Ռաֆինյան պայթեցրել է համացանցը
2025 թ. FIFPRO-ի խորհրդանշական հավաքականի հրապարակումը դժգոհություն է առաջացրել Բարսելոնայում․ երկրպագուները տարակուսանքով են ընդունել Ռաֆինյայի բացակայությունը ցուցակից։
Բրազիլացի կիսապաշտպանը, որը 2024/25 մրցաշրջանում անցկացրեց իր կարիերայի ամենաարդյունավետ տարին, չի ընդգրկվել աստղերով համալրված ցուցակում։
Նրա բացակայությունը դժվար է բացատրել՝ հաշվի առնելով իր բացառիկ դերը Բարսելոնայի եռակի հաղթանակով ավարտված մրցաշրջանում։ 28-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանն ավարտեց 34 գոլով և 22 գոլային փոխանցմամբ։ Չնայած Ոսկե գնդակի քվեարկությունում հինգերորդ տեղը զբաղեցնելուն և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուն զգալիորեն նպաստելուն՝ նրա անունը չհայտնվեց վերջնական ցուցակում։
Ռաֆինյայի արձագանքը
Ակնհայտորեն հիասթափված Ռաֆինյան իր վերաբերմունքն արտահայտեց սոցիալական ցանցերում՝ առանց բառերի, բայց շատ խոսուն ձևով։
Այս առավոտ նա հրապարակեց 17 Ինստագրամյան սթորի, որոնցում ներկայացրել էր անցած մրցաշրջանի իր ձեռքբերումները՝ թիմային գավաթներից մինչև անհատական հաջողություններ և գոլային դրվագներ։ Շատ հրապարակումներում նա ավելացրել էր երեք ծիծաղող էմոջի՝ ակնարկելով ընտրության անարդարությունը։

FIFPRO-ի խորհրդանշական հավաքականում կիսապաշտպանական գիծը կազմել են Պեդրին, Վիտինյան, Քոուլ Փալմերը և Ջուդ Բելինգհեմը, իսկ հարձակման գծում ընդգրկվել են Կիլիան Մբապեն, Լամին Յամալը և Ուսման Դեմբելեն։
