ad-banner-1

Պոտենցիալ «9» համարը մերժել է Բարսելոնայի առաջարկը

Բարսելոնան վաղուց սկսել է ուսումնասիրել շուկան՝ գտնելու իր աստղային հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող ամառային տրանսֆերային պատուհանի համար։

Լեհաստանի հավաքականի 37-ամյա ավագի պայմանագրի ավարտին մնացել են հաշված ամիսներ, և ամենայն հավանականությամբ նա կհեռանա որպես ազատ գործակալ մրցաշրջանի վերջում։ Այդ պատճառով կապտանռնագույնները ակտիվացրել են փոխարինողի փնտրտուքները։ Թիրախների թվում են Խուլիան Ալվարեսը Ատլետիկո Մադրիդից և Դուշան Վլահովիչը Յուվենտուսից։

Մեկ այլ հնչեղ անուն, ով հայտնվել է Բարսելոնայի տեսադաշտում, Բավարիայի և Անգլիայի հավաքականի գոլային մեքենա Հարի Քեյնն է։ TouchlineX-ի էքսկլյուզիվ զեկույցի համաձայն՝ Բարսելոնան ոչ պաշտոնական կապ է հաստատել Քեյնի ներկայացուցիչների հետ՝ գնահատելու ամառային տրանսֆերի հնարավորությունը։ Սակայն 32-ամյա գերաստղի շրջապատը մերժել է Բարսելոնայի նախաձեռնությունը, քանի որ ֆուտբոլիստն արդեն բանակցություններ է վարում Բավարիայի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։

Քեյնի ներկայիս պայմանագիրը գերմանական ակումբի հետ գործում է մինչև 2027 թվականի ամառը և պարունակում է 65 միլիոն եվրոյի հրաժարագին, ինչը նրան գրավիչ թիրախ էր դարձնում Բարսելոնայի համար։ Այնուամենայնիվ, Տոտենհեմի նախկին ավագն իրեն երջանիկ է զգում Ալյանց Արենայում։

«Մենք բանակցություններ ենք վարում Հարիի հետ», _ հաստատել է Բավարիայի տնօրեն Մաքս Էբերլը։ Սպասվում է, որ նոր գործարքով Քեյնը ևս երկու տարով կմնա Մյունխենում, քանի որ նա հարմարվել է այնտեղ և չի դիտարկում հեռանալու տարբերակը։

Այսպիսով, ամռանը Քեյնին ձեռք բերելու Բարսելոնայի հնարավորությունները հավասարվում են զրոյի, ինչը ստիպում է կատալոնացիներին շուկայում այլընտրանքներ փնտրել։

Liana

Հեղինակ՝ Liana