ad-banner-1

Բարսելոնայի նորեկ. «Սա աննկարագրելի է…»

Մալյորկայի դեմ 3:0 հաշվով հաղթանակը հեշտ տրվեց Բարսելոնային, և հանդիպման ընթացքում առանձնապես արտասովոր բան չկար։ Սակայն այդ օրը յուրահատուկ էր Բարսելոնայի սան Թոմի Մարկեսի համար, ով 19 տարեկանում նորամուտը նշեց առաջին թիմում՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 84-րդ րոպեին։

Թոմիի ժպիտը դեռ չէր անհետացել, երբ նա հարցազրույց էր տալիս Mundo Deportivo-ին՝ նշելով. «Սա աննկարագրելի է։ Այն, ինչ ես զգում եմ, անհավանական է։ Այս մասին խոսում էի թիմակիցներիս հետ, սա իսկապես տպավորիչ է։ Սա երազանքի իրականացում է»։

Մարկեսը կիսվել է նաև իր տպավորություններով այն պահի մասին, երբ երրորդ գոլից անմիջապես հետո Ֆլիկը նրան խաղադաշտ դուրս բերեց. «Դժվար է մտնել խաղադաշտ, երբ թիմին անհրաժեշտ է պահել հարմարավետ առավելությունը։ Երբ խփեցինք երրորդ գոլը, Ֆլիկը կանչեց ինձ, և ես նույնիսկ ժամանակ չունեի մտածելու, որ իմ օրը եկել է»։

«Թող նա վայելի պահը, ապրի ներկայով և անի այն, ինչ պետք է անի», — այսպես է Ֆլիկը խորհուրդ տվել Լա Մասիայի սանին։

Թոմին խոսել է նաև Կամպ Նոուում խաղալու մասին. «Դա անհավանական է, որովհետև դու մանկուց տեսել ես այդ մարզադաշտը, խաղերի ես գնացել… Սա մեծ ցնցում է, տպավորիչ զգացում։ Ես անցել եմ բազմաթիվ փուլերով՝ այստեղ հասնելու համար, և շատ հպարտ եմ դրանով»։

«Պետք է լինես հավակնոտ։ Ես պետք է շարունակեմ աշխատել։ Շատ շնորհակալ եմ ինձ տրված հնարավորության և այն բոլոր շաբաթների համար, որոնք անցկացրել եմ նրանց հետ։ Նրանց հետ անցկացրած ամեն օրը հիանալի է։ Բոլորը, ում հանդիպել եմ, շնորհավորել են ինձ։ Երազանք է՝ շնորհավորանք ստանալ քո կուռքերից»,- ավելացրել է Մարկեսը։

Նա նաև նշել է, որ ժամանակն է այս պահը նշել ընտանիքի հետ, սակայն առանց ավելորդությունների, քանի որ արդեն հաջորդ օրը Բարսա Աթլետիկը՝ Թոմի Մարկեսի հիմնական թիմը, հանդիպում է անցկացնելու Բարբաստրոյի դեմ։

Hovo

Հեղինակ՝ Hovo