Նոր «9» Բարսելոնայի համար․ Լապորտայի երազանքը և Դեկուի այլընտրանքը
Ռոբերտ Լևանդովսկու և Բարսելոնայի միջև գործող պայմանագրի ավարտին մնացել է վեց ամսից էլ քիչ ժամանակ, և, ըստ ամենայնի, 37-ամյա հարձակվողն ամռանը կհեռանա ակումբից։ Թեև ամբողջությամբ չի բացառվում, որ լեհ հարձակվողին կարող է առաջարկվել պայմանագրի երկարաձգում ևս մեկ տարով, սակայն ներկա դրությամբ ամեն ինչ մատնանշում է մրցաշրջանի վերջում նրա՝ որպես ազատ գործակալ հեռանալու փաստը։
Այս համատեքստում ESPN-ը հաղորդում է, որ Բարսելոնան ինտենսիվացրել է իր ջանքերը՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լևանդովսկու փոխարինող գտնելու նպատակով։ Զեկույցում նշվում է նաև, որ Լա Լիգայի չեմպիոնների համար երկու հիմնական թիրախներն են Ատլետիկո Մադրիդի հարձակվող Խուլիան Ալվարեսը և Յուվենտուսի ռմբարկու Դուշան Վլահովիչը։
Ալվարեսը վաղուց է բլաուգրանայի տեսադաշտում. ակումբը հետևել է նրան դեռ Ռիվեր Փլեյթում հանդես գալու տարիներից՝ նախքան նրա տեղափոխությունը Մանչեսթեր Սիթի, իսկ ավելի ուշ՝ Ատլետիկո Մադրիդ։ 25-ամյա աշխարհի չեմպիոնը համարվում է ակումբի նախագահ Ժոան Լապորտայի «երազանքի» թիրախը, թեև սպասվում է, որ գործարքի իրականացումը կուղեկցվի բազմաթիվ բարդություններով։
Նախևառաջ, Ատլետիկո Մադրիդը իր առաջատար հարձակվողի դիմաց կպահանջի 100 միլիոն եվրոյից զգալիորեն ավելի մեծ գումար։ Բացի այդ, Բարսելոնան, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի մրցակցել այլ ակումբների հետ, քանի որ արգենտինացի ֆուտբոլիստի երկրպագուների թվում է նաև Արսենալը։
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Դեկուն հետևում է նաև ավելի մատչելի տարբերակների, որտեղ ասպարեզ է մտնում Վլահովիչը։ Սերբ հարձակվողի պայմանագիրը Յուվենտուսի հետ ավարտվում է հունիսի 30-ին, ինչից հետո նա ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ։ Ինչպես Ալվարեսի, այնպես էլ Վլահովիչի դեպքում, Բարսելոնան արդեն մի քանի տարի է, ինչ հետաքրքրված է նրա ծառայություններով։ Ներկայումս աճուկի վնասվածքի պատճառով շարքից դուրս մնացած սերբ ֆուտբոլիստը մինչ այդ հասցրել էր դառնալ 6 գոլի հեղինակ այս մրցաշրջանում անցկացրած 17 խաղում։
Դեռևս հայտնի չէ, թե ի վերջո ում թեկնածության վրա կկանգնի Բարսելոնան, սակայն ակումբը վճռական է տրամադրված ամռանը նոր հարձակվող ձեռք բերելու և Լևանդովսկուն փոխարինելու հարցում։
