Ֆլիկը որոշել է Բարսելոնայի երեք առաջնային տրանսֆերները հաջորդ մրցաշրջանի համար
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը փորձում է իր թիմից ստանալ առավելագույնը՝ հույս ունենալով կրկնել անցած մրցաշրջանի հաջողությունները, թեկուզ այս տարում կատալոնացիները դեռևս չեն հասել իրենց լավագույն մարզավիճակին։ Միևնույն ժամանակ գերմանացի մասնագետը արդեն մտածում է առաջիկա մրցաշրջանի կազմի ձևավորման մասին։
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Ֆլիկը՝ սպորտային տնօրեն Դեկոյի և ակումբի սպորտային կոմիտեի անդամների հետ միասին, համաձայնեցրել է երեք հիմնական դիրքերը, որոնք պարտադիր պետք է ուժեղացվեն մոտակա տարում․ կենտրոնական պաշտպան, եզրային և կենտրոնական հարձակվողներ։
Ձախ կենտրոնական պաշտպան – գլխավոր առաջնահերթություն
Բարսելոնայի բացարձակ առաջնահերթությունը ձախ ոտքով կենտրոնական պաշտպանի ձեռքբերումն է։ Ինյիգո Մարտինեսի՝ վերջին պահին հեռանալուց հետո թիմը մնացել է առանց բնական ձախակողմյան կենտրոնական պաշտպանի, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել խաղի վրա։
Դրա պատճառով ակումբը պատրաստ է հենց այս դիրքի նշանակումը հնարավոր արագությամբ փորձել իրականացնել արդեն հունվարին, թեև դա գնահատվում է որպես բավական բարդ տարբերակ։ Ամենայն հավանականությամբ, տեղափոխությունը կկատարվի ամռանը։
Ներկայումս Բարսելոնան հետևում է մի շարք թեկնածուների՝ Գոնսալո Ինասիո (Սպորտինգ), Մուրիլո (Նոթինգհեմ Ֆորեսթ), Նիկո Շլոտերբեկ (Դորտմունդ), Լուիզ Բենեդետտի (Պալմեյրաս) և Մարկ Գեհի (Քրիստալ Փելաս), ում պայմանագիրը ավարտվում է հունիսին։
Կենտրոնական հարձակվող
Քանի որ Ռոբերտ Լևանդովսկին հաջորդ տարի ավարտելու է իր պայմանագիրը և կդառնա 38 տարեկան, ակումբում միաձայն կարծիք կա, որ նրաի դիրքը ևս առաջնահերթ է։
Խիստ գնահատվում է Խուլիան Ալվարեսը, սակայն Ատլետիկո Մադրիդը չի պատրաստվում վաճառել նրան։ Այդ պատճառով ուժ է հավաքում Հարի Քեյնի տարբերակը, որի պայմանագրում արձանագրված է 65 միլիոն եվրո փոխհատուցման գումար։ Իսկ Էրլինգ Հալանդի տրանսֆերը ներկայումս գրեթե անիրականանալի է դիտարկվում։
Բազմաֆունկցիոնալ վինգեր
Ակումբը մտադիր է նաև ուժեղացնել թիմը ևս մեկ բազմաֆունկցիոնալ եզրային հարձակվողով։ Բարսելոնան ունի Մարկուս Ռեշֆորդին գնելու տարբերակ՝ 30 միլիոն եվրո գումարով, սակայն վերջնական որոշումը կկայացվի նրա մրցաշրջանային ելույթների գնահատումից հետո։
Մյուս հաճախ հիշատակվող անունը Ռաֆայել Լեաոն է (Միլան), իսկ ակումբը պետք է պատրաստ լինի այն հավանականությանը, որ Ռաֆինյան, ով արդեն 28 տարեկան է, գուցե որոշի հեռանալ ամռանը՝ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի ակումբների շարունակական հետաքրքրությունը։
