ad-banner-1

Լևանդովսկին խոսել է կարիերայի, հաղթանակների և թիմակիցների մասին

Անցած մրցաշրջանում Բարսելոնան հարձակման գծում ուներ ֆուտբոլի ամենավտանգավոր եռյակներից մեկը։ Ռաֆինյան և Լամին Յամալը հաճախ էին հայտնվում շապիկների առաջին էջերին, և նրանց զույգին համալրողը Ռոբերտ Լևանդովսկին էր։ 36-ամյա լեհ հարձակվողը պատրաստվում է նոր մրցաշրջանին, և պարզ է, որ նրա արդյունավետությունը կրկին կարևոր կլինի թիմի հաջողության համար։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Նախամրցաշրջանի խաղերը ցույց տվեցին, որ Լևանդովսկին դեռ գոլերի մեծ պաշար ունի, իսկ թիմի խաղաոճին հարմարվելը՝ անթերի է ստացվում նրա մոտ։ Այս մրցաշրջանում ևս նրա մտքում կլինի Պիչիչի մրցանակի նվաճումը։

Լևանդովսկու խոսքը

Վերջերս մամուլին տված հարցազրույցում լեհ հարձակվողը խոսել է իր կարիերայի, հաղթանակների ու դժվարությունների, ինչպես նաև Ոսկե գնդակի մասին։

Նախ նրան հարցրել են՝ արդյոք ափսոսում է, որ երկար և փառահեղ կարիերայում երբեք չի խաղացել Պրեմիեր լիգայում։

«Միգուցե հազվագյուտ բան է, բայց կարող եմ ասել՝ դա այն քիչ դեպքերից է, որ չեմ ափսոսում։ Երբ հետ եմ նայում Բավարիայի, Դորտմունդի և այժմ Բարսելոնայի հետ իմ կարիերային, պիտի ասեմ՝ շատ ուրախ եմ ունեցածով»։

Լևանդովսկին հավելել է, որ Անգլիայում չխաղալը ոչինչ չի խլել իր կարիերայից․

«Ես չեմ զգում, որ ինչ-որ բան եմ բաց թողել, որովհետև յուրաքանչյուր քայլ կամ որոշում ես եմ ընդունել»։

Նրա տարիքին առնչվող հարցին հարձակվողը պատասխանել է.

«Երբ տեսնում եմ, որ ես ստիպված չեմ լինում հետապնդել երիտասարդներին, այլ նրանք են փորձում ինձ հասնել, հասկանում եմ՝ առաջիկա մրցաշրջանը նույնպես կարող է շատ լավ լինել»։

Երիտասարդների մասին

Լևանդովսկին նաև խոսել է այն մասին, թե ինչպես է սովորել համագործակցել իր տարիքից երկու անգամ փոքր խաղացողների հետ։

«Ես հասկացել եմ, որ նրանց հետ չեմ կարող մրցել, բայց կարող եմ օգնել, և նրանք էլ կարող են օգնել ինձ։ Ես շատ բան եմ սովորում նրանցից»։

Հատկապես տպավորիչ է եղել Լամին Յամալի հետ առաջին մարզման հիշողությունը․

«Սա առաջին դեպքն էր կյանքումս, երբ ընդամենը 50 րոպեում հասկացա, որ նա հատուկ ինչ-որ բան ունի։ Չէի կարող հավատալ, որովհետև այս տարիքում նման խաղացող երբեք չէի տեսել։ Կարծում էի՝ դա անհնար է 15 տարեկանում»։

Ոսկե գնդակի մրցավազքի մասին

Լևանդովսկին նշել է, որ այս մրցանակը կարող են նվաճել շատ խաղացողներ, այդ թվում՝ Բարսելոնայից։

«Լամին Յամալի մրցաշրջանը հիասքանչ էր։ Նա ժամանակ ունի․ եթե ոչ այս տարի, ապա գուցե հաջորդ տարի։ Ռաֆինյան նույնպես մեծ մրցաշրջան ունեցավ։ Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարող են լինել այդ մրցանակի հիմնական հավակնորդների թվում»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել