«Ֆրենկի դե Յոնգն արժանի չէ իր աշխատավարձին», – Բարսելոնայի նախկին խաղացող
Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ և ակադեմիայի մարզիչ Օսկար Գարսիան «Que t’hi Jugues» հաղորդման ընթացքում հետաքրքիր գնահատական է տվել Ֆրենկի դե Յոնգի խաղին։
Գարսիան, ով Բարսելոնայի առաջին թիմում խաղացել է 1994-1999 թվականներին, նշել է, որ հոլանդացի կիսապաշտպանը «ավելի լավն է, քան շատերը կարծում են, բայց արժանի չէ այն գումարին, որը ստանում է»։
«Նա լավ ֆուտբոլիստ է, բայց այնպիսի կիսապաշտպան չէ, ինչպիսին մենք սովոր ենք տեսնել այդ դիրքում։ Ավելի լավ է, քան ասում են, և ավելի վատ, քան այն գումարը, որ վճարում են նրան։ Նա այնքան վճռական չէ, որ լինի ամենաբարձր վարձատրվողներից։ Սովորաբար ամենաբարձր աշխատավարձ ունեցողները հանդիպումների ելքը որոշողներն են»,– ասել է Գարսիան:
Ֆուտբոլային փորձագետի դիտարկումն ունի իր տրամաբանությունը, քանի որ դե Յոնգը Բարսելոնայում ամենաբարձր վարձատրվող խաղացողների շարքում է։ Այս հանգամանքն էր պատճառներից մեկը, որ ժամանակին Ժոան Լապորտան պատրաստ էր վաճառել նրան, երբ դե Յոնգի խաղը տպավորիչ չէր։
Այնուամենայնիվ, Հանսի Ֆլիկի գլխավորությամբ դե Յոնգը դարձել է թիմի ամենակայուն խաղացողներից մեկը։ Հենց այդ պատճառով էլ ակումբը ցանկանում է երկարաձգել նրա պայմանագիրը, որը ավարտվում է մրցաշրջանի վերջում։ Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, և հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյոք նոր պայմանագիրը կներառի աշխատավարձի կրճատում։
