ad-banner-1

Ֆեռան Տոռեսը պատմություն է կերտում

Ֆեռան Տոռեսը շարունակում է գրել իր պատմությունը Բարսելոնայում՝ դառնալով ակումբի պատմության վերջին տարիների ամենաարդյունավետ հարձակվողներից մեկը։ Իսպանացի ֆուտբոլիստը հասել է կարևոր սահմանագծի՝ պաշտոնական մրցաշարերում բլաուգրանա մարզաշապիկով խփելով իր 50-րդ գոլը Էլչեի դեմ խաղում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Հանդիպումից հետո իսպանացին DAZN-ի հետ զրույցում անդրադարձել է իր՝ գոլի տոնմանը՝ հատուկ նշելով իր հայրենի քաղաքը․

«Սա առանձնահատուկ շաբաթ էր, և մենք չպետք է մոռանանք այն մարդկանց մասին, ովքեր տուժել են Վալենսիայում։ Այդ իսկ պատճառով ես ուզում էի նրանց հիշատակի տուրք և համերաշխության ուղերձ ուղարկել այս գոլի միջոցով»։

Ֆեռան Տոռեսը վերջերս հավասարեցրել էր Դավիդ Վիլյայի՝ լեգենդար հարձակվողի, խփած 48 գոլերի ցուցանիշը, իսկ այժմ արդեն նրան շրջանցել է՝ հասնելով տպավորիչ՝ 50 գոլի։ Այս նվաճումը թույլ է տալիս Տոռեսին մտնել Բարսելոնայի վերջին տասնամյակի ամենաարդյունավետ գոլահարների շարքը։ Էլչեի դեմ խաղը նաև նշանավորեց նրա 100-րդ մասնակցությունը Լա Լիգայում՝ որոնցից 36-ը նա անցկացրել է Վալենսիայի, իսկ 64-ը՝ Բարսելոնայի կազմում։

Տոռեսի առաջին գոլը Բարսելոնայի կազմում գրանցվել էր 2022 թվականի հունվարի 20-ին՝ Իսպանիայի Գավաթի խաղարկությունում՝ Բիլբաոյի Ատլետիկի դեմ Սան Մամես մարզադաշտում։ Գրեթե չորս տարի անց Վալենսիայից սերող իսպանացի հարձակվողը վաստակել է հանդերձարանի հարգանքը և երկրպագուների սերն՝ իր աշխատասիրությամբ, համեստությամբ և վճռականությամբ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։