ad-banner-1

Ռեշֆորդը՝ Բարսելոնայի խաղային համակարգին հարմարվելու մասին

Մարկուս Ռեշֆորդը երեկ Կոպենհագենի դեմ խաղում փոխարինման դուրս եկավ և մեծ ներդրում ունեցավ Բարսելոնայի հաղթանակում՝ խփելով թիմի վերջին գոլը հիանալի տուգանային հարվածից։

Շվեդական թիմի դեմ խփած գոլը ևս մեկ անգամ ընդգծեց Ռեշֆորդի տպավորիչ ցուցանիշները Չեմպիոնների լիգայում։ Առավել արժանի է ուշադրության այն փաստը, որ նա արդյունավետ է եղել խոշոր հանդիպումներում՝ թե՛ մեկնարկային կազմում, թե՛ փոխարինման դուրս գալով։

Խմբային փուլի ավարտին ֆուտբոլիստը եվրոպական մրցաշարում ունի հինգ գոլ և չորս գոլային փոխանցում՝ հանդիսանալով թիմի ամենաարդյունավետ խաղացողը ՉԼ-ում։

Ռեշֆորդը՝ խաղային համակարգի մասին

Խաղից հետո անգլիացի հարձակվողը լրագրողների հարցերին պատասխանելիս խոսեց Բարսելոնայի խաղաոճին հարմարվելու մասին՝ նշելով, որ սեղմ տարածքներում խաղն ու անդադար բարձր ճնշումը բոլորովին այլ ֆուտբոլ են՝ համեմատած իր նախկին փորձի հետ։

«Կարծում եմ՝ մեզնից՝ հարձակման գծում հանդես եկողներիցս, պահանջվում է հնարավորինս լավ փակել գնդակի շրջանառության գոտիները, որովհետև խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ մրցակիցը ժամանակ է ունենում գնդակով՝ մտածելու փոխանցման մասին և տեսնելու մեր պաշտպանների շարժումները», — ասաց նա։

Մանրամասնելով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ անգամ փոքր թուլացումը, Ռեշֆորդը հավելեց. «Եթե նրանց ժամանակ տանք, նրանք կարող են խախտել մեր պաշտպանական հավասարակշռությունը, և դա արդեն ֆուտբոլ է»։

Նա նաև ընդգծեց, որ թեև այս խաղաոճը ռիսկային է, թիմը պատրաստ է այն կիրառել.
«Բայց սա մեր խաղալու ոճն է. այն ինտենսիվություն է հաղորդում մեր խաղին, և կարծում եմ՝ երբ մենք այդ ինտենսիվությունը պահում ենք, մրցակիցների համար շատ դժվար է լինում»։

Խոսելով հարմարվելու գործընթացի մասին՝ եզրային հարձակվողը խոստովանեց, որ դա իր համար ուսուցողական փուլ է եղել. «Ժամանակ պահանջվեց դրան սովորելու համար. դու չես կարող մրցակցին հանգիստ թողնել գնդակով. պետք է մշտական ճնշում գործադրել, և դա տարբեր է այն ամենից, ինչ ես նախկինում անում էի, բայց սա մեր խաղաոճն է, և երբ այն աշխատում է, իսկապես հրաշալի է», — եզրափակեց Ռեշֆորդը։

Աղբյուր՝ SPORT։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։