։

Գավին կարող է մեկնել՝ աջակցելու թիմակիցներին

Ինչպես հայտնում է SPORT-ը, Բարսելոնայի կիսապաշտպան Գավին կարող է մեկնել Սաուդյան Արաբիա՝ աջակցելու իր թիմակիցներին Սուպերգավաթի խաղերի ընթացքում։

Կիսապաշտպանը վնասվածք է ստացել դեռևս օգոստոսի վերջին և ենթարկվել է աջ ծնկի վիրահատության։ Նրան սպասվում է վերադարձ՝ մոտավորապես փետրվարի կեսերին։

Ֆուտբոլով ապրող Գավիի համար հեշտ չի եղել հաշտվել այն մտքի հետ, որ կրկին երկար ժամանակ պետք է հեռու մնա խաղադաշտից, հատկապես հաշվի առնելով, որ դրանից ոչ շատ առաջ նա գրեթե մեկ տարի բաց էր թողել խաղերը՝ խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։

Վնասվածքից հետո Գավին մարզաբազան վերածել է իր երկրորդ տան։ Ամեն օր, անգամ պետական տոներին, նա այցելում է Սան Ժոան Դեսպի՝ շարունակելու վերականգնման գործընթացը։

Ակումբում հիմնական ծրագիրն այն է, որ նա հունվարի վերջում վերադառնա խմբային մարզումներին, իսկ խաղադաշտ վերադառնա փետրվարին։ Այդուհանդերձ, Բարսելոնայում ցանկանում են գործել առավելագույն զգուշությամբ՝ հաշվի առնելով վնասվածքի լրջությունը։ Ոչ ոք չի պատրաստվում շտապեցնել նրա վերադարձը կամ ավելորդ ռիսկի դիմել։

Այնուամենայնիվ, չի բացառվում, որ Գավին մեկնի թիմի հետ Սաուդյան Արաբիա՝ քաջալերելու թիմակիցներին Սուպերգավաթի ընթացքում։ Նա շատ սիրված է հանդերձարանում, և նրա ներկայությունը դիտարկվում է որպես դրական գործոն։

Չնայած վնասվածքին՝ Գավին շարունակում է մնալ թիմի առօրյայի մի մասը՝ ապրելով թիմի կյանքով ինչպես ցանկացած այլ խաղացող։

Anna

Հեղինակ՝ Anna