Հայեն. «Բարսելոնան չպետք է չափազանց ինքնավստահ լինի»
Կատալոնական Բարսելոնան վերադառնում է Չեմպիոնների լիգա։ Կապտանռնագույնների հերթական մրցակիցը Բելգիայի չեմպիոն Բրյուգեն է։ Չնայած այս մրցաշարում կրած վերջին՝ 6-1 հաշվով հաղթանակին՝ Բարսելոնան դեռ ծանր վիճակում է՝ պայմանավորված մի շարք վնասվածքներով։
Հանսի Ֆլիկի թիմը դեռևս դուրս է լավագույն ութնյակից և մեծ ճնշում ունի՝ խաղը հաղթելու։ Այնուամենայնիվ, բելգիական ակումբի գլխավոր մարզիչ Նիկի Հայենը վստահ է, որ իր թիմը կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ կատալոնացիներին։
«Վերջին հանդիպումներում լավ խաղ ենք ցուցադրել։ Բարսելոնան աշխարհի լավագույն թիմերից մեկն է։ Մենք կփորձենք բարձր ճնշում գործադրել, հարձակվել և մեկը մեկի դեմ խաղով պահել նրանց ֆուտբոլիստներին»,– նշել է 45-ամյա մասնագետը՝ խոսելով հանդիպման նախօրեին։
Հայենի խոսքով՝ Բարսելոնայի վնասվածքների ցանկը չի փոխում իրենց պատրաստության ընթացքը.
«Մենք չգիտենք, թե ով կլինի մեկնարկային կազմում, բայց դա շատ էական չէ։ Նրանք միշտ գերիշխում են խաղադաշտում և ունեն բարձր որակ, որը կբավարարի բացակա խաղացողների բացը լրացնելուն։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ նրանց դիմադրելու համար»։
Խոսելով Բարսելոնայի բարձր պաշտպանական գծի և Ֆլիկի տակտիկայի մասին՝ Հայենը խուսափել է մանրամասներից.
«Չեմ կարող հրապարակավ խոսել տակտիկական լուծումների մասին։ Այդ համակարգը աշխատում է Բարսելոնայի համար, և մենք էլ բնականաբար կփորձենք հակազդել դրան»։
Մարզիչը նաև զգուշացրել է մրցակցին՝ հավելելով, որ Բարսելոնան չպետք է թերագնահատի իր թիմը.
«Կարծում եմ՝ նրանք չպետք է չափազանց ինքնավստահ լինեն։ Մենք վերջին խաղերում լավ ենք հանդես եկել և մտադիր ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ»։
Հայենը մասնավորապես անդրադարձել է Լամին Յամալին, ում համար իր թիմը, ըստ մարզչը, առանձնահատուկ մարտավարություն ունի.
«Այո, մենք միշտ մանրակրկիտ պատրաստվում ենք։ Լամին Յամալը շատ ուժեղ է, և մենք գիտենք՝ ինչ պետք է անենք նրան կանգնեցնելու համար։ Բայց Բարսելոնան միայն Յամալը չէ․ այնտեղ կան նաև այլ խաղացողներ, որոնց վրա պետք է կենտրոնանանք։ Մենք պետք է ագրեսիվ լինենք և փորձենք ինչպես նրանց չեզոքացնել, այնպես էլ ստեղծել պահեր մեր օգտին։
Սա շատ յուրահատուկ խաղ է մեզ համար։ Մենք հարգում ենք Բարսելոնային և գիտենք, որ հաղթելու համար պետք է խաղանք մեր առավելագույն մակարդակով»,– ընդգծել է նա։
Վերջում Հայենը հիշեցրել է իրենց նախորդ՝ ծանր պարտությամբ ավարտված հանդիպումը Մյունխենում՝ Բավարիայի դեմ.
«Երբ խաղացինք Մյունխենում, լավ մարզավիճակում չէինք։ Այդ խաղը մեզ համար իրական նախազգուշացում էր։ Այս անգամ մի քանի փոփոխություններ կլինեն, բայց մենք պետք է լինենք մենք՝ կենտրոնացած և հավասարակշռված։ Մեր երկրպագուները մեզ հետ են լինելու, և կարծում եմ՝ սպասվում է հրաշալի հանդիպում»։
Աղբյուր՝ AS
