ad-banner-1

Ի՞նչ ռազմավարություն կորդեգրի Բարսելոնան Կլասիկոյում

Բարսելոնան վստահ քայլերով դուրս է եկել Իսպանիայի 2025/26 մրցաշրջանի Սուպերգավաթի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 5:0 հաշվով ջախջախելով Աթլետիկ Բիլբաոյին։ Եզրափակչում կապտանռագույնների մրցակիցը կլինի Ռեալ Մադրիդը, որը դժվարին պայքարում՝ 2:1 հաշվով, հաղթեց Ատլետիկոյին։

Սակայն մադրիդյան ակումբի հաղթանակը թանկ գին ունեցավ։ Ինչպես հայտնում է MARCA-ն, Ռեալի երեք ֆուտբոլիստները՝ Ռյուդիգերը, Ռոդրիգոն և Ասենսիոն, լուրջ կասկածների տակ են հայտնվել Կլասիկոյին մասնակցելու հարցում։

Ամենամեծ անհանգստությունը կապված է Ռյուդիգերի հետ։ Գերմանացի կենտրոնական պաշտպանը, որը խաղադաշտ էր դուրս եկել դեռևս ֆիզիկական վիճակի վերաբերյալ հարցականներով, խաղից հետո լքել է մարզադաշտը կաղալով։ Ակումբի ներսում նախնական գնահատականները հուսադրող չեն, և մեծ հավանականությամբ նա չի կարողանա մասնակցել եզրափակչին։

Ռոդրիգոն հանդիպումից հետո նկատվել է աջ ոտքը ծանր վիրակապված, իսկ Ասենսիոն ևս խնդիրներ է ունեցել, թեև փորձել է թեթևացնել իրավիճակը։ Երկուսն էլ դեռ սպասում են բժշկական հետազոտությունների արդյունքներին և համարվում են կասկածելի Կլասիկոյի համար։

Միակ դրական նորությունը սերուցքայինների համար Կիլիան Մբապեի հնարավոր վերադարձն է։ Ֆրանսիացի աստղը բաց է թողել կիսաեզրափակիչը վնասվածքի պատճառով, սակայն վերջին օրերին ակտիվ աշխատել է և արդեն այսօր միանալու է թիմին Սաուդյան Արաբիայում։ Եթե որևէ հետընթաց չլինի, Մբապեն կարող է հասանելի լինել եզրափակչին։

«Նա շատ ավելի լավ է, մարզվել է, զգացողությունները դրական են։ Խաղալու հնարավորությունները նույնն են, ինչ մյուսների մոտ», — նշել է Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։

Այնուամենայնիվ, Բարսելոնայի ճամբարում Մբապեի վերադարձը խուճապ չի առաջացրել։ SPORT-ի փոխանցմամբ՝ Հանսի Ֆլիկը մտադիր չէ փոխել իր տակտիկական ծրագիրը՝ անկախ նրանից, թե ֆրանսիացին կլինի մեկնարկային կազմում, թե ոչ։ Գերմանացի մասնագետը վստահ է, որ թիմային կառուցվածքն ու պատրաստվածությունն ավելի կարևոր են, քան անհատական անունները։

Կապտանռագույնների շրջանում աճում է վստահությունը, որ թիմը եզրափակչին մոտենում է ավելի լավ մարզավիճակում, քան մրցակիցը։ Սակայն Ֆլիկը հետևողականորեն աշխատում է, որպեսզի այդ վստահությունը չվերածվի ինքնագոհության։ Հանդերձարանում գլխավոր ուղերձը պարզ է՝ եզրափակիչը մեկ խաղ է, և Ռեալ Մադրիդը միշտ էլ ունի խաղը վճռելու ունակ ֆուտբոլիստներ։

Սպասվում է, որ Բարսելոնան կպահպանի նույն խաղային սխեման։ Միակ փոփոխությունը կարող է լինել Լամին Յամալի ընդգրկումը մեկնարկային կազմում՝ Ռունի Բարդաղջիի փոխարեն։ Պաշտպանությունում Ֆլիկը պատրաստվում է վստահել Էրիկ Գարսիա – Պաու Կուբարսի զույգին կենտրոնում, եզրերում՝ Ժյուլ Կունդե և Ալեխանդրո Բալդե։

Թեպետ կազմը մեծապես անփոփոխ կմնա, պատրաստությունը հատուկ ուշադրություն կդարձնի Մբապեի խաղային պրոֆիլին։ Ի տարբերություն դասական կենտրոնական հարձակվողների, ֆրանսիացին առավել վտանգավոր է ազատ տարածություններում և արագ անցումներում։ Սա նշանակում է, որ Բարսելոնան պետք է լինի առավել ճշգրիտ դիրքավորման մեջ, ագրեսիվ պրեսինգում և առավելագույնս ուշադիր՝ բարձր պաշտպանական գիծ պահելիս։

Եզրափակիչ Կլասիկոն խոստանում է լինել բարձր լարվածությամբ ու անկանխատեսելի։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։